Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔԻՆ

Մարտ 30,2005 00:00

ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ Անտեսելով օրենքի պահանջները, դատարանի որոշումները եւ նույնիսկ ՀՀ նախագահի հորդորը, Երեւանի քաղաքապետարանը շարունակում է թաքցնել իր որոշումները: Քաղաքապետարանից ամենաշատն են բողոքում, որ դիմումներին պատասխան չի տրվում, խախտվում են հրապարակայնության ապահովման մասին հնարավոր բոլոր օրենքները, անգամ դատարանի վճիռները: Եթե Հայաստանում օրենքներ խախտելը նույնիսկ պոպուլյար վարքագիծ է, ապա հանրապետության նախագահի հանձնարարականները կատարելը մեր բարձրաստիճան պաշտոնյաների համար սուրբ գործի պես մի բան է: Քաղաքապետարանի համար նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի ասածն օրենք չէ: Դեռեւս հունվարին հանրապետության նախագահը խորհրդակցությունից հետո իր դժգոհությունը հայտնեց այս գերատեսչության գործունեության թափանցիկության վերաբերյալ: Եվ հորդորեց չթաքցնել որոշումները, բաց աշխատել, առանց պատասխանի ակնկալիքի հարց ուղղելով՝ թե ձեզանից ի՞նչ է գնում: Բայց քաղաքապետարանը այս առումով, միեւնույն է, աշխատում է ոչ թե ժողովրդավարության չափանիշներին ընդառաջ, այլ՝ իր ավանդույթներին համապատասխան: Ընդամենը մեկ կոնկրետ օրինակով կարելի է այս գերատեսչության գործունեության թափանցիկության վերաբերյալ բոլոր նշված խախտումները գտնել: Քաղաքապետարանի վարչություններից մեկը, որ զբաղվում է ապօրինի շինությունների եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի օրինականացման խնդիրներով, մարդկանց շրջանում առանձնապես վստահություն ու հարգանք չի վայելում: Եվ արտառոց ոչինչ չկա, որ «Եվրոլուրեր» քիչ հայտնի լրատվամիջոցներից մեկը հետաքրքրվել է այս հանձնաժողովի գործունեությամբ, քաղաքապետին գրավոր դիմելով հավատարմագրման խնդրանքով: Դիմումին որեւէ ձեւով չեն պատասխանել: Իսկ գործակալությունը միանգամայն հրապարակային տեղեկատվությամբ է հետաքրքրված եղել. հանձնաժողովի կանոնադրությամբ, գործունեության մասին տվյալներով: Այնուհետեւ իրադարձությունների կարճ բովանդակությունը հետեւյալն է. մեկ ամսից լրատվական գործակալությունը դարձյալ դիմել է քաղաքապետին՝ խնդրելով կարգադրել իր դիմումին պատասխան տալ: Հետո դատարան է դիմել, դատարանը քաղաքապետարանին պարտավորեցրել է հնգօրյա ժամկետում հավատարմագրել լրագրողին: Դարձյալ անօգուտ: Հարուցվել է կատարողական վարույթ՝ հարկադիր միջոցներով հավատարմագրելու մասին: Նույնպես՝ ապարդյուն: Այս ընթացքում գործակալությունը շարունակել է նույն խնդրանքով դիմել քաղաքապետին, դատարանի վճիռը կատարելու մասին դիմումներ հղել: Այս մասին դիմումներ են ուղղվել նաեւ վարչապետին, արդարադատության նախարարին: Իսկ գլխավոր դատախազին գործակալությունը դիմել է քրեական գործ հարուցելու խնդրանքով, քանի որ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի չկատարումը քրեական պատասխանատվություն է ենթադրում (Քրեական օրենսգրքի 353-րդ հոդված): Բնականաբար, լրագրողը դիմել է նաեւ Ոստիկանություն՝ քրեական գործի հարուցման համար: Բաժնի պետ Հ. Թամամյանը գտել է, որ հանցակազմ չկա եւ մերժել է գործի հարուցումը: Սակայն Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը միանգամայն այլ կարծիքի է՝ եւ կարծում է, որ քրեական գործ, այնուամենայնիվ, պետք է հարուցվի: Եվ հիմա քաղաքապետարանը պետք է քրեական գործի շրջանակներում պատասխանի, թե ինչու չի կատարում դատարանի վճիռները: Ավելորդ է նշել, որ բոլոր փաստաթղթերը խմբագրությունում են: Երեկ, մինչ նյութը պատրաստվում էր տպագրության, խմբագրությունը քաղաքապետարանի դեմ ստացավ եւս երկու բողոք, որոնցից մեկը՝ դարձյալ դատարանի վճռի չկատարման մասին: Սակայն բողոքի ուսումնասիրության ընթացքում ուշագրավ հանգամանքներ ի հայտ եկան, որոնց կանդրադառնանք օրերս: ԼԻԼԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆՀ. Գ. Իմիջիայլոց, հենց երեկ երկու գործընկերներս իրենց նյութերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար աշխատանքային օրվա տարբեր ժամերի քաղաքապետարանի 4-5 հեռախոսահամարներով բազմիցս պարզաբանումներ ստանալու ապարդյուն փորձեր էին անում: Հեռախոսներին արձագանքող չկար: Քաղաքապետարանի մի շարք պատասխանատուներ անգամ բջջային հեռախոսներին չեն պատասխանում: Այս նյութի վերաբերյալ եւս նույն պատճառով մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել