Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին հոսանքազրկվում է

Ապրիլ 02,2005 00:00

Գյումրին հոսանքազրկվում է Չնայած էլցանցը տեղից չի շարժվում Օրերս մեր թերթին էլցանցի դեմ հսկա բողոք էին ներկայացրել Գյումրիի Շիրակացու 56, 66, Կամոյի 50, Ձորի թաղի, 207 տնակային թաղամասի բնակիչները՝ տեղեկացնելով, որ «լեն ու բոլ» աշխարհում իրենք առանց լույսի են ապրում: Բնակիչների վկայելով, արդեն մեկ ամիս է՝ հսկայական թաղամասում հաճախակի է դարձել հոսանքազրկումը, իսկ եթե էլցանցը «սխալվում» ու այն վերականգնում է, ապա իրենց ուրախությունը, ոչ ավել, ոչ պակաս՝ տեւում է երկու ժամ: Որպես կանոն, հիշյալ թաղամասի «սեւ ու մութ» օրերը սկսվում են մարտից՝ ձնհալքի ու հորդառատ անձրեւների ժամանակ, երբ տեղի ապրողների ենթադրելով՝ «կաբելները թրջվում են»: «Եղանակների հետ յոլա ենք գնում»,- կատակում են նրանք՝ իրականում դժգոհելով, որ «էս սառնամանիք» քաղաքում տաքանալու միակ միջոցը էլեկտրաէներգիան է: Պարզվում է, թաղամասի հատուկենտ մարդկանց բնակարաններն են գազիֆիկացված: «Իսկական 88 թիվը լինի, նույնիսկ մոմ վառել չենք կարող, եթե տան մեջ ֆռռացող քամին չանջատի՝ կտուրից չռչռացող անձրեւը կանջատի ու կանջատի»,- նկարագրում են տնակային թաղամասում ապրողները կամ ինչպես իրենք են ասում՝ «երկաթի մեջ հուր-հավիտյան փտողները»: Իմիջիայլոց, հիշյալ թաղամասի հոսանքազրկումը էժան չի նստում բոլոր գյումրեցիների վրա. տեղեկացնենք, որ սա քաղաքի կենտրոնական հատվածն է եւ այստեղ տեղակայված են գյումրեցիների համար կարեւոր նշանակություն ունեցող օբյեկտներ, օրինակ՝ քաղաքապետարանը, երկու բուժհաստատություններ, դիահերձարանը, «Շիրակ» հեռուստատեսությունը, բազմաթիվ խանութներ…Եթե գյումրեցիներից որեւէ մեկին շտապ տեղեկանք պետք լինի՝ համակարգիչների չաշխատելու պատճառով օրերով պիտի սպասի, նաեւ՝ բժշկական լուրջ միջամտության կարիք զգալիս: Մեր տեղեկություններով, հոսանքազրկման պատճառով վիրահատություններն իրոք հետաձգվում են, չնայած երբեմն բժիշկները դիմում են 93-ից ժառանգություն ստացած էլեկտրաշարժիչների (դվիժոկների) օգնությանը: Հոսանքազրկման իրական պատճառները ճշտելու նպատակով դիմեցինք «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Լյուդվիգ Սարգսյանին: Պաշտոնյայի ասելով, քանի որ Շիրակացու թաղամասում մալուխները կցորդիչներով են միացված եւ մի մասն էլ ջրի միջով է անցնում, ուստի արագ վնասվում են: Ըստ նրա, այս հարցում բնակիչներն էլ անմեղ չեն, ժամանակին ով որտեղ հարմարեցրել՝ տնակ է տեղադրել, լուրջ վնաս հասցնելով մալուխներին: Դա 80-ականների վերջերին, ինչո՞ւ այսօր մասնավորեցված էլցանցը ներդրումներ կատարելու մասին չի մտածում, առավել եւս, ըստ Լյուդվիգ Սարգսյանի, Շիրակացուց բացի, Գյումրիի այլ թաղամասեր եւս հաճախակի են հոսանքազրկվում: Պաշտոնյայի տեղեկացնելով, այժմ էլցանցի կողմից ուսումնասիրություններ են կատարվում, թե որ հատվածներում են հաճախակի անջատումները, որտեղ կան մալուխային վնասվածքներ, եւ առաջիկայում պատրաստվում են հաշվետվություն ներկայացնել Երեւան՝ որոշակի ներդրումներ ստանալու ակնկալիքով: Իսկ երեք տարի շարունակ տառացիորեն նույն պատմության մեջ հայտնվող բնակիչներին անկեղծորեն զարմացնում է էլցանցի պաշտոնյայի պատասխանը: «Բա մինչեւ հիմա ի՞նչ էիք անում»,- հարցնում են նրանք: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել