Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԱՐԴԱՐԱՑՎԱԾ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ

Սեպտեմբեր 09,2004 00:00

ՉԱՐԴԱՐԱՑՎԱԾ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ Հայաստանում ռուսական կամ ռուսական ներդրումներով ընկերությունների տնտեսական արդյունավետությունը խիստ կասկածելի է: «Գույք պարտքի դիմաց» բանաձեւով Ռուսաստանի կառավարությանը հանձնված «Մարս» գործարանում` հանձնելուց հետո անցած յոթ ամիսների ընթացքում ընդամենը 200 միլիոն դրամի ներդրում է կատարվել, դրամաշրջանառությունը կազմել է 55 միլիոն դրամ: Չհաշված, որ ՌԴ-ում «Մարսի» նման 30 գործարան կա եւ դժվար է լինելու ռուսական շուկայում մրցակցել: Իսկ արտասահմանյան շուկաները գրավելու համար ձեռնարկության արտադրանքը պետք է արժանանա «ԻՍՕ 9002»-ից բարձր որակի նշանի: Ի դեպ, նույն բանաձեւով ՌԴ կառավարությանը հանձնված ընկերություններից մի քանիսում մի կոպեկի ներդրում էլ չի արվել: «Արմավիայի» ծառայություններից օգտվողների գնահատմամբ, այս ընկերությունը դեռեւս չի մոտեցել միջազգային բարձրակարգ ավիաընկերությունների սպասարկման մակարդակին: «Նաիրիտի» մասին վերջին տեղեկությունն այն է, որ այս գործարանի հավանական գնորդ «Վոլգաբուռմաշ» ռուսական ընկերության հետ կայանալիք գործարքը շարունակ ձգձգվում է: Հիշեցնենք, ըստ «Վոլգաբուռմաշի» տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Իշչուկի, «Նաիրիտի» բաժնետոմսերի 100 տոկոսը պետք է իրենց փոխանցվեր դեռեւս հուլիսի 30-ին: Այս մասին խոստում էր տրվել անձամբ մեր երկրի նախագահին եւ պայմանավորվածությունը կայացել էր ամիսներ առաջ: Սակայն գործարքը չկնքվեց նաեւ օգոստոսի 10-ին, ինչպես ակնկալում էին գործարանում: Այն այսօրվա դրությամբ էլ կնքված չէ: Ավելին, գործարանի աշխատակիցները գաղափար չունեն, թե դա երբ կլինի: Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը եւս բավարար մակարդակի չէ, համեմատած մեր երկրում «ռուսական» մասնակցությամբ ընկերությունների թվի հետ: Մանավանդ, եթե հաշվի առնենք ձեւավորված ավանդական տնտեսական հարաբերությունները, Հայաստանի ղեկավարության կողմից ստեղծված բիզնեսի ծավալման բարենպաստ պայմանները: Ապրանքաշրջանառությունն այն չափի է, որ վերջերս քննադատության առիթ դարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար: Երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը այս տարի նախորդ տարիների համեմատությամբ բացասական հաշվեկշիռ էր արձանագրել, ըստ էության, այն պատճառով, որ «Արմենալը» կանգնել էր վերանորոգման ու վերազինման: Ինչը, ի դեպ, Պուտինի տվյալներով, կտեւի 12-14 ամիս: Ապրանքաշրջանառության նվազման վրա մեծ ազդեցություն ունեցավ նաեւ ՌԴ կառավարության կողմից ադամանդի վաճառքի հետ կապված քվոտաների վերացումը: Ռուսաստանը, ըստ էության, ազատականացրեց այդ շուկան, ինչը նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններից է բխում, սակայն հայաստանյան ձեռներեցները չդիմացան մրցակցությանը, եւ ծավալները կտրուկ նվազեցին: Այսինքն՝ բավականին բարենպաստ, կարելի է ասել, մեր կառավարության կողմից ադամանդագործության համար ստեղծված անթերի պայմաններն անգամ հայ ադամանդագործներին չօգնեցին պահպանել իրենց դիրքերը ռուսաստանյան շուկայում: Մինչդեռ նկատենք, որ մեծ մասամբ ադամանդագործությանն են վերագրվում արտահանման եւ տնտեսական աճի ցուցանիշները: Կարելի է ասել, Հայաստանում ռուսական ներդրումների արդյունքներն առայժմ ադեկվատ չեն ակնկալիքներին ու դրանց համար ստեղծված բարենպաստ պայմաններին: Համեմատության համար նշենք ֆրանսիական ներդրումի մեկ օրինակ. «Պեռնո Ռիկարը» («Երեւանի կոնյակի գործարան»), որը զարկ տվեց խաղողագործության եւ վերամշակող ընկերությունների զարգացմանը: ԱՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել