Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթեց իր փաստաբանին

Հուլիս 14,2004 00:00

Հաղթեց իր փաստաբանին Երեկ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում, Դանիել Խաչատրյանի նախագահությամբ, դատավորներ Նոյեմ Հովսեփյանի եւ Աստղիկ Խառատյանի մասնակցությամբ, վերսկսվեց գյումրեցի Հենրիկ Մալխասյանի հայցի քննությունը։ Մարտական ծառայության ընթացքում զորամասում սպանված Կարեն Մալխասյանի հայրը՝ Հ. Մալխասյանը պահանջում էր իր շահերի ներկայացուցիչ, Փաստաբանների միջազգային միության անդամ Աշոտ Աթոյանից իրեն հասցրած 1.159.500 դրամի փոխհատուցում։ Հ. Մալխասյանը դատարանին հայտնեց, որ իր որդու սպանության գործի հետ կապված, պայմանագիր է կնքել վերոնշյալ փաստաբանի հետ, սակայն վերջինս 56 դատական նիստերից մասնակցել է միայն 11-ին։ Ավելին, ներկայանալով նաեւ մարդու իրավունքների պաշտպան, վիրավորել է Հ. Մալխասյանի պատիվն ու բարի համբավը։ Սպանված զինվորի հայրը դատարանին հայտարարեց, որ փաստաբանը Գյումրիի ԶԼՄ-ներով հայտնել է, թե իբր իրեն 2 մլն դրամ փոխհատուցում է տվել որդուն սպանած Մխիթար Մկրտչյանը։ Հ. Մալխասյանը պնդեց, որ ոչ պետությունից, ոչ էլ, առավել եւս մարդասպանից, ինքը որեւէ գումար չի ստացել։ Իբրեւ պատասխանող դատարան էր ներկայացել Փաստաբանների միջազգային միության անդամ Ինեսա Պետրոսյանը։ Նա առարկեց հայցի դեմ եւ հայտարարեց, թե չկան ապացույցներ, որ «փաստաբանին վճարել է ինչ-որ գումարներ»։ Ի. Պետրոսյանը նշեց նաեւ, որ զինվորի հայրը 58000 դրամ է տվել երկու տարի ընթացող դատաքննությունների ընթացքում։ Հ. Մալխասյանը առարկեց, դատարանին ներկայացնելով Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի արձանագրությունը, երբ Ա. Աթոյանը հայտարարել էր, թե ինքը ստացել է նաեւ 150 դոլար գումար։ «Հարի (մինչեւ-խմբ.) փողը չտայի, ինքը չէր գա»,- շարունակեց Հ. Մալխասյանը, տեղեկացնելով նաեւ, որ յուրաքանչյուր դատական նիստից առաջ ինքը 10000 դրամ գումար է տվել փաստաբանին։ Հայցվորը դատարանի ուշադրությունը հրավիրեց փաստաբանի դրսեւորած վարքագծի վրա եւ սկանդալային հայտարարություն արեց. «Էրեխիս գործը ծախեց հակառակորդին, ինձ թողեց մենակ»։ Դատաքննությունն ավարտվեց հօգուտ Հենրիկ Մալխասյանի 1159500 դրամ գումարն ամբողջությամբ վերադարձնելու վճռով։ Այս գործում ուշագրավը նաեւ այն է, որ սպանությունից հետո պետությունն իր ձեռքերը ընդհանրապես լվացել է եւ տուժողի ընտանիքին որեւէ հատուցում՝ ոչ բարոյական, ոչ նյութական, չի տվել։ Ավելին, 280 դոլարին համարժեք գումարի մուրհակ է տվել Մալխասյանների ընտանիքին, իսկ մուրհակով նախատեսված գումարը Մալխասյանները պետք է ստանան 2005թ. հոկտեմբերին։ «Մուրհակն ի՞նչ էնեմ, մուրհա՞կն ուտեմ»,- երեկ հարցնում էր սպանված զինվորի հայր Հ. Մալխասյանը։ Ի դեպ, փաստաբան Աշոտ Աթոյանի հարցով մենք դիմեցինք նաեւ Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանին, որը մեզ տեղեկացրեց, որ առաջիկայում կքննարկվի նրա վարքագծի հարցը։ «Առավոտը» ուշադրություն էր հրավիրել, որ Ա. Աթոյանը հանդես է գալիս ինչպես Փաստաբանների միջազգային միության Գյումրու մասնաճյուղի ղեկավար, այնպես էլ՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային միության նախագահ, այսինքն միաժամանակ իրականացնում է վճարովի եւ անվճար ծառայություններ։ Հինգ օրվա ընթացքում եթե Ա. Աթոյանը չբողոքարկի ՀՀ վճռաբեկ դատարան, ապա վճիռը ուժի մեջ կմտնի։ «Առավոտի» տեղեկություններով, Ա. Աթոյանի գործով կան եւս 6 «տուժողներ»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել