Լրահոս
Օրվա լրահոսը

Բարմենը սուրճ եփող եւ հյութ լցնող չէ

Օգոստոս 25,2004 00:00

Բարմենը սուրճ եփող եւ հյութ լցնող չէ Ըստ Բարմենների հայկական ասոցիացիայի նախագահ Արմեն Չիլինգարյանի, այսօր հրատապ է սպասարկման ոլորտը բարձրակարգ մասնագետներով համալրելու հարցը։ Սնկի պես աճած սրճարանները, բարերը, ռեստորանները եւ այլ նմանատիպ օբյեկտներ չունեն գրագետ բարմեններ, մատուցողներ, այդ «օբյեկտներ» չեն ներկրվում ժամանակակից սարքավորումներ։ 2002թ. հիմնադրված Բարմենների հայկական ասոցիացիան հարուստ չէ աջակցողներով։ Այս դեֆիցիտը Ա. Չիլինգարյանը բացատրում է Հայաստանը նոր զարգացող երկիր եւ, ինչքան էլ ցավալի է, բարմենին որպես սուրճ եփողի ու հյութ լցնողի դերում դիտելու հանգամանքով։ Ըստ ասոցիացիայի նախագահի, արտերկրից ժամանածն ավելի շատ բան գիտե ու հաճախ նա է թելադրում բարմենին այս կամ այն կոկտեյլի պատրաստման եղանակը. «Իսկ աշխարհում դեռ անցյալ դարից գոյություն ունի դասական կոկտեյլի 56 տեսակ»։ Տեղեկացանք, որ առայժմ Հայաստան չեն բերվում խմիչքներ (օրինակ, «Միդորի» ճապոնական, դեղձի բույրով ամերիկյան «Սաուզեն կոմֆորտ» լիկյորները եւ այլ տեսակներ), որոնք այնքան անհրաժեշտ են բավարարելու Հայաստան ժամանած հյուրերի պահանջները։ Տեղեկացանք նաեւ, որ բարմենի մասնագիտությունը ամբողջացնում են նաեւ այլ մասնագետներ, ինչպիսին է, օրինակ, բարիստան՝ մասնագետ, որը զբաղվում է միայն սուրճ ու թեյ պատրաստելով։ Բնականաբար, նա պետք է լինի ոգելից ըմպելիքների գիտակ։ Սոմելյե՝ գինու մասնագետ, որը պետք է առաջարկի այս կամ այն խմիչքը համապատասխան ուտեստի հետ. «Այլ ոչ թե խորովածի հետ վիսկի կամ կոնյակ մատուցվի ու նման անգրագետ բաներ»։ Ասոցիացիան արդեն սկսել է ծանոթացնել, ներկայացնել ֆլեյրինգ ուղղությունը. «Սա շատ դիտարժան է, իսկական շոու, ուր բարմենն իր աշխատանքը կատարում է ժանգլյորին բնորոշ շարժուձեւով»։ «Առավոտի» դիտարկմանը՝ «Միգուցե պետք է բացել դպրո՞ց», պարոն Չիլինգարյանն ասաց. «Ոչ թե պետք է, այլ անհրաժեշտ»։ Տեղեկացնելով, որ դպրոցում պետք է ուսուցանել տեսություն՝ խմիչքների տեսակների ու բաղադրության մասին, զուգահեռելով գործնական աշխատանքի հետ։ Էթիկա՝ վարվելաձեւ հաճախորդի հետ։ Հասկանալի պատճառով պետք է դասավանդել անգլերեն (խոսակցական), երաժշտություն եւ հաշվապահական գործ։ «Առավոտի»՝ «Ինչո՞վ է ձեզ աջակցում Բարմենների միջազգային ասոցիացիան» հարցին Ա. Չիլինգարյանը պատասխանեց. «Միջազգային ասոցիացիայի կազմում առայժմ ընդգրկված է 49 երկիր։ Մենք անդամ չենք։ Իսկ դառնալու համար առաջին պայմանն այն է, որ տվյալ երկրի ասոցիացիան նախ 3 տարի պետք է լինի դիտորդ՝ մասնակցելով աշխարհի տարբեր երկրներում անցկացվող միջոցառումներին, ունենա 50 հոգուց ոչ պակաս անդամ ու տվյալ երկրի տարածքում մեկ մասնաճյուղ, ինչի համար միանշանակ պետք է ունենալ աջակցություն, առաջին հերթին՝ պետական»։ Շարունակելով իր խոսքը, Ա. Չիլինգարյանը մանրամասնեց, որ հաջորդ տարի իրենք կընդունվեին միջազգային ասոցիացիա, եթե Հայաստանում հանդիպած չլինեին պետական բարձր ատյանների արհեստական խոչընդոտներին։ Մեր խնդրանքով նա տեղեկացրեց, որ անցյալ տարի Բարմենների միջազգային ասոցիացիայի կողմից Իսպանիայում անցկացվող միջոցառմանը մասնակցելու նպատակով հայկական ասոցիացիային տրամադրված երկու հրավերներից միայն մեկն է արժանացել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան «դաբրոյին»։ «Ստացվել էր երկու անվանական հրավեր՝ փոխնախագահի եւ իմ անունով։ Դեսպանատունը պահանջեց մեծ գումարային գրավ՝ երաշխիք այն բանի, որ մեկնողը կվերադառնա։ Ես հրաժարվեցի, իսկ փոխնախագահը՝ Տիգրան Ավետիսյանը, կատարելով դեսպանատան պահանջը, գնաց ու վերադարձավ»,- ասաց ասոցիացիայի նախագահը։ Ա. Չիլինգարյանը հայտնեց, որ իրենք սեպտեմբերին Երեւանում կանցկացնեն բարմենների հերթական մրցույթը, նոյեմբերին կմասնակցեն Ռուսաստանում անցկացվող բարմենների բաց առաջնությանը եւ եթե ՀՀ-ում ամերիկյան դեսպանատունը թույլատրի, ասոցիացիայի երկու ներկայացուցիչ կմեկնի Լաս Վեգաս։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել