Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր, երգիչ, լուսավորիչ

Մայիս 07,2004 00:00

Դատավոր, երգիչ, լուսավորիչ «Խիղճս մաքուր է, ինձ ոչինչ չի տանջում»,- հայտարարեց Կոտայքի մարզի Չարենցավանի առաջին ատյանի դատարանի դատավոր Արիս (Արիստակես) Սիսակյանը։ Մինչդեռ, հարգելի դատավորը մտահոգվելու բան, այնուամենայնիվ, ուներ։ Հերթական հանրահավաքից հետո նա երեկ վարչական տուգանքի (1000-ական դրամ) հերթական չորս որոշումներ կայացրեց։ Երեկ ահազանգ ստացանք, որ Չարենցավանում ձերբակալություններ են սկսվել։ Ձերբակալվածներն այդ պահին 4-ն էին։ Ակցիան ընդհատվել էր, երբ իրավապահները տեղեկացել էին, որ մի քանի ԶԼՄ-ների թղթակիցներ «դեպքի վայրում» են։ Այդ մասին մեզ հայտնեցին Սաշա Սարգսյանը եւ Դերենիկ Կակոյանը։ Վերջիններիս ոստիկանություն էին հրավիրել դատարանի մոտից, որտեղ նրանք սպասում էի իրենց չորս ընկերների ճակատագրի հստակեցմանը։ Ձերբակալվածներն էին Ֆանտան գյուղի բնակիչներ Յուրա Գեւորգյանը (ազատամարտիկ), Սիրեկան Գեւորգյանը (գյուղի ՀԺԿ կառույցի քարտուղար), Սերժիկ Մնացականյանը եւ Արզաքանի բնակիչ Ռուբիկ Մկրտչյանը (ՀԺԿ-ական)։ Ոստիկանության աշխատակիցներն այցելել են նրանց, ինչպես գրված է գործի նյութերում՝ «չարտոնագրված հանրահավաքին» մասնակցելու առիթով։ Ապա՝ բերման են ենթարկել զազրախոսելու եւ ոստիկանության պահանջներին չենթարկվելու համար։ Մինչդեռ, Յու. Գրիգորյանը դատարանում պատմում էր. «Առավոտյան 9-նն էր, եկան, մի բան էլ սուրճ եմ իրենց հյուրասիրել ու հետները գնացել։ Հարեւանները վկա էին՝ ես չեմ ձանձրախոսել (այդպես նա մեկնաբանեց «զազրախոսել» բառը.- Ն. Գ.)»։ Արձանագրություն էին կազմում, մի 20 անգամ գրեցին, ջնջեցին, հետո ասին՝ էս թուղթը ստորագրի։ Ես հրաժարվեցի։ Ասում են՝ մեր ձեռն ա, ընենց բան կանենք՝ 5 տարի կնստես։ 12 ժամ սոված-ծարավ պահել են, բնական պահանջների համար էլ դուրս չէին թողնում»։ Սիրեկան Գեւորգյանին էլ Հրազդանի ոստիկանները սպառնացել են՝ «տղայիդ բանակ կտանենք»։ Սերժիկ Մնացականյանը (մասնագիտությամբ իրավաբան եւ համակարգի նախկին աշխատող) հրաժարվել էր կազմած արձանագրությունը ստորագրել։ Նրան որեւէ կերպ չէին սպառնացել։ Որպեսզի հարգելի դատավորի օրինակով մեր խիղճն էլ մաքուր լինի՝ դատական պրոցեսի ընթացքից մի քանի դիտարկում։ Նախ՝ դահլիճում, որտեղ հանուն Հայաստանի Հանրապետության որոշումներ են կայացվում, չկար պետական դրոշը։ Դատավորը 20 րոպե նիստ անելուց հետո միայն մտաբերեց, որ պատմուճանը հագին չէ եւ անմիջապես սխալն ուղղեց։ Դատավորը լրագրողների հետ զրույցում իրեն այսպես ներկայացրեց. «Ես ապուշ չեմ, անկապ բաներ չեմ անում, իմ դատերը վերածվում են իրավաբանական դասընթացի, մարդիկ, որ մի անգամ գալիս են դատարան՝ ասում եմ թող մի բան սովորեն։ Լուսավորում եմ, բացատրում եմ…»։ Դատավոր Սիսակյանը նաեւ երգիչ է (ավարտել է կոնսերվատորիայի վոկալի բաժինը)։ Իսկ իրավաբանությունը՝ «էն ժամանակ մոդա էր իրավաբանական ավարտելը»։ Ափսոս, որ մոդային տուրք տալու արդյունքում հայկական մշակույթը կորուստ է ունեցել։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել