Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելույթը դրական տպավորություն թողեց»

Հունիս 25,2004 00:00

«Ելույթը դրական տպավորություն թողեց» Ասում է Տիգրան Թորոսյանը ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը հեռախոսային զրույցում մեզ փոխանցեց հետեւյալը. «Ռոբերտ Քոչարյանի ելույթը խորհրդարանական վեհաժողովում փոքր-ինչ տարբերվում էր մի շարք այլ նախագահների ելույթներից, որոնք սովորաբար լինում են ընդհանուր։ ՀՀ նախագահը այստեղ ներկայացրեց Հայաստանի առջեւ ծառացած բոլոր խնդիրները, հստակ պատասխաններ տվեց ե՛ւ իրավիճակի հետ կապված, ե՛ւ հետագա զարգացումների։ Այդ զեկույցը բոլոր պատվիրակությունների վրա դրական տպավորություն թողեց, թերեւս, բացառությամբ Ադրբեջանի պատվիրակության։ Մարդիկ ընդգծում էին, որ հստակ պատասխանները շատ ավելի օգտակար էին»։ Տիգրան Թորոսյանի ներկայացմամբ թուրք որոշ պատգամավորների համար անակնկալ էր ՀՀ նախագահի կողմից նշված այն հանգամանքը, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ սկսել հարաբերություններ եւ զարգացնել դրանք առանց որեւէ նախապայմանի. «Կարծում եմ, թուրք պատգամավորների պահվածքը ցույց է տալիս, որ իրենք հարգանքով են վերաբերվում ե՛ւ կարծիքին, ե՛ւ հանրապետության նախագահին»։ Երեւանում կարծես թե դրական արձագանք է ստացել Ռոբերտ Քոչարյանի ելույթի ղարաբաղյան մասը։ Իսկ խոսքի ազատության եւ «Ա1+»-ի մասին Ռոբերտ Քոչարյանի ասածները վատ են ընդունվել։ Տիգրան Թորոսյանն այս գնահատականների մասին հետեւյալ արձագանքն ուներ. «Ես կարծում եմ, մեծ մոլորություն կա Հայաստանում, երբ որոշ մարդիկ փորձում են Ղարաբաղի հարցը առանձնացնել երկրի մնացած հարցերից եւ մի մեծ շնորհ անել, թե պաշտպանում են իշխանությունների տեսակետը կամ գործողությունները Ղարաբաղի հարցի հետ կապված, մասնավորապես նախագահի արտահայտած կարծիքը Ստրասբուրգում»։ Արտաշես Գեղամյանը Ստրասբուրգից փոխանցել էր, թե ինքն ու Շավարշ Քոչարյանը միտումնավոր ակտիվություն չդրսեւորեցին, գիտակցելով, որ քննարկումների առանցքը լինելու է ԼՂ հարցը. «Մեր ակտիվությունը կթուլացներ Քոչարյանի պատասխանները՝ կապված ԼՂ հարցի հետ»։ Տիգրան Թորոսյանը իր հերթին նկատեց. «Ես համոզված եմ, որ պրն Գեղամյանը խիստ չափազանցում է իր դերակատարությունը ԵԽ ԽՎ-ում։ Ի վերջո, կան փաստեր, կան հանգամանքներ։ Կարեւորը այլ բան է՝ չի կարող երկիրը մի կողմից՝ հարվածներ ստանալ եւ մյուս կողմից՝ հնարավոր չէ պաշտպանել Ղարաբաղի խնդիրը։ Սա լավագույն դեպքում մոլորություն է, որովհետեւ երկիրը կարող է Ղարաբաղի խնդիրը պաշտպանել այնքան ավելի լավ, ինչքան ավելի կայուն է, ինչքան ավելի ամուր է»։ Տիգրան Թորոսյանը համոզված է, որ ճիշտը Ստրասբուրգում միասնական հանդես գալն է։ Ըստ Տիգրան Թորոսյանի, այն, ինչ կատարվում է Ստրասբուրգում, վերաբերում է Հայաստանին. «Մենք պիտի իմանանք, որ անգամ եթե որոշ հարցեր ուղղակիորեն Հայաստանին չեն վերաբերում, ապա անուղղակիորեն վերաբերում են»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել