Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան

Փետրվար 23,2005 00:00

Ղարաբաղյան ռեբուսներ Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում ԼՂՀ արտգործնախարար Արման Մելիքյանի երեկ մատուցած ասուլիսի ընթացքը լրագրողներից մեկին ստիպեց հետաքրքրվել. «Ի՞նչ նպատակով եք ասուլիս հրավիրել»: «Ծանոթության»,- պատասխանեց նախարարը: Բանն այն է, որ բավականաչափ երկար տեւած այդ հանդիպման ընթացքում պրն Մելիքյանը հաջողացրեց չպատասխանել գրեթե ոչ մի հարցի: Այդուհանդերձ, փորձենք ընդհանուր գծերով վերծանել ԼՂՀ արտգործնախարարի հնչեցրած պարզաբանումների հիմնապատկերը: Ա. Մելիքյանի արտահայտած ամենագլխավոր միտքը թերեւս հետեւյալն էր. «Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանալին Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ուղիղ երկխոսությունն է»: Ինչ վերաբերում է հնարավոր փոխզիջումներին, ապա «դրանց մասին կարելի է խոսել բանակցային գործընթացի ընթացքում, որին մենք այսօր անմիջականորեն չենք մասնակցում»: Փորձենք ընկալել. ստացվում է, որ փոխզիջումների մասին կարելի է խոսել, բայց իմաստ չունի, քանի որ այդ խոսակցություններին (իմա՝ բանակցություններին) Ղարաբաղը, միեւնույն է, չի մասնակցում: Իսկ քանի որ չի մասնակցում, ապա բանակցություններն ի սկզբանե դատապարտված են ձախողման, քանի որ, ինչպես արդեն նշվեց, «ղարաբաղյան խնդրի կարգավորման բանալին Ադրբեջանի եւ ԼՂ-ի միջեւ ուղիղ երկխոսությունն է»: Չենք բացառում, որ վերը նշվածի մեջ ինչ-որ գաղտնի իմաստ, այնուամենայնիվ, կա: Միեւնույն ժամանակ, Ա. Մելիքյանն ընդգծեց, որ ղարաբաղյան կողմն իրեն բանակցային գործընթացից դուրս մղված չի զգում, եւ «անհիմն» համարեց Հայաստանի եւ ԼՂՀ իշխանությունների միջեւ կարգավորման հարցում եղած տարաձայնությունների մասին խոսակցությունները: Պատասխանելով պրահյան բանակցությունների նկատմամբ ԼՂՀ իշխանությունների վերաբերմունքի մասին հարցին՝ Մելիքյանը նշեց. «Մենք բավարար չափով տեղեկացված ենք, ինչը թույլ է տալիս մեզ որոշումներ կայացնել»: Ընդսմին, նա հայտարարեց, թե Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները մինչ այժմ քննարկել են գլխավորապես տեխնիկական բնույթի հարցեր: Որո՞նք են ԼՂՀ անվտանգության ապահովման նվազագույն պայմանները, որոնք սակարկման ենթակա չեն: Ի պատասխան այս հարցի` Մելիքյանը նշեց. «Մենք գերադասում ենք ելնել առավելագույն պայմաններից»: ԼՂՀ արտգործնախարարն ընդհանուր առմամբ դրական գնահատեց ԵԱՀԿ փաստահավաք առաքելության՝ վերջերս Լեռնային Ղարաբաղ եւ սահմանակից տարածքներ կատարած այցը: Նրա կարծիքով, առաքելության անդամները համոզվել են, որ ԼՂՀ իշխանությունները բնակեցման քաղաքականություն չեն վարում վերահսկվող տարածքներում՝ բացառությամբ Լաչինի: Մի ուշագրավ հանգամանք եւս. նախարարը նշեց, թե ԼՂՀ-ն մտադիր է առաջիկայում միանալ որոշ միջազգային կոնվենցիաների: «Իսկ ի՞նչ մեխանիզմով, չէ՞ որ ԼՂՀ-ն միջազգային հանրության կողմից ճանաչված չէ» մեր հարցին ի պատասխան, Արման Մելիքյանը նշեց, թե դա հնարավոր է, ասենք՝ խորհրդարանի միջոցով տվյալ կոնվենցիան վավերացնելու եղանակով: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել