Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԼԱՆԴԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ

Մարտ 30,2005 00:00

ՀՈԼԱՆԴԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ Այսօր ժամը 22:30-ին ՀՖՖ մամուլի քարտուղար Արայիկ Մանուկյանը երեկ Հոլանդիայից հաղորդել է. «Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ամստերդամ ժամանեց մարտի 27-ին, տեղական ժամանակով ժամը 10-ին: Եղանակը Հոլանդիայում 12-13 աստիճան է եւ ժամանակ առ ժամանակ անձրեւում է: Հայաստանի պատվիրակությունը եւ երկու հավաքականներն օդանավակայանից անմիջապես մեկնեցին Էյնդհովեն, որտեղ մարտի 30-ին տեղի է ունենալու ազգային հավաքականի պաշտոնական հանդիպումը եւ հանգրվանեցին Վելդհովեն անտառային քաղաքի «Կոնինգշոֆ» բարձրակարգ հյուրանոցում… Հոլանդիայում բավականին մեծ հետաքրքրություն կա Հայաստանի հետ խաղի նկատմամբ, որը մասամբ պայմանավորված է այստեղ բնակվող հայության գործոնով, մասամբ՝ Անդորրայի նկատմամբ տարած հաղթանակով: Մեր պատվիրակության եւ ֆուտբոլիստների՝ հյուրանոցում տեղավորվելուց անմիջապես հետո տեղի ունեցավ այդ երկրի ֆուտբոլային ֆեդերացիայի ներկայացուցիչների հանդիպումը Հայաստանի հավաքականների բժիշկների, 2-րդ մարզիչների, ադմինիստրատորների եւ հավաքականների տեխնիկական տնօրենի հետ՝ որոշելու հավաքականների սննդակարգը, մարզումների ժամերը, դաշտերը, վերականգնողական նախապատրաստությունները: Ի դեպ, ինչպես Վելդհովենում, այնպես էլ Հոլանդիայի գրեթե բոլոր քաղաքներում, գյուղերում, փոքրիկ ավաններում կան բազմաթիվ ֆուտբոլային խաղադաշտեր, որոնք համապատասխանում են միջազգային որոշակի չափանիշների: Մարտի 27-ի երեկոյան ազգային հավաքականի այն անդամները, ովքեր մասնակցել էին Անդորրայի հետ հանդիպմանը, վերականգնողական փուլ անցան, իսկ մյուսները մարզիչներ Կազոնիի եւ Պարդոյի ղեկավարությամբ անցկացրին առաջին նախապատրաստական մարզումը Վելդհովենի Ռոտ-Ուիթ ակումբի խաղադաշտում: Մարզմանը, բացի մեր պատվիրակության անդամներից, հետեւում էին տեղացի բազմաթիվ լրագրողներ: Ազգայինին հաջորդեց երիտասարդականի մարզումը Սամվել Պետրոսյանի եւ Աշոտ Բարսեղյանի գլխավորությամբ: Հաջորդ օրը ազգային հավաքականը մարզվեց ամբողջ կազմով, իսկ երիտասարդականը նախախաղային պարապմունք անցկացրեց Թիլբուրգում, որտեղ «Վիլլեմ //» ստադիոնում երեկ մրցեց Հոլանդիայի իր հասակակիցների հետ: Նախորդ օրը երիտասարդների ավագ մարզիչ Սամվել Պետրոսյանը մեզ տեղեկացրեց, որ Ապուլա Էդիմա Բետեն եւ Վալերի Ալեքսանյանն ընդգրկվելու են երիտասարդական հավաքականի կազմում, ապա մարտի 30-ին կտեղափոխվեն ազգային հավաքականի կազմ: Հոլանդիա-Հայաստան ազգային հավաքականների հանդիպումը Հանրային հեռուստատեսությունն ուղիղ հեռարձակմամբ Էյնդհովենից ներկայացնելու է հայ ֆուտբոլասերներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել