Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽԱԲՎԱԾ

Փետրվար 10,2005 00:00

«ԽԱԲՎԱԾ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐ» ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ Այսպիսի համեմատություն արեց լիցենզավորման եւ հավատարմագրման վարչության պետի տեղակալ Անահիտ Մելքոնյանը մի գայթակղիչ հայտարարության առնչությամբ, որ արդեն մեկ ամիս է՝ հնչում է եթերից եւ որից հրապուրված՝ շատ ու շատ քաղաքացիներ դիմում են իրենց: Հայտարարության հեղինակը Կառավարման եւ կրթության զարգացման համալսարանն է, որ գտնվում է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանում, լիցենզավորված բուհ է եւ ըստ հայտարարության տեքստի՝ հրավիրում է բոլոր այն անձանց, ովքեր ավարտել են ոչ պետական բուհեր եւ չունեն պետական նմուշի դիպլոմներ: Ենթատեքստը հուշում է, որ այստեղ վերոնշյալ անձինք կարող են ստանալ պետական նմուշի դիպլոմ: Եվ սա այն դեպքում, երբ հիշյալ՝ Կառավարման եւ կրթության զարգացման համալսարանը դեռեւս հավատարմագրված չէ: Ընդհանրապես որեւէ մասնագիտության գծով հավատարմագիր ձեռք բերելու համար բուհին պետք է առնվազն 6 տարի, որպեսզի ունենա 2 տարվա շրջանավարտներ, որոնց 2 տարվա անընդմեջ ավարտական քննությունների արդյունքում ստացած 60 տոկոս դրական գնահատականներով էլ կկարողանա հավատարմագիր ձեռք բերել: Իսկ այս բուհն ընտրել է կարճ ճանապարհ. իր դիմորդներին միանգամից նստեցնում է 5-րդ կուրս (ընդ որում՝ ուսուցումը հեռակա է լինելու) եւ ստացվում է, որ 2 տարի հետո արդեն կկարողանա սկսել հավատարմագրման գործընթացը: Սակայն ոչ մի երաշխիք, որ ի վերջո կստանա հավատարմագիր. հնարավոր է, որ անհրաժեշտ 60 տոկոս դրական միավորը չապահովվի: Մտահոգիչ հարցերով դիմեցինք բուհի ռեկտորին, սակայն մեր հարցերին պատասխանեց իրական ռեկտորի եղբայրը՝ «Անանիա Շիրակացի» համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանը, ով էլ իրականացնում է հիմնական կրթական գործընթացը: «Մենք դիմումներ ենք ընդունում «Անանիա Շիրակացու» կամ այն բուհերի շրջանավարտներից, որոնք պետական նմուշի դիպլոմ չեն ստացել, կան բուհեր, որոնք հիմա փակվել են, այնտեղի շրջանավարտներին ենք ընդունում, խոսքը «Գլաձորի», «Գալիքի» կամ Աճառյանի մասին չէ: Պատրաստում ենք մարդկանց, որպեսզի այս բուհը հավատարմագրենք»: «Իսկ եթե բավարար արդյունք չապահովվի եւ հավատարմագիր չստանա՞ք» հարցին պրն Մադոյանը պատասխանեց. «Իսկ մենք նրանցից ի՞նչ ենք վերցնում որ, կարո՞ղ եք ասել, որ մենք ինչ-որ մեկից գումար ենք վերցրել: Աղմուկը բարձրացել է նրա համար, որ իբր մեծ գումարներ ենք վերցնում: Իսկ նախնական քննությունն անցած անձանցից վերցրած 150-ական դոլարները նրանց կվերադարձնենք»: «Արդյունքում այդ մարդկանցից զուր ժամանակ եք խլում ու զուր խոստում տալիս». մեր այս ակնարկի պատասխանն այսպիսին էր. «Դուք ճիշտ կլինեիք, եթե այլ ճանապարհ լիներ: Հիմնականում դիմողները Ան. Շիրակացու՝ պետական նմուշի դիպլոմ չստացած ուսանողներն են: Թող գան, կտանենք Անանիա Շիրակացի»: Այսինքն՝ Անանիա Շիրակացու համար է այս ամենն արվում: «Ոչ թե Անանիա Շիրակացու համար, այլ Ան. Շիրակացին է ուսանողների համար,- պատասխանում է Վ. Մադոյանը:- Մենք լուծում ենք մի ցավալի սոցիալական խնդիր՝ մարդն ավարտել է, ինչի՞ հիման վրա նրան պետական նմուշի դիպլոմ չեք տվել»: Ի դեպ, պետական մակարդակով շուտով լուծում կտրվի այն անձանց խնդրին, ովքեր ժամանակին «տուժել» են՝ դեռեւս հավատարմագիր չունենալու պատճառով: Սրան կանդրադառնանք առանձին հրապարակմամբ: Իսկ լիցենզավորման եւ հավատարմագրման վարչությունում բուհի նման հայտարարությունը միանշանակորեն անհիմն են համարում: Անահիտ Մելքոնյանը կոչ է անում ծնողներին՝ տեր կանգնել իրենց իրավունքներին, որպեսզի հետո դատարաններ չդիմեն: «Թերեւս խելացի ուսանողների միջոցով իրենց՝ դեռ չձեւավորված բուհը հավատարմագրելն է նպատակը»,- այս կարծիքին է Հավատարմագրված բուհերի միության նախագահ, «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը: «Մի բուհ, որտեղ ուսումնական պրոցես չկա, ստուգումներ չկան, 1-ին, 2-րդ, եւ մյուս կուրսերը չկան, ի՞նչն են հավատարմագրում: Հիմա Հայաստանում բուհի հավատարմագրման մի ուրիշ ձեւ է մշակվել՝ դա դատարանի վճռով հավատարմագրվելն է, գուցե նրանց հույսը նաեւ դա է: Դատարան դիմել եւ ասել՝ վճիռ կայացրու, որ ինձ հավատարմագիր տան, դատարանն էլ վճիռ գրի, նախարարներն էլ հավատարմագիր տան: Դա մի նպատակ ունի, վարկաբեկել հավատարմագրում գաղափարը: Միգուցե ընկերներն այդ հույսն ունեն: Կրթության եւ գիտության նախարարությունը, լիցենզավորման վարչությունը չպետք է կողքից նայեն: Եթե մարդու կոչումը ուսումնական պրոցեսի կազմակերպումը չէ, կարելի է գնալ պոնչիկ արտադրել, գնացեք տեսեք՝ ինչ հերթ է պոնչիկանոցում, ավելի ազգանվեր գործ չի՞»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել