Լրահոս
Օրվա լրահոսը

Թող իրար ուտեն

Մարտ 01,2005 00:00

Թող իրար ուտեն Վիկտոր Դալլաքյանը մեկնաբանում է իշխանական խարդավանքները Ըստ որոշ լուրերի, անցած շաբաթ կոալիցիայի խորհրդի նիստում ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը խստորեն զգուշացրեց խորհրդարանական մեծամասնությանը. սրանից հետո գործի կգնաք եւ տեղներդ կնստեք, թե չէ՝ կցրեմ: Ակնհայտորեն նախագահի ասածները առանձնապես չէին ազդել: Երեկ խորհրդարանականները թեպետ փորձել էին «խելքները գլուխները հավաքել», սակայն դա նրանց այնքան էլ չհաջողվեց: Ճիշտ է՝ կեսօրին խորհրդարանի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ «ջիպերից» ու այլ «զրահատեխնիկայից» տեղ ու դադար չկար, բայց դա էլ չօգնեց՝ գրանցվածների թիվը 87-ից չանցավ: Խորհրդարան էին եկել բոլոր ածականանուն պատգամավորները, որոնք, իրենք իրենց վրա զարմացած, առիթը բաց չէին թողնում ասելու՝ «գործի ենք եկել», բայց «գործի տեղում» երկար չդիմացան եւ մի-երկու ժամից չվեցին՝ «մի կտոր հաց ուտելու»: Այս իրավիճակում խորհրդարանն այսօր փակ-գաղտնի քվեարկությամբ կփորձի ընտրել Կենտրոնական բանկի նախագահ: Միակ թեկնածուն գործող ԿԲ նախագահն է, որը խնդիր չի ունենա, եթե օրենսդիրները մի 10 րոպեով կտրվեն «մի կտոր հացից» եւ գան քվեարկելու։ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը գտնում է, որ այսօր խորհրդարանը կաթվածահար վիճակում է եւ չի կատարում իր վրա դրված պարտականությունները. «Զգացվում է, որ իշխանական բուրգը փտած է, եւ ոմանք արդեն սկսել են նախընտրական կամպանիա»: Ստեղծված իրավիճակում, ըստ պարոն Դալլաքյանի, կգործի մի քանի սխեմա, մասնավորապես. «Շաբաթ օրը «Ժողպատգամավոր» խմբի ղեկավարը շատ կտրուկ գնահատականներ տվեց կոալիցիայի գործունեությանը, ՄԱԿ խմբակցության ղեկավարը վճարովի եթերը օգտագործում է գրեթե նախընտրական նպատակներով: Այսինքն՝ երկրում նախընտրական պրոցեսները չտեսնելու համար ուղղակի պետք է կույր լինել: Իմ կարծիքով, հետեւյալն է լինելու՝ այսօր ՕԵԿ-ը «Հանրապետականի» դեմ հանդես կգա կոշտ հայտարարություններով: Հետաքրքիր դիրքորոշում է որդեգրել Դաշնակցությունը, ակնարկներ է անում կոռուպցիայի հետ կապված՝ այդպիսով քար նետելով «Հանրապետականի» բոստանը, իսկ Ղարաբաղի հարցում փորձում է իրեն առանձնացնել իշխանություններից՝ պատասխանատվությունից խուսափելու նպատակով: Եվ յուրաքանչյուրն առանձին փորձում է պոկվել գործող նախագահից»: Այսօր, փաստորեն, յուրաքանչյուր իշխանական քաղաքական ուժ պատրվակ է փնտրում Ռ. Քոչարյանից սահմանազատվելու համար: Վիկտոր Դալլաքյանը չի բացառում, որ խորհրդարանում տեղի կունենան վերադասավորումներ, եւ, թերեւս, հենց այս նպատակով է վարչապետը դիմում «Ժողպատգամավորին»՝ աջակցության խնդրանքով։ «Երբ վարչապետն ակնարկ է անում, որ մի քանի ամիս հետո ինքը լավ ֆուտբոլ կխաղա, դա նշանակում է, որ ինքը բասկետբոլ խաղացողին հասկացնում է, որ ինքը ֆուտբոլ էլ կկարողանա խաղալ, որովհետեւ ֆուտբոլն ավելի մեծ ծանրաբեռնվածություն է պահանջում, քան բասկետբոլը: Ես նրանց հարաբերություններն այդպես եմ ընկալել»: Մեր զրուցակցի կարծիքով, խորհրդարանի կաթվածահար վիճակը ամենից շատ ձեռնտու է պաշտպանության նախարարին. «Այս դեպքում երկու սցենար կա: Եթե իշխանությունների ներսում ամեն ինչ հարթ լիներ, իրավահաջորդի խնդիրը շարունակ չէր շոշափվի, սակայն այդ հարցն այսօր շարունակ ուշադրության կենտրոնում է, իսկ դա նշանակում է՝ բոլորն էլ հասկանում են, որ նավը խորտակվում է: Իմ կարծիքով, պաշտպանության նախարարը իր քայլերը կառուցում է երկու ուղղությամբ: Չի բացառվում, որ այս ամենը կատարվում է Քոչարյանի գիտությամբ, եւ Քոչարյանը պատրաստում է իր իրավահաջորդին: Եվ երկրորդը, որը ես ավելի շատ եմ հակված ճշմարիտ համարել, այն է՝ պաշտպանության նախարարը իր քայլերով փորձում է Քոչարյանին համոզել, որ ամենաընդունելի իրավահաջորդն ինքն է»: Այս ամբողջ սխեմայի մեջ ի՞նչ դերակատարություն պետք է ունենա «Արդարություն» դաշինքը, թե՞ դաշինքը կարծում է, որ ինքն այլեւս անելիք չունի եւ պետք է սպասել, մինչեւ իշխանության ներսում իրար կուտեն: «Առավոտի» այս դիտարկմանն ի պատասխան՝ պարոն Դալլաքյանն ասաց, որ դաշինքն այլ բանի է սպասում, ոչ թե իրար ուտելուն. «Խորհրդարանական բոյկոտը եւ որոշ իմաստով մեր սպասողական տակտիկան իրենց արդարացրին, որովհետեւ այս տակտիկայի բաղադրիչներից մեկն այն էր, որ իրար կուտեն, ինչպես դուք ասացիք: Հիմա իշխանության ներսում ինքնաոչնչացման պրոցես է ընթանում, եւ ընդդիմությունը այդ պարագայում պետք է կարողանա ընտրել ճիշտ պահը համաժողովրդական շարժում սկսելու համար, եւ այդ դեպքում մենք պետք է դիմենք իրենց ընդդիմադիր համարող, այս երկրի ճակատագրով մտահոգ, այդ թվում նաեւ իշխանության ներսում գտնվող քաղաքական ուժերին՝ այս ռեժիմից ազատվելու նպատակով»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել