Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐ

Փետրվար 05,2005 00:00

ՈՐ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ «ԳՈԶԱԼ ՅԱՐ» ՉԵՐԳԵՆ «Առավոտը» հյուրընկալել էր «Վիստա» ստեղծագործական կենտրոն ՀԿ-ի «Արծաթե բանալի» մանկական ծրագրի հեղինակ եւ գեղարվեստական ղեկավար Գոհար Սարգսյանին: Նշենք, որ այս ծրագիրը արդեն տասը տարի հեռարձակվում է Հանրային հեռուստատեսությամբ: Ավելի քան 30 տարվա փորձ ունեցող արվեստագետը հանդես եկավ կոնկրետ՝ մանուկների գեղագիտական, մասնավորապես՝ երաժշտական դաստիարակության հարցերին վերաբերող առաջարկություններով: Մեր զրուցակիցը նախ կարեւորեց ծնողների դերն այս հարցում. «Յուրաքանչյուր ծնող, տատիկ կամ պապիկ, ունենալով որոշակի գեղագիտական ճաշակ, այն թելադրում է երեխային: Եվ, ինչպես ժամանակն է ցույց տալիս, արդյունքում երեխան ընկալում է, սովորում ոչ իր տարիքին հարիր երգեր»: Ըստ Գ. Սարգսյանի, պատճառը մեկն է՝ մեծահասակների ձեռքի տակ չկա համապատասխան մանկական երաժշտական գրականություն: Նա հիշեց 90-ականների սկիզբը, երբ կոմպոզիտոր Արեգ Լուսինյանը համապատասխան մանկական ժողովածուներ տպագրելու համար փորձ էր արել փնտրել պետական հովանավորություն. «գործը առայսօր առաջ չի գնացել»: Մեր հարցին՝ ստացվում է՝ պետք է ձեռքերը ծալել ու նստե՞լ, տիկին Սարգսյանը պատասխանեց. «Երբ այդ խոհանոցը անգիր գիտես, պարզապես չես էլ ուզում փորձ անել այնտեղ մտնելու»: Երեւի սա է պատճառը, որ կոմպոզիտորի հեղինակած մանկական երգերի երկու ժողովածուները ձայներիզներով՝ սուսուփուս, ասել է թե՝ առանց շնորհանդեսների ու նման միջոցառումների, իր նախաձեռնությամբ անվճար բաժանվել են հանրապետության գրադարաններին, մանկապարտեզներին, դպրոցներին: Զրույցից տեղեկացանք, որ տեւական ժամանակահատված «սուսուփուսի» տարբերակով «Արտ Բրիջի» տնօրենի հետ նա իր մանկական երգերը հասցրել է Դիլիջան, Դսեղ, Գորիս եւ այլուր, նույնիսկ Ախալցխա: Ի դեպ, նշված վայրերում նվիրատվությունները զուգորդվել են «Արծաթե բանալի» մանկական ստուդիայի սաների ելույթներով: Գ. Սարգսյանը գտնում է, որ երեխաների գեղագիտական զարգացման ճիշտ կազմակերպման հարցում պետք է վերականգնվի նախկին մեթոդ-կաբինետների գործունեությունը. «Գոնե այդ կաբինետները նախադպրոցական ու դպրոցական հիմնարկներ էին հասցնում այս կամ այն գրականությունը, կազմակերպում ուսուցիչների հետ դասընթացներ: Եթե դու նույնիսկ կազմակերպության անդամ ես, դժվար է առանց հովանավորի գործունեություն ծավալել հանրապետության մասշտաբով»: Մեր դիտարկմանը՝ հանրապետությունում գործում են տարբեր մանկական գեղագիտական կենտրոններ, ինչո՞վ է տարբերվում ձերը մյուսներից, տիկին Սարգսյանը ասաց. «Առաջին հերթին ընթանում է ուսուցման պրոցես, որի շարունակությունը բեմն է, անկախ այն բանից՝ քաղաքո՞ւմ, թե՞, օրինակ, Խնձորեսկ գյուղում: Երբեք չենք սերմանում շոու կամ շոու-բիզնես հասկացությունները: Ժամանակը կգա, երբ երեխան կհասկանա, որ ինքն արդեն ինչ-որ բանի կրող է»: Ըստ մեր զրուցակցի, որպեսզի երեխան իր՝ «ինչ-որ բան» կրելը գիտակցի, մանկուց է անհրաժեշտ ու պարտադիր համապատասխան ծրագրով առաջնորդվել. «Երեխայի աճը մինչեւ պատանեկություն, նրա կողմից գեղեցիկի ճիշտ ընկալումը կգա նույնիսկ ինքնաբերաբար, համապատասխան դաստիարակության դեպքում (նկատի ունի թեմատիկ, ճանաչողական բնույթի երգերը- Ս.Դ.), որը պետք է կազմակերպվի պետականորեն՝ նախադպրոցական եւ դպրոցական հիմնարկներում: Մանավանդ վերջիններս պետբյուջեից են ֆինանսավորվում»: Վերջերս բացված learnarmenian.com կայքի childrens songs բաժնում տեղադրված են Գ. Սարգսյանի մանկական երգերի երկու ժողովածուներ, որոնք արդեն ունեն արձագանքներ Բաղդադի, Սոֆիայի, Իսրայելի հայ համայնքներից: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել