Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի

Հունվար 22,2005 00:00

Գյումրիի վթարայինները քայքայվում են Այդ շենքերի բնակիչները հանրապետության նախագահին ու քաղաքաշինության նախարարին հյուր են կանչում: Գյումրիի Թբիլիսյան խճուղի 40 վթարային շենքի վերանորոգման-ամրացման համար այս տարվա պետբյուջեում գումար նախատեսված չէ: Կառավարության նման վերաբերմունքը անչափ զայրացնում է վթարային շենքերի բնակիչներին: Օրինակ՝ բողոքներ գրելու վարպետներ դարձած այդ շենքի բնակիչները երկրի ղեկավարներին իրենց վիճակը ներկայացնելու ցանկություն այլեւս չունեն, քանի որ, նրանց ասելով՝ «կառավարությանն ասած՝ քարերին պատմած, նույն հաշիվն է»: Եվ, ըստ բնակիչների, միեւնույն է՝ իրենք ապրելու են «անկենցաղ կենցաղով»՝ անձրեւների ու ձնհալի ժամանակ ամիսներ շարունակ լոգանք են ընդունելու (կտուրները վաղուց քայքայվել են), քամու ժամանակ տան բոլոր տաք ծածկոցները խցկելու են իրարից հեռացած պատերի արանքը, իսկ ամեն անգամ դուռը բացել- փակելիս պատերի ծեփերը գլխներին են թափվելու: Բնակիչները մեծահոգաբար չեն խորանում գազ, ջուր, երբեմն էլ լույս չունենալու «մանր» խնդիրների մեջ: Ի դեպ, հիշյալ կառույցը Գյումրիի վթարայինների շարքում ամենաբարվոք վիճակում գտնվողն է: Բնակիչների ասելով, ի տարբերություն շատերի, որոնք երկրաշարժից հետո սեփական տները իրենց ձեռքով քարուքանդ արեցին ու գոնե անօթեւանի կարգավիճակ ձեռք բերեցին, իրենք իրենց կոտորելով կառույցը ատամներով պահեցին-պահպանեցին, որպեսզի պետությունը քիչ միջոցներ ծախսի ու շենքն արագ վերականգնի: Սակայն պետությունը չգնահատեց իրենց արարքը: «Եթե իմանանք, որ փաստացի անօթեւանի կարգավիճակ ձեռք կբերենք, շենք քանդելն ինչ է՝ վայրկյանների հարց»,- ասում են բնակիչները: Ի տարբերություն մյուս վթարայինների, թեեւ այստեղ խոշոր փլուզման դեպք չի գրանցվել, սակայն բնակիչները վստահ են, որ մի օր իրենց կառույցն էլ կարժանանա «Շիրակ» հյուրանոցի բախտին՝ միանգամից փուլ կգա: Հատկապես որ՝ նման կանխատեսման համար բոլոր պայմանները կան՝ աղյուսները վերեւից կախվել են, եւ ոչ միայն կտուրը, այլեւ նկուղն է փտել: Մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից տեղեկացանք, որ մարզպետարանի հաշվարկով, Գյումրիի վթարային 39 շենքերից շատերի մասին խոսք դեռեւս չկա, որտեղ ապրում է առնվազն 50 ընտանիք: Փոխարենն այս տարվա պետական բյուջեով որոշակի գումար նախատեսված է միայն գյուղական համայնքների կիսակառույցների համար: «Սա ի՞նչ է նշանակում. մահվան հետ կռիվ տվողներին թողած՝ նոր շե՞նք են զարդարում»,- զայրանում են բնակիչները: Գյումրիի «օթեւանով անօթեւանները» նաեւ զարմանում են, թե ինչ արագությամբ «Աղետի գոտու վթարայինների վերականգնման ծրագիրը» անվանափոխվեց՝ դառնալով «Հանրապետական մասշտաբով վթարային շենքերի վերականգնման համալիր ծրագիր»: «Եթե այդպես է, թող հանրապետության նախագահն ու քաղաքաշինության նախարարը ընդամենը երկու օրով մեր տները հյուր գան, գյումրեցուն վայել հյուրասիրությունն էլ մեզ վրա»,- առաջարկում են Թբիլիսյան խճուղի 40 շենքի բնակիչները: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել