Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏԻ ԵՎ ՎԱԽԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 17,2004 00:00

ՍՏԻ ԵՎ ՎԱԽԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Ո՞ւմ է պետք երիտասարդության իշխանամետ «վարժեցումը» եւ ո՞վ կարող էր շահել երիտասարդության համար նախատեսված պետբյուջեի փոշիացումից: Սկիզբը՝ նախորդ համարներում Լինելով հասարակության ոչ միայն ամենաակտիվ, այլ նաեւ պատասխանատվությամբ չծանրաբեռնված մաս՝ երիտասարդությունը պետք է որ նոր ազատամիտ գաղափարների կրողը լիներ: Հենց դրանում է իշխանական համակարգի հիմնական վախը՝ «կախվածություններ» չունեցողին անհնար է խաղացնել: Սկսվեց երիտասարդության «վարժեցման» գործընթացը, որը նպատակ ուներ կանխել ցանկացած ըմբոստացում երիտասարդության շրջանում եւ ապահովել հետագա նոմենկլատուրային սերնդափոխությունը: Խստագույն հսկողություն սահմանվեց ուսանողական կառույցների նկատմամբ՝ մասնավորապես, ուսանողական «ինքնակառավարման» մարմինների ղեկավարների ճնշող մեծամասնությունը դարձավ հանրապետական: Իսկ մնացածին աստիճանաբար հնազանդեցնում էին՝ օգտագործելով հայտնի լծակները՝ կարիերիզմը եւ ընչաքաղցությունը: Իսկ հարմարվողական երիտասարդներից կարելի էր ոչ միայն չվախենալ, նրանցից կարելի է բազմաթիվ ծառայություններ ստանալ: Մոտենում էին նախագահական ընտրությունները, եւ մեր հերոսները խառնաշփոթի մեջ էին, թե էլ ինչպես կարելի է հաճոյանալ «առաջնորդին»: Այդպես 2002-ին Համահայկական երիտասարդական հիմնադրամը ածեց «Բազեին»: Ճուտիկի թեւերը ամրացան, եւ նախընտրական ժամանակաշրջանում հանրապետության ամենաբանուկ խաչմերուկներոմ հայտնվեցին երիտասարդության ձայները որսացող այս թռչունները՝ «շեֆին» երախտապարտ ժպտացող «բազեների» գույնզգույն պատկերների տեսքով: «Երջանիկ» երիտասարդության անունից հանդես եկող «բազեների» քծնանքը վարձատրվեց՝ միայն 2003թ. 7 օր 7 գիշեր տեւող «բազեների» խրախճանքը արժեցավ, ըստ պաշտոնական տվյալների, 68 մլն դրամ (մեր տեղեկություններով, իրական գումարը գերազանցում է 100 մլն դրամ): Եվ քանի որ այդ գումարից 59 մլն172ն պետական բյուջեից էր, համեմատության համար նշենք, որ գիտական աշխատողի միջին աշխատավարձը կազմում է 16000 դրամ: «Բազե թռցնողների» միջեւ ձեւավորված վստահությունը հասավ գագաթնակետին եւ 2003թ. խայտառակ նախագահական ընտրությունների ժամանակ կրկին արտահայտվեց: 2002թ. կեսերին թեժ նախընտրական ժամանակներ էին. սկսվեց շանտաժի, առ ու վաճառքի եւ խաղաքարտերը հաշվելու խուճապը: Ընտրական հանձնաժողովների «վստահությունը» բարձրացնելու համար այնտեղ խցկվեցին նախագահի ներկայացուցիչները՝ կազմելով հանձնաժողովի 1/3-ը: Այս տեղերը թանկ արժեին՝ եւ տեղերի հավակնորդների, եւ նախագահի համար: Սակայն վերոհիշյալ միլիոնների դիմաց Ռոբերտ Քոչարյանը կարող էր ակնկալել համարժեք հերթական ծառայություն. Ստի եւ Վախի իշխանության համակարգում նա չէր էլ կարող վստահել ոչ մեկ ուրիշին ավելի շատ, քան դեռ ինքնուրույնություն ձեռք չբերած եւ իրենից կառչած «ջահելներին»: Հենց այդպես էլ պատահեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նախագահի ներկայացուցիչներ դարձան ոչ այլ ոք, քան նույն Արթուր Պողոսյանը, Արմեն Սինանյանը, որին էլ փոխարինեց Եղիշ Տերտերյանը: Եվ այստեղ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մեր հերոսները «առաջնորդին» մատուցեցին հիմնական ծառայությունը՝ հաստատելով խայտառակ ընտրությունների կեղծված արդյունքները: Ավելացնենք, որ ընտրություններից հետո հերթական «փայերը» ավելի յուղոտ էին՝ Վ. Բարսեղյանը եւ Մ. Բադալյանը ստացան ներկայիս պաշտոնները, Վ.Խաչիկյանը նորից դարձավ ԱԺ պատգամավոր, իսկ իր կինը՝ Լիլիթ Ասատրյանը, Երիտասարդության հարցերով փոխնախարար: Սակայն խնդիրը անձերի մեջ չէ, այլ համակարգի, որտեղ բարոյականությունը դառնում է խաղաքարտ՝ այն էլ ոչ ավելին, քան խաչի «7»: Երիտասարդության համար նախատեսված փողերը «մեջ-մեջ» անելու մեխանիզմի մասին մենք գրում ենք, որպեսզի ցույց տանք, թե ինչ է կատարվում այս՝ ընդամենը փոքր մաս կազմող ոլորտում: Տարածելով նույն մեխանիզմները ողջ համակարգի վրա, եզրակացությունը արեք ինքներդ: Իսկ մենք ընդամենը կոչ ենք անում բոլորին միանալ մեզ այս պայքարում: Ի պատասխան մեր հիշատակված հարցմանը ՀՀ վարչապետին, Կառավարության ներկայացուցիչ Սիմոնյանը մեզ «խրատեց» չհաշվել պետական փողերը, «չէ որ մենք ձերը չենք հաշվում»: Եվ ահա մենք ուզում ենք հրապարակավ պատասխանել նրան, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր սոցիալ-տնտեսական ծանրագույն պայմաններում գտնվող Հայաստանում գռփում են ժողովրդի փողերը՝ անընդմեջ լացելով, որ աղքատ երկիր ենք. պարոնայք, սա մեր երկիրն է, մեր պետությունը, եւ, անկախ ձեր ոտնձգություններից, այն կունենա ապագա: «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» հ/կ «Առավոտը» պատրաստակամ է տպագրել նաեւ հակառակ կարծիքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել