Լրահոս
Օրվա լրահոսը

Աշնանային նստաշրջանն առանց «Արդարության»

Օգոստոս 28,2004 00:00

Աշնանային նստաշրջանն առանց «Արդարության» Հետարձակուրդային իր առաջին նիստում «Արդարության» քաղաքական խորհուրդը կայացրեց առայժմ ԱԺ չվերադառնալու որոշում: «Արդարության» մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը հայտնեց «Առավոտին», որ երեկվա նիստի քննարկման հիմնական նյութն է եղել դիրքորոշումը Սահմանադրության եւ «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների՝ շրջանառության մեջ դրված նախագծերի նկատմամբ: «Քննարկման արդյունքում տրվեց միանշանակ բացասական եզրակացություն,- ասաց տիկին Խաչատրյանը:- Եվ նշվեց, թե սահմանադրական ներկա փոփոխությունները շատ ավելի վատն են, քան այն նախագիծը, որ հանրաքվեի էր դրվել 2003-ին: Այս մի տարբերակը Հայաստանն ավելի է տանում դեպի բռնապետություն»: Որպես ասվածի ապացույց՝ մասնավորապես մատնանշվել է կառավարության ձեւավորման կարգը, որի շնորհիվ ՀՀ նախագահը եւս մի հնարավորություն է ստանալու լուծարել Ազգային ժողովը: Դաշինքը քննարկել է նաեւ խորհրդարան վերադարձի հարցը: Ըստ «Արդարության» խոսնակի, մանդատներից զրկել-չզրկելու հարցն արհեստական ու միտումնավոր է դրվել շրջանառության մեջ՝ շեղելու հասարակության ուշադրությունը: Նիստում անդրադառնալով բոյկոտի պատճառներին՝ վերահաստատվել է. «Որեւէ բան չի փոխվել, եւ ոչ մի նախադրյալ չկա, որ վերանայվի ժամանակին կայացված որոշումը: Ավելի՛ն՝ շեշտվեց, թե անօրինականություններն առավել լայնածավալ բնույթ են ստացել ու խորացել, ոտնահարվում են մարդկանց իրավունքները բոլո՛ր ոլորտներում: Սրա ապացույցը մասնավորապես այն անօրինականություններն են, որ կատարվում են Հյուսիսային պողոտայի բնակիչների կամ Դալմայի այգիների հետ: Դաշինքը շարունակելու է զբաղվել այս քաղաքացիների խնդրով եւ պահանջել, որ նրանցից յուրաքանչյուրի հարցը կարգավորվի օրինական ճանապարհով»: «Արդարության» կուսակցությունները նաեւ պայմանավորվել են հաջորդ՝ սեպտեմբերի 2-ի նիստում առավել հանգամանալից քննարկել հետագա գործողությունների մարտավարությունը: Ըստ Ռուզան Խաչատրյանի՝ «Դաշինքի յուրաքանչյուր կուսակցություն պետք է ունենա սեփական ղեկավար մարմնի որոշումը եւ կուսակցականների համաձայնությունն ու առաջարկները հետագա քայլերի վերաբերյալ, որոնք ի մի կբերվեն հաջորդ նիստում»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031