Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ

Ապրիլ 02,2005 00:00

Ինչո՞ւ ես այրեցի նրան Երեկ լրացավ քաղբանտարկյալ Ռազմիկ Զոհրաբյանի ծննդյան 55-ամյակը: Ստորեւ ներկայացվող հրապարակումը հնչել է «Ազատություն» ռադիոկայանով ուղիղ 30 տարի առաջ: Այն ճանաչվեց ներգուլագային շրջանակներում տարվա լավագույն էսսե: Տպագրվում է առաջին անգամ: Ես 25 տարեկան եմ, ծնվել եմ աշխատավորի ընտանիքում եւ նույնպես համարվում եմ աշխատավոր: Ես հայրենասեր եմ եւ ընդհատակյա ԱՄԿ-ի անդամ: 1974թ. հունվարի 20-ին Լենինի հրապարակում ես այրեցի 16,5×8,5 մ չափի ցուցապաստառի վրա պատկերված Լենինի լուսանկարը: Դա այն օրերին էր, երբ Գրոմիկոն ժամանել էր Երեւան՝ Ժողովուրդների բարեկամության շքանշան հանձնելու: Իմ արարքը բողոքի նշան էր, որն ուղղված էր Մոսկվայի կողմից իրագործվող հակահայկական ներքին եւ արտաքին քաղաքականության եւ հայ հայրենասերների եւ այլախոհների բռնության դեմ: Չարաշահելով ռուս ժողովրդի նկատմամբ հայ ժողովրդի բարյացակամությունն ու համակրանքը՝ Մոսկվան դեռեւս ցարական ժամանակներից մութ գործարքների մեջ էր մտնում Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ: Սպիտակ նախարարները երազում էին «առանց հայերի Հայաստանի մասին»՝ միեւնույն ժամանակ լինելով կայսրության ընդարձակման ջատագովներ: Խորհրդային իշխանության ժամանակ Լենինը, հաշվի չառնելով հայ ժողովրդի շահերը, Բրեստի պայմանագրի համաձայն, Թուրքիային ճանաչեց մեր հողերի տիրակալ: Թուրքիային տրամադրվեց զենք, ոսկի, ինչն օգտագործվեց մեր երկիրը զավթելու, հայ բնակչությանը ոչնչացնելու համար: 1921թ. մարտին եւ սեպտեմբերին Մոսկվան կրկին վաճառեց Ադրբեջանին մեր հողերը, մեր մի քանի շրջանները՝ Ղարաբաղը, Նախիջեւանը՝ հարեւան ժողովուրդների միջեւ թշնամությունը հավերժացնելու նպատակով: Ճնշամիջոցները դարձան մեր ազգի լավագույն որդիների մշտական ուղեկիցը, ընդհուպ մինչեւ ֆիզիկական ոչնչացումը: Ուրալն ու Սիբիրը դարձան աքսորի, բանտարկության խորհրդանիշներ: Հայ ժողովրդի ազգային հարցը լուծված չէր: Խորհրդային հայերի 40%-ը իր կամքին հակառակ ապրում է Հայաստանի սահմաններից դուրս: Հայաստանն ի վիճակի չէ ընդունել բոլոր ցանկացողներին եւ հայրենիք վերադառնալու հնարավորությունից զրկվածներին: Հայաստան էին ուղարկվում ռուս ազգի վատագույն ներկայացուցիչները, Հայաստանի նկատմամբ փաստացի վերահսկողություն սահմանելու համար՝ ՊԱԿ-ի նախագահին, ԿԿ երկրորդ քարտուղարին եւ այլոց: 1964-1965թթ. սկսվեցին ազգային ինքնագիտակցության եկած հայ երիտասարդների եւ այլախոհների զանգվածային հետապնդումները: Դատական դաժան պատիժները դարձան սովորական երեւույթ: Տնտեսական, բարոյական եւ ֆիզիկական տեռորի նպատակն էր սարսափ տարածել հայոց ազգի ազատասեր եւ ազատամիտ որդիների մեջ, բայց զուր են հույսերը. չի կարելի սպանել անկախության, ազատության ոգին, ժողովրդավարական գաղափարները: Բռնության զոհ դարձած փառապանծ փոքրամասնությունը տանջահար է լինում («դաստիարակվում») քաղցից, ցրտից, քամահրանքից: Այս բարբարոսական արարքները 1915թ. ցեղասպանության շարունակությունն են, հայ ժողովրդի յուրօրինակ քաղաքական սպանդը, որը պետք է որակել որպես հանցագործություն մարդկության դեմ: Ոտնահարելով ՄԱԿ-ի սկզբունքները, Մարդու իրավունքների հռչակագիրը, տարրական համամարդկային եւ իրավական նորմերը՝ Մոսկվան ցանկանում է ետ շրջել պատմության անիվը: Զուր են ջանքերը: Ազգերի վերածնունդն ու առաջընթացը սահմանված են ի վերուստ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել