Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ

Հոկտեմբեր 20,2004 00:00

ՀԱՅ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔ ՉԻ ՏԵՍԵԼ Հայաստանում կեղծիքները բացահայտ են, իսկ Բելառուսում՝ թաքնված Մինչ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հատուկ նշանակության ոստիկանական ջոկատը ցրում է կիրակի այդ երկրում կայացած ընտրությունների եւ հանրաքվեի արդյունքները կեղծված համարող ընդդիմության բողոքի ցույցերը, այդ ընտրություններին հետեւած միջազգային դիտորդական առաքելությունները պնդում են նախօրեին իրենց արած հայտարարություններն ու տված գնահատականները: Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ ինչպես Հայաստանի 2003-ի նախագահական ընտրություններում էր, Բելառուսում էլ ԱՊՀ դիտորդական առաքելությունը ընտրությունները համարել էր միջազգային չափանիշներին եւ երկրի ընտրական օրենսդրությանը համապատասխան կամ եղած խախտումների մասին զգուշավորությամբ էր բարձրաձայնել՝ համարելով, որ դրանք ոչ ընտրությունների, ոչ հանրաքվեի արդյունքների վրա էականորեն չեն ազդել: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Բելառուսում ԱՊՀ դիտորդները հավաստիացնում են, թե իրենք որեւէ ընտրակեղծիքի ականատես չեն եղել, մինչդեռ ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը, զարմանալի զուգադիպությամբ, դարձյալ բաժին էր հասել աղաղակող ընտրախախտումների ականատես լինելու «բախտը»: ԵԱՀԿ դիտորդները, ի տարբերություն իրենց հետխորհրդային երկրների գործընկերների, փաստել են աղաղակող ընտրակեղծիքների մասին եւ ընտրությունները գնահատել միջազգային չափանիշներին չհամապատասխանող: Խոստովանենք՝ մեզ ծանոթ իրավիճակ է: Բայց ամենահետաքրքրաշարժն այն է, որ ճակատագրի հեգնանքով միջազգային դիտորդական առաքելությամբ Բելառուս մեկնած հայ օրենսդիրներից ԱԺ ընդդիմադիր՝ «Ազգային միաբանություն» խմբակցության ներկայացուցիչ Գագիկ Կոստանդյանը ներգրավված է եղել «լուկաշենկոյամետ» ԱՊՀ, իսկ իշխանական ՀՀԿ-ն ներկայացնող Մանվել Բադեյանը՝ «հակալուկաշենկոյական» ԵԱՀԿ դիտորդական առաքելության կազմում: Նրանք միայն երեկ ուշ երեկոյան կամ գիշերն էին վերադառնալու Հայաստան, ուստի մեզ երեկ չհաջողվեց պրն Բադեյանի հետ ճշտել, թե ինչ հույսի դուռ կամ լույսի լուսամուտ բացվեց Բելառուսում ընտրությունների եւ հանրաքվեի արդյունքում: Փոխարենը մենք զրուցեցինք Գագիկ Կոստանդյանի հետ: Նա հավաստիացրեց, որ «ընտրությունները նորմալ են անցել», բայց միաժամանակ ԱՊՀ-ական դիտորդի «նրբանկատությամբ» մի վերապահում արեց. «Իհարկե, կան որոշակի դիտողություններ, որոնք մենք տեղում արել ենք, բայց ընդհանուր առմամբ դրանք այնպիսի բացթողումներ էին, որ ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն չէին թողնում»: Որպես վերապահման փաստարկ, պարոն Կոստանդյանը մատնանշեց, թե իրենց համար շատ անհասկանալի էր Բելառուսում գոյություն ունեցող «նախնական ընտրություններ» հասկացությունը: «Դա նշանակում էր, որ քվեարկության օրից դեռ 5 օր առաջ ընտրողները կարող էին ընտրություն անել: Ընդ որում, այդ ընտրությունների ժամանակ արդեն իսկ ընտրություն էին կատարել ընտրողների մոտ 20-40 տոկոսը: Մեզ զարմացրեց նաեւ այն փաստը, որ բոլոր ընտրական հանձնաժողովների անդամները հիմնականում հիմնարկների ղեկավարներ էին՝ տնօրեններ, փոխտնօրեններ: Բայց ընդհանուր առմամբ, ընտրությունները նորմալ են անցել, մենք արտառոց ոչ մի բան չենք տեսել»: Իսկ ինչո՞ւ պրն Կոստանդյանն իր տարակուսանքը չհայտնեց այդ փաստի առնչությամբ: Գ. Կոստանդյանը մեր այս հարցադրմանն այսպես արձագանքեց. «Այո, ես ընդգրկված եմ եղել այդ դիտորդական առաքելության մեջ, բայցեւ՝ կրկնում եմ, որ ընտրությունների կոնկրետ ժամանակահատվածում, երբ մենք հետեւել ենք դրանց ընթացքին, ընտրախախտումների փաստեր չեն եղել: Միաժամանակ նշում եմ, որ մոտ 40 տոկոս նախնական ընտրություն է եղել, որին ոչ մի դիտորդ չի մասնակցել: Եթե որեւէ բան եղել է, կարող էր լինել այդ ժամանակահատվածում: Համենայնդեպս, մեր ձեռքին այլ փաստեր չկան, իսկ ես իրավաբան եմ, որպեսզի առանց փաստի կարողանամ գնահատականներ տալ»: Հայաստանում ոմանք կատակում են, թե հայ դիտորդները մեկնել են Բելառուս որպես «ինստրուկտորներ»՝ թե ինչպես կարելի է կեղծիքով ընտրություններ անցկացնել: «Այդ հարցով կարող եք դիմել ՀՀ ԿԸՀ անդամներին, ովքեր նույնպես Բելառուսում էին: Նրանք, կարող է, նման մտադրություն ունեցած լինեն, բայց մեր կողմից նման մտադրություն չկար»,- կեսլուրջ-կեսկատակ արձագանքեց Գ. Կոստանդյանը: Այդուհանդերձ, զուգահեռներ հայաստանյան եւ բելառուսական ընտրությունների միջեւ կարելի՞ է անցկացնել: «Չէ, զուգահեռներ անցկացնել չի կարելի, որովհետեւ մեր ընտրությունները բոլորովին ուրիշ ձեւով էին անցնում, քան Բելառուսում: Մերը բացահայտ կեղծիքներով էր անցնում, իսկ նրանցը ինչ-որ տեղ չես կարող հստակ հիմնավորել՝ կեղծիք կա, թե՝ ոչ»,- ասաց Գ. Կոստանդյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել