Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄԵՆԱՄԵԾ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիս 22,2004 00:00

«ԱՄԵՆԱՄԵԾ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԻՆ» Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը: – Պարոն դեսպան, ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ հաջողությունը Հայաստանում աշխատելու ընթացքում, եւ ընդհակառակը, ո՞րն էր ամենամեծ հիասթափությունը: – Կարծում եմ, կարող ենք թվարկել մի շարք ոլորտներ, որոնցում մեզ հաջողվել է գրանցել հարաբերությունների շոշափելի բարելավում: Զգալիորեն բարելավվել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան հանձնաժողովի աշխատանքը: ԱՄՆ Գյուղատնտեսական դեպարտամենտի մարքեթինգի աջակցության ծրագիրը մեծ հաջողությունների է հասել Հայաստանի գյուղական շրջաններում: Վերջին 2-3 տարիներին նշանակալի առաջընթաց է արձանագրվել հայ-ամերիկյան ռազմական համագործակցության բնագավառում, զարգանում են կապերն անվտանգության եւ իրավապահ ոլորտներում: Խոսքը գնում է իրական համագործակցության մասին. սրանք պարզապես խոսքեր չեն, այլ արդյունքներ, որոնք արձանագրվում են բոլոր հիշատակված բնագավառներում: Կարծում եմ՝ ամենամեծ հիասթափությունը Հայաստանում նախորդ տարի կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն էին: Դրանք ամենեւին չարդարացրին մեր եւ, կարծում եմ, Հայաստանի ժողովրդի մեծ մասի սպասելիքները: Ընդհանուր առմամբ՝ զարգացումները քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ-ների ոլորտում ընթանում են ավելի դանդաղ, քան մենք կուզենայինք տեսնել: Մարդիկ այս երկրում ցանկանում են ազդեցություն ունենալ հասարակության եւ իրենց ապրելակերպի վրա: Սակայն նրանք վստահության պակաս ունեն ներկա քաղաքական համակարգի եւ այն քաղաքական պայմանների նկատմամբ, որոնք իրենց առաջարկվում են: Կարծում եմ, որ իշխանությունների եւ ընդդիմության ներկայացուցիչները եւ ինքը՝ հասարակությունը, պետք է անհամեմատ ավելի շատ ջանքեր գործադրեն, որպեսզի ավելի մեծ տարածություն ապահովեն լուրջ հասարակական երկխոսության համար: Սա է այն պատճառներից մեկը, որից ելնելով՝ մենք ընդդիմությանը վճռականորեն կոչ ենք անում վերադառնալ խորհրդարան, քանզի գտնում ենք, որ դա հնարավորություն կստեղծի աշխատանքի համար. դուք կարող եք համատեղ աշխատել՝ երկրի առջեւ դրված նպատակներին հասնելու համար նույնիսկ այն դեպքում, երբ տարաձայնություններ ունեք: – Միացյալ Նահանգներն ակտիվ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացներում: Ձեր ժամանակի ո՞ր մասն էիք դուք հատկացնում այդ երկու խնդիրներին: – Ես ավելի շատ ուշադրություն եմ հատկացրել Լեռնային Ղարաբաղի խնդրին, քանի որ հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, մենք շատ ակտիվ աշխատում էինք Հայաստանի հետ այս հարցի շուրջ, միջնորդները հաճախ այցելում էին Երեւան: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման խնդրին, ապա բանն այն է, որ մեզ պետք չէ աշխատել Հայաստանի հետ՝ վերջինիս դիրքորոշումները փոխելու համար: Մենք փորձում ենք աշխատել Թուրքիայի հետ, որպեսզի նա ավելի շատ քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: Հայաստանը պատրաստ է բարելավել հարաբերությունները եւ բացել սահմանն առանց նախապայմանների. դրանց մեծ մասն առաջադրվում է Թուրքիայի կողմից: – Մինչեւ Հայաստան գալը պատկերացում ունեի՞ք Լեռնային Ղարաբաղի խնդրի բարդության մասին: – Ես հետեւում էի Լեռնային Ղարաբաղի խնդրին դեռեւս Մոսկվայում աշխատելու տարիներին եւ որոշակի պատկերացում ունեի դրա մասին: Սակայն, բնականաբար, այստեղ՝ տեղում, ես ավելի լավ սկսեցի հասկանալ խնդրի բարդությունը: Ավելին, իմ այցերը Բաքու՝ թույլ տվեցին ինձ ավելի լավ զգալ երկու կառավարությունների դիրքորոշումների եւ խնդրի հասարակական ընկալման միջեւ առկա խոր տարբերությունը: Երբ պատրաստվում էի Հայաստան գալ, Քի Վեսթի բանակցությունները գտնվում էին նախապատրաստական փուլում: Այն ժամանակ որոշակի հույս կար, որ մեզ կհաջողվի կենսագործել այդ խաղաղ համաձայնագիրը: Կամ, ավելի ճիշտ, որ մեզ կհաջողվի ստանալ խաղաղ համաձայնագիր՝ դրա կենսագործումը սկսելու համար: Սակայն Հայաստան իմ ժամանելուց քիչ անց պարզ դարձավ, որ նման բան տեղի չի ունենա: Մենք հույս ունենք, որ միջնորդների հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ, երկու երկրների արտաքին գործերի նախարարների կանոնավոր բանակցությունները թույլ կտան ի հայտ բերել որոշ մոտեցումներ, որոնք ճանապարհ կբացեն խաղաղ համաձայնագրի համար: Իհարկե, այսօր վաղ է խոսել այն մասին, թե արդյո՞ք դա հնարավոր կլինի, սակայն մենք ակտիվ աշխատում ենք եւ մտադիր ենք շարունակել նույն հունով: – Չնայած ԱՄՆ շարունակական ջանքերին, որոնք անընդհատ կոչ են անում իրենց թուրք գործընկերներին բացել սահմանը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, որեւէ առաջընթաց չի գրանցվում: Ձեզ չի՞ թվում, որ հայ-թուրքական հարաբերությունների իրական բարելավման համար Վաշինգթոնը պետք է նոր, միգուցե ավելի արմատական քայլեր ձեռնարկի: – Թուրքիայում նոր կառավարության ձեւավորումից հետո, որը երկար տարիների ընթացքում առաջին անգամ մեծամասնություն ունեցավ խորհրդարանում, մենք հույս ունեինք, որ մեզ կհաջողվի առաջընթացի հասնել որոշ հարցերում: Սակայն պարզվեց, որ իրավիճակը Թուրքիայում ավելի բարդ է, քան մենք ենթադրում էինք: Վերջին մեկ-երկու տարիները հեշտ չէին Թուրքիայի հետ մեր հարաբերությունների համար, սակայն Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման եւ սահմանի բացման հարցերը միշտ եղել են մեր օրակարգում: Ես դժվարանում եմ խոսել այն մասին, թե պատրաստվու՞մ ենք մենք արդյոք ավելի արմատական քայլեր ձեռնարկել, կամ այն մասին, թե արդյո՞ք նման քայլերը կարող են արդյունավետ լինել: Կարող եմ ասել միայն, որ բոլոր հարցերը Թուրքիայի հետ մենք քննարկում ենք բարեկամական մթնոլորտում՝ ինչպես վայել է դաշնակիցներին: Մենք պաշտպանում ենք մեր տեսակետը, եւ երբեմն մեզ հաջողվում է հասնել առաջընթացի, երբեմն՝ ոչ: ՄԵԴԻԱՄԱՔՍ Հատուկ «Առավոտի» համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել