Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԹԻԿՈՒՆՔԸ ԿԱՅՈՒՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է»

Հունիս 25,2004 00:00

«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԹԻԿՈՒՆՔԸ ԿԱՅՈՒՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է» «Առավոտի» հարցազրույցը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի հետ: – Պարոն Աբրահամյան, քաղաքական տարին կարելի է համարել ավարտված: Ընդդիմադիր որոշ գործիչների բնորոշմամբ այս տարին ընդդիմության՝ բարոյական եւ իշխանությունների՝ Պյուրոսյան հաղթանակի տարի էր: Համաձա՞յն եք այդ գնահատականին: – Անկեղծ ասած, ավարտվող քաղաքական տարին ես չեմ դիտարկել որպես կողմերի միջեւ պատերազմի տարի, որ այսօր էլ դատողություններ անենք ինչ-որ մի կողմի բարոյական, մյուսի՝ Պյուրոսյան հաղթանակի կամ ժամանակավոր հրադադարի մասին: Կոնկրետ ինձ համար ի սկզբանե էլ պարզ էր, որ այն խնդիրները, որոնք իր առջեւ դրել էր արմատական ընդդիմությունը, ռեալ հենք չունեն, ուստի եւ՝ փորձելով լուծել անիրականանալի խնդիր՝ ընդդիմությունը ձախողվեց: Մի առիթով ես արդեն ասել եմ, որ պարզապես անլուրջ է, երբ քաղաքականությամբ զբաղվող կամ նման հավակնություններ ունեցող մարդկանց մի խումբ հավաքվում, իր համար որոշում է, որ ընտրությունների արդյունքները կեղծված են եւ ժողովրդին պահում է պերմանենտ լարվածության մեջ: Ի վերջո, ժամանակը հերթական անգամ ցույց տվեց, որ ժողովուրդը իմաստուն է եւ երբեք չի սխալվում: Ժողովուրդը տեսավ, թե իրականում ինչ արժեն ընդդիմության սին խոստումներն ու հոխորտանքները եւ օրեցօր նվազող հանրահավաքային ալիքը ժողովրդի պատասխանն էր ընդդիմությանը: Իհարկե, սեփական պարտությունը եւս ընդդիմությունը փորձում է բարդել իշխանությունների վրա՝ իր տապալումը արդարացնելով հանրահավաքների չարտոնումով եւ այլ պատճառներով: Սակայն գոնե վերջին հանրահավաքը եղել է թույլատրված եւ հենց այդ թույլատրված հանրահավաքն ամենասակավամարդն էր ընդդիմության հրավիրած բոլոր հանրահավաքներից: Ուստի, պետք չէ սեփական պարտությունների համար մեղավորներին այլ տեղերում փնտրել: Ընդդիմությունն իր ձախողումների պատճառն իր մեջ պետք է փնտրի, դրանցից հետեւություններ անի եւ իսկապես չփոշիանալու համար փորձի իր գործողությունները տեղափոխել առավել ռացիոնալ եւ կառուցողական դաշտ: Անցել են այն ժամանակները, երբ հնարավոր էր սին խոստումներով եւ ամբոխահաճո ելույթներով ժողովրդին պահել հանրահավաքներում: – Այդուհանդերձ, ընդդիմությունը միանշանակ թեժ աշուն է խոստանում: – Ընդդիմությունը նույնքան միանշանակ մեկ անգամ արդեն խոստացել եւ նույնիսկ սպառնացել է թեժ աշունով, խոստացել է թեժ ձմեռ, հետո թեժ գարուն, կարծես թե կիսվում է նաեւ ընդդիմության խոստացած թեժ ամառը: Ու հիմա նորից սպառնում են հերթական թեժ աշունով: Ըստ իս, ընդդիմությունը հայտնվել է շրջապտույտի մեջ, եւ հիմա առավելագույնը, որ կարողանում է անել՝ հերթական թեժ սեզոնով սպառնալն է: Մինչդեռ, ակնհայտ է, որ ընդդիմությունն իր հարթակային գործունեության ռեսուրսը սպառել է: Ուստի, իմ կարծիքով, միակ տրամաբանական քայլը, որ դեռ կարող է անել ընդդիմությունը՝ խորհրդարան վերադառնալն է: Այսօր ընդդիմությունը խոսում է անկատար ընտրական համակարգի մասին: Դրան ի պատասխան՝ կոալիցիան առաջարկեց օգտվել վետոյի իրավունքից եւ կոնսեսուսով ընդունել Ընտրական օրենսգիրքը: Ընդդիմությունը խոսում է անկատար Սահմանադրությունից եւ կոալիցիան առաջարկում է կոնսեսուսով ընդունել նաեւ սահմանադրական բարեփոխումների փաթեթը: Ցանկացած ռացիոնալ ընդդիմություն այս առաջարկներն իր համար լուրջ շանս կհամարեր՝ սեփական քաղաքական ապագան կառուցելու համար: Սակայն ընդդիմության ներկայիս առաջնորդները համառորեն մերժում են երկխոսության ցանկացած առաջարկ: Այդ դեպքում իշխանությանը մնում է մեկ բան՝ արձանագրել, որ այսօրվա ընդդիմության վարքագիծը ոչ այլ ինչ է, քան ընդամենը քաղաքական շանտաժ՝ «դուք գնացեք, մենք պիտի գանք» անլուրջ կարգախոսով: – Կոալիցիայի որոշ ներկայացուցիչներ անթաքույց ակնարկում են, որ խորհրդարանի աշնանային նստաշրջանում հնարավոր է «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների պատգամավորները, անհարգելի բացակայությունների պատճառով, զրկվեն պատգամավորական մանդատներից: – Նման քննարկումներ կոալիցիայում չեն եղել: Սակայն բնական է, որ համաձայն ԱԺ կանոնակարգի, սեպտեմբերին այդ խնդիրը պետք է խորհրդարանում բարձրանա: Այս կիսաբոյկոտը, հատկապես, երբ ընդդիմությունը չի խորշում օգտվել խորհրդարանական աշխատանքի իրեն ձեռնտու հատվածներից՝ լինեն դրանք գործուղումները կամ հայտարարությունների ժամը, ոչ այլ ինչ է, քան երկակի ստանդարտի կիրառում: Նույն ընդդիմությունն անընդհատ խոսում է, որ մեր երկրում օրենքները չեն հարգվում: Մի օրենք էլ ԱԺ կանոնակարգն է, որը սահմանում է, թե նստաշրջանի քվեարկությունների կեսից ավելիից անհարգելի բացակայած պատգամավորը զրկվում է պատգամավորական մանդատից: Եթե ընդդիմությունն իսկապես կողմ է օրենքները հարգելուն, ապա իր դեպքում եւս չպետք է փորձի շրջանցել օրենքը։ – Հոկտեմբերին, ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, քննարկվելու է ապրիլյան բանաձեւի կատարման ընթացքն ու մեր պատվիրակության լիազորությունների հարցը: Ձեր կարծիքով, հնարավո՞ր է մեր պատվիրակությունը զրկվի ԵԽԽՎ մանդատներից: – Ես վստահ եմ, որ որեւէ պատժամիջոց եվրոպական այդ կառույցը Հայաստանի հանդեպ չի կիրառի: Մենք հստակ ժամանակացույցով կատարում ենք ԵԽ-ի առաջ ստանձնած մեր պարտավորությունները: Ինչ վերաբերում է երկրի ներքաղաքական իրավիճակին, որի դրական հանգուցալուծումը եւս մտնում է ԵԽ-ի շահերի մեջ, ապա իշխող կոալիցիան բազմիցս, նաեւ՝ այսօր, ընդդիմությանը կոչ է անում կոնստրուկտիվ երկխոսության: ԵԽԽՎ-ում Ռոբերտ Քոչարյանի ելույթը հստակ տվել է բոլոր այն հարցերի պատասխանը, որոնց վերաբերյալ ԵԽ-ում կար որոշակի անհանգստություն: Այսօր բոլորի, այդ թվում նաեւ՝ եվրոպական շահագրգիռ կառույցների համար այլեւս հստակ է, թե ո՞վ է իրականում խուսափում երկխոսությունից եւ ո՞ւմ է ձեռնտու երկրում հրահրել պերմանենտ ներքաղաքական լարվածություն: Մի բան հաստատ է՝ իշխանություններին դա ձեռնտու չէ: Իշխանություններին պետք է կայուն, միջազգային բարձր վարկանիշ ունեցող Հայաստան, քանզի միայն այդպիսի Հայաստանը կարող է Եվրոպայի հետ խոսել հավասարի իրավունքով: Ես չեմ ասում, որ մենք այսօր լիարժեք ունենք այդ իրավունքը: Բայց նաեւ ակնհայտ է, որ անում ենք հնարավոր ամեն բան՝ այդ իրավունքը վաստակելու համար: Ի վերջո, իշխանության ամենահուսալի թիկունքը կայուն պետությունն է: -Պարոն Աբրահամյան, շատ է խոսվում քաղաքական ստվերային գործընթացների վրա ձեր ունեցած մեծ ազդեցության մասին: – Ես ընդամենն իմ աշխատանքն եմ անում: Ու եթե ոմանք համարում են, որ այդ աշխատանքը մեծ ազդեցություն է թողնում ներքաղաքական պրոցեսների վրա, նրանց իրավունքն է այդպես մտածելը: Ի վերջո, նաեւ տրամաբանական է, որ իմ՝ որպես որոշակի ոլորտներ համակարգող նախարարի, գործունեությունը պետք է իր որոշակի ազդեցությունն ունենա որոշակի պրոցեսների վրա: Այլ հարց է, որ ես համաձայն չեմ «ստվերային» որակման հետ: Իմ գործունեությունը բաց է եւ հրապարակային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել