Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿԻՆ ԿՍՏՈՒԳԵՆ

Օգոստոս 28,2004 00:00

ԿՐԿԻՆ ԿՍՏՈՒԳԵՆ «Առավոտն» արդեն քանիցս անդրադարձել է, թե ինչպես է Արաբկիր համայնքի թաղապետարանի դիմացի այգու մի հատվածն ավերվել՝ սննդի կամ առեւտրի օբյեկտ կառուցելու նպատակով: Կառուցապատման համար երկու տարի առաջ այդտեղ հատվեց 20-30 տարեկան մոտ 15 ծառ: Այդ առիթով բարձրացված հասարակական աղմուկին զուգահեռ, ընդամենը ժամանակ առ ժամանակ շինարարությունն էր դադարեցվում, իսկ հատված յուրաքանչյուր մեկ ծառի փոխարեն այդպես էլ մի քանիսը չտնկվեցին, ինչպես մի առիթով ՀՀ նախագահն է պահանջել: Մոտ 20 օր առաջ Արաբկիրի այգու հարակից շենքերի բնակիչները խմբագրությանը հավաստիացրին, որ շինարարությունը նախագծային խախտումներով շարունակվում է եւ նոր ծառեր են պատրաստվում զոհաբերել: Երեկ շինարարության վայրում մեր գտնվելու պահին աշխատանքներ չէին ընթանում: Երբ արաբկիրցիների մտահոգությունները փոխանցեցինք Արաբկիրի թաղապետարանի Ապօրինի շինարարությունների բաժնի ղեկավար Էդիկ Փանոսյանին, վերջինս հավաստիացրեց, որ կառույցը «ամեն ինչ ունի (որոշում եւ շինթույլտվություն) եւ չափերի մեջ է», դեռ մի բան էլ ավելի. «նախագծով կառույցը նախատեսված է երկհարկանի, ինչը մենք արգելել ենք եւ քանդել: Իսկ հատված ծառերի համար կառուցապատողը 250 հազար դրամով տուգանվել է»: Այնուամենայնիվ, պարոն Փանոսյանը խոստացավ կրկին «չափերը ստուգել»: Կստուգեն. այս անգամ եւս կամ «օբյեկտը չափերի մեջ» կլինի, եւ բնակիչների աչքաչափը սխալ դուրս կգա, կամ էլ կառուցապատողին կարգի կհրավիրեն եւ հերթական հատված ծառի համար մի 250 հազար դրամով կտուգանեն եւ էլի չեն տնկվի նորերը: Այսպիսով ցանկացած օբյեկտի համար տեղ է «մաքրազարդվելու», ասենք, մի $2000-ով: Այս կառույցի պատմության մեջ միայն անհասկանալի մնաց երկրորդ հարկի կառուցման արգելքը. միեւնույն է, տարածքը զբաղեցված է, ծառերը հատված են, նոր հարկը ոչ մեկի լույսը չէր փակելու: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել