Լրահոս
Օրվա լրահոսը

«Խփեք գրպանին՝ կհասնի գիտակցությանը»

Նոյեմբեր 25,2004 00:00

«Խփեք գրպանին՝ կհասնի գիտակցությանը» Այդպես սովորեցնում է ժողովրդական ասույթը Պարզվում է, տնտեսվարող սուբյեկտների համար 5 մլն դրամ տուգանքը չափազանց մեղմ պատժամիջոց է, որպեսզի հրաժարվեն տնտեսական մրցակցության ոլորտում այս կամ այն զանցանքը թույլ տալուց: Ուստի անհրաժեշտություն է առաջացել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն մտցնել՝ սուբյեկտների տուգանքը դարձնելով իրացման ծավալի ազդեցիկ տոկոսաչափով բռնագանձում: Այս մասին երեկ տեղեկացրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Հրայր Արամյանը: Նա գտնում է, որ բավարար պատժամիջոց չէ նաեւ անբարեխիղճ մրցակցության մեջ «բռնվածից» անբարեխիղճ ճանապարհով ստացած շահույթը պետբյուջեի հաշվին բռնագանձելը, քանի որ «խիստ դժվար է ստույգ հաշվել կամ տարանջատել այդ շահույթի չափը»: Ուստի օրենքի այս դրույթը նույնպես փոփոխության կարիք է զգում: Երեկ հանձնաժողովի երկու անդամներ՝ Հրայր Արամյանն ու Սեյրան Պետրոսյանը ներկայացրին բուսական յուղի եւ արդյունաբերական վերամշակման նպատակով ձեռք բերվող լոլիկի ապրանքային շուկաների ուսումնասիրության արդյունքները: Ըստ ասվածի, երկու շուկաներում էլ չկան գերիշխող, մրցակցության պայմանները չարաշահող սուբյեկտներ եւ այլ խախտումներ: Սակայն մի խնդիր, այնուամենայնիվ, կա. տեղեկատվության հավաքագրումը: Գործող կանոնակարգով, հանձնաժողովի ուղարկած ծանուցագիրը ստանալուց ոչ ուշ, քան 10 օր հետո, տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են ուղարկել պահանջված տեղեկությունները: Բուսական յուղի շուկայում գործող 30 ընկերություններ պահանջը կատարել են ժամանակին, իսկ 7-ը՝ ոչ, եւ նրանց հարցն այժմ քննվում է դատարանում: Անբարեխիղճ խտրականություն թույլ չտալու նպատակով ներկայացնում ենք 7-ի անունները. «Ֆառանե», «Բակսս», «Բակսս Օյլ», «Գոհար եւ հույս», «Թաժ», «Նիկոլա Ինտերնեյշնլ Արմենիա» եւ «Զաֆառ» ՍՊԸ-ներ: Թե ինչու են թվարկված ընկերությունները զլացել տեղեկություններ տրամադրելու գործում՝ հանձնաժողովի անդամները չէին կարող ասել: Նրանց համար կարեւոր էր այն, որ դրանք շուկայում կշիռ ունեցող սուբյեկտներ չեն եւ իրենց ուսումնասիրման արդյունքների վրա առանձնակի ներգործություն ունենալ չեն կարող: «Սակայն անհրաժեշտ է օրենսդրական փոփոխությամբ հասնել այն բանին, որ տեղեկություն ստանալուն ընկերությունների անպարտաճանաչությունը չխանգարի եւ դրանք ձեռք բերելու այլ ուղիներ էլ ունենանք»,- ասաց Հ. Արամյանը: Պարզվում է, ընկերություններն անբարեխիղճ մրցակցության դրսեւորումներից (օրինակ՝ ապրանքատեսակ կեղծելու) տուժելու դեպքում, երբեմն հանձնաժողովին կամ տնտեսական դատարան դիմելու փոխարեն, շատ անգամ բավարարվում են հեռուստատեսային զգուշացումներով: Հանձնաժողովը նման դեպքերում հակված է խնդրին ընթացք տալ բողոք-դիմում ստանալուց հետո միայն: Թեպետ անձնական նախաձեռնությամբ խախտումը կանխելու դեպքերն էլ քիչ չեն: «Հանձնաժողովի քաղաքականությունը հետեւյալն է. տնտեսվարող սուբյեկտները պետք է սովորեն պաշտպանել իրենց իրավունքները, որովհետեւ այն փաստաթղթերը եւ լրացուցիչ ապացույցները, որ նրանք կարող են տրամադրել, շատ դեպքերում այլ աղբյուրներից հնարավոր չի լինում ձեռք բերել»,- ասաց հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել