Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԽՈՐՏԱԼՈՒ

Հունվար 22,2005 00:00

ՀՈԽՈՐՏԱԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ՝ ՄՏԱԾԵՆՔ Կամ՝ քաղաքականության դասեր Ամերիկային ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսի վերջին հայտարարությունները զարմանալի արձագանքներ են ունենում Հայաստանում եւ զարմանալիորեն արձագանք չեն գտնում Ղարաբաղում: Տպավորություն է ստեղծվում, թե պաշտոնական շրջանակները որոշել են արտաքին քաղաքական խնդիրները վերապահել հայրենակցական միություններին: Տվյալ դեպքում, հայտարարությամբ հանդես եկավ «Արցախ» հայրենակցական միության նախագահ եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանը, որին, նույնիսկ մեծագույն վերապահումներով, դժվար է աշխարհաքաղաքականության փորձագետ համարել: Նույնը կարելի է ասել նաեւ այն բազմաթիվ երիտասարդական կազմակերպությունների մասին, որոնք զարմանալի (կոմերիտական) միաբանությամբ որոշեցին իրենց արդարացի զայրույթը հայտնել՝ փողոց դուրս գալով: Այնուամենայնիվ, ինչու են ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները որոշել «մեջ գցել» հենց հայրենակցական միության ղեկավարին ու երիտասարդական կազմակերպություններին, եւ ոչ թե, ասենք, համապատասխան նախարարության որեւէ պաշտոնյայի: Պատասխանը գտնելու համար, թերեւս, պետք է ուշադրություն դարձնել երկու հանգամանքի վրա. նախ՝ ինչով են զբաղված հայրենակցական միություններն ու երիտասարդական կազմակերպությունները, եւ երկրորդ՝ պետք է կրկին կարդալ Ջոնսի հայտարարությունը: Առաջինը թողնենք մի կողմ, քանզի ստիպված ենք լինելու լսել հերթական ու հերթապահ «հայրենասիրական» սին ճոռոմաբանությունը, եւ ուշադրություն դարձնենք այն հատվածի վրա, որ մեջբերել է Համլետ Հարությունյանը. «Հենց Ռուսաստանի շահերից է բխում, որ Մերձդնեստրը, Աբխազիան, Հարավային Օսիան եւ Լեռնային Ղարաբաղը լինեն կայուն, ոչ կոռումպացված, այնտեղ իշխող քրեական անջատողականները հեռացվեն իշխանությունից» (մեջբերումն՝ ըստ «Հայաստանի Հանրապետություն» թերթի, 19.01.2005, էջ 3): Հայտարարության թարմ հետքերով հրավիրած մամլո ասուլիսում այս մեջբերումն անելով՝ Համլետ Հարությունյանը արդարացիորեն նշում է, որ Ղարաբաղի ժողովուրդը մեծ զոհողությունների գնով նվաճել է ազատ ապրելու իր իրավունքը, եւ դա ճանաչել է ԱՄՆ կառավարությունը, որը կառավարական մակարդակով օգնություն է հատկացնում ԼՂՀ-ին: Մյուս կողմից, սակայն, Հ. Հարությունյանը շրջանցում է այն հանգամանքը, որ հայտարարության կոշտ ձեւակերպումները վերաբերում են ոչ թե ժողովուրդներին, այլ կոռումպացված վարչակարգերին: Այո, բազմիցս է գրվել ու խոսվել, որ ԼՂՀ-ն պետական շինարարության, ժողովրդավարության եւ այլ առումներով չի կարելի համեմատել մյուս չճանաչված երկրների հետ, որոնք ակնհայտորեն հետ են: Բացի դրանից, բազմիցս է գրվել ու խոսվել, որ ԼՂՀ հարցում Հայաստանի եւ Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչությունները չունեն համակարգված քաղաքականություն, որը հնարավորություն կտար ընդգծել եւ զարգացնել այն նվաճումները, որոնց, նույնիսկ իշխանավորների անգործության պարագայում, հասել է ժողովուրդը: Եվ հայրենակցական միության «բեխաբար» նախագահի հետեւում հնարավոր չէ թաքցնել այն խնդիրները, որոնք երեւում են նույնիսկ 10 հազար կիլոմետր հեռավորությունից: Այստեղ մի քանի կարեւոր հանգամանքներ էլ կան: Նախ՝ Չեմբեռլենին պատասխանելու բարոյական իրավունք ունենալու համար հիշյալ կազմակերպությունները մինչ այդ պետք է որ գոնե ձեւականորեն հետաքրքրված լինեին Արցախում ժողովրդավարության հետ կապված խնդիրներով, անշահախնդիր ու անռեժիսոր մասնակցություն ունենալով երկրի ժողովրդավարացմանը: Եվ ճանաչված լինեին Արցախում ու հարգանք վայելեին: Թե չէ այս ամենի բացակայությամբ «առաջին գծում» հայտնվելը մի տեսակ տհաճ է: Երկրորդ կարեւոր հանգամանքը կայանում է հայաստանյան արձագանքների տրամադրության ու տրամաբանության (մեր ենթատեքստում՝ անտրամաբանության) նրբերանգներում: Դժգոհությունը վերաճեց զայրույթի, զայրույթը՝ վիրավորելու մարմաջի, վերջինս էլ՝ հոխորտանքի: Էլ չենք խոսում հոխորտանքի մասին, թեեւ չէր խանգարի հարցնել հոխորտացողներին՝ ու՞մ դեմ եք հոխորտում եւ չե՞ք զգում ձեր ծիծաղելի վիճակը: Նման լուրջ իրավիճակներում մարդու տրամաբանությունը սովորաբար բխում է քաշային կարգի ծանրությունից: Բայց հենց քաշային կարգի զգացողության իսպառ բացակայությունն է եղել մեր թշնամին բոլոր դարերում: Այս ամենում, սակայն, մեզ համար ամենատարակուսելին այն էր, որ Արցախը, ավելի ճիշտ՝ Արցախի իշխանությունը կրկին օլիմպիական հանգստություն պահպանեց, ասես իրեն հուզուղ ավելի լուրջ պրոբլեմներ կան (եւ միգուցե կան), ասես խոսքը իրեն չի վերաբերում՝ նման վերաբերմունքով եւս մեկ անգամ համաշխարհային հանրությանը հասկացնելով, որ ինքը չեզոք է, այնքան չեզոք, որ իրեն չեն հուզում նույնիսկ իր իսկ խնդիրները, այնքան չեզոք է ինքը, որ գրեթե չկա, գոյություն չունի: Որ իր խնդիրներով զբաղվելու իրավունքը նա տվել է ուրիշների: Եվ այս ամենը՝ հայաստանյան հերթական մեծավորի այն սպառնալիքի ֆոնի վրա, որ իրենք դուրս կգան բանակցային գործընթացից ու «նրանց» կհանձնեն «արցախցիների» դատին: Չգիտենք, թե որքանով է օգտակար նման սպառնալիքը, պարզապես մտահոգում է մեկ այլ հարց՝ ինչպե՞ս կանվանեն նրան, ում անունով սպառնում են: Ուրեմն՝ ի՞նչ, կհարցնի ընթերցողն այս ամենից հետո: Ուրեմն՝ ոչ թե զայրանալ, ոչ թե հոխորտալ, այլ…մտածել: Հարց տալ, թե այդ ինչպես եղավ, որ շաքարամանից… Ու դաս քաղել: Ընդամենը: ՄԵԼԻՔ ԱՎԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել