ԻԻՀ նախագահը՝ խորհրդարանում
«Մենք՝ միաստվածություն դավանող կրոնների հավատացյալներս, Սուրբ Հոգու շնորհքի օգնությամբ կարող ենք բարոյականության եւ հոգեւոր արժեքների ուղղությամբ անհրաժեշտ ջանք չգործադրող աշխարհում ժողովրդավարությունը ներկայացնել ավելի նուրբ եւ մարդկային բնույթով»,- ԱԺ-ում ելույթ ունենալով՝ հայտարարեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Մոհամադ Խաթամին։ Հայաստանի խորհրդարանի ամբիոնից տարբեր տարիների խոսել են նաեւ այլ երկրների նախագահներ։ Սակայն Մոհամադ Խաթամիի ելույթը բացառիկ էր նրանով, որ առիթ էր տվել խորհրդարանը բոյկոտած ընդդիմադիր խմբակցություններին մեկ օրով վերադառնալ խորհրդարան։ Մասնավոր զրույցներում ընդդիմադիրներն ասում էին, թե իշխանությունների ջանքերի շնորհիվ Հայաստանի հետ ոչ մի հարեւան երկիր նորմալ հարաբերություններ չունի։ Մնացել է Իրանը, եւ վերջինիս հետ բարեկամության վրա պետք է դողալ։ Իրենց մասնակցությունը ԱԺ նիստին ընդդիմադիրները բացատրեցին Իրանի հետ բարեկամությունը կարեւորելու հանգամանքով։
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո ԻԻՀ նախագահը եկավ նիստերի դահլիճ, որտեղ հայ պատգամավորները, նախարարները եւ լրագրողները նրան դիմավորեցին հոտնկայս։ Իր ելույթի ավարտին Մոհամադ Խաթամին ասաց. «Ցանկանում եմ հենց այս ամբիոնից հիշեցնել ԻԻՀ ցանկությունն ու կամքը ՀՀ-ի հետ համակողմանի համագործակցության ընդլայնման եւ տարածաշրջանում խաղաղ ու արդար նպատակների իրականացման հարցում, որը հիմնված է կառուցողական փոխգործակցության եւ տարածաշրջանային տարաձայնությունների կարգավորման երկխոսությունների վրա»։ ԻՀՀ նախագահը հայտարարեց, թե պատրաստ են ներդնել «ցանկացած ջանք նաեւ տարածաշրջանում առկա ճգնաժամերը, այդ թվում՝ ղարաբաղյան հարցը լուծելու, կայուն խաղաղության հաստատմանը օժանդակելու եւ տարածաշրջանային կայունության ու անվտանգության ամրապնդման ուղղությամբ»։
ԱԺՄ նախագահ, «Արդարություն» խմբակցության անդամ Վազգեն Մանուկյանը, մեծ նշանակություն տալով հայ-իրանական հարաբերություններին, ասաց, որ շատ կարեւոր է, երբ մահմեդական երկիրը բարեկամության օրինակ է ծառայում. «Նախորդ հարյուրամյակներում մեզ համար վտանգավոր էր կրոնական պայքարը. Իրան-Հայաստան բարեկամության շնորհիվ պարզվեց, որ դա արդեն այդպես չէ»։ Վազգեն Մանուկյանը կարեւորեց տարածաշրջանի անվտանգությունը. «Այս տարածաշրջանը կարծես թե մնացել է անտեր։ Կովկասյան լեռներից մինչեւ Պարսից ծոց կան տասնյակ ժողովուրդներ, որոնք իրար հետ պայքարում են, եւ կան շատ ժողովուրդներ, որոնք ուզում են միջամտել եւ իրենց համար մի պատառ պոկել։ Եվ շատ կարեւոր է, որ այս տարածաշրջանի ժողովուրդները լեզու գտնեն։ Այդ հարցում Իրանը շատ որոշակի եւ կարեւոր նշանակություն կարող է ունենալ։ Հուսով եմ, որ այս անգամ կարեւոր պայմանագրեր կստորագրվեն զուտ տնտեսական առումով, որոնք մեծ նշանակություն կունենան Հայաստանի համար»։
Իրանի նախագահին հարցեր չտրվեցին։ Օրենսդիրները լսեցին նրա ելույթը եւ հեռացան։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ


















































