Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՆՊԱՍՏ ԶԵԿՈՒՅՑԸ

Մայիս 26,2005 00:00

ՀԵՐԹԱԿԱՆ
ԱՆՆՊԱՍՏ ԶԵԿՈՒՅՑԸ «Միջազգային hամաներում»՝ «Amnesty International»
միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա զեկույցը: 149
երկրների շարքում կազմակերպությունն անդրադարձել է նաեւ Հայաստանին: Զեկույցում վերահաստատվում
է նախորդ զեկույցի պնդումը, թե Հայաստանում «ոտնահարվում է խղճի ազատության իրավունքը»:
Նախորդ տարվա զեկույցից փոխանցվել են նաեւ 2003-ի ապրիլյան իրադարձությունների
գնահատականները: Մասնավորապես նշվում է. «Ոստիկանությունը ուժային միջոցներ է կիրառել
ցուցարարների նկատմամբ, ովքեր պահանջում էին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկությունը:
Ընդդիմության բազմաթիվ ակտիվիստներ, այդ թվում՝ կանայք, ծեծվել են ոստիկանության
կողմից: Լրագրողներ, ընդդիմության ներկայացուցիչներ ու մարդու իրավունքների մի պաշտպան
հարձակման են ենթարկվել անհայտ անձանց կողմից»: Սակայն իշխանություններն, ըստ «Amnesty
International»-ի, այս ամենը որակեցին «հեղաշրջման փորձ» եւ քրեական գործ հարուցեցին
«Արդարություն» դաշինքի նկատմամբ: «Հետաքննությունը, ստացված տեղեկությունների համաձայն,
ավարտվել է սեպտեմբեր ամսին՝ առանց որեւէ մեղադրանքի ներկայացման»,- փաստում են հեղինակները:
Զեկույցն անդրադառնում է նաեւ դեպքի առնչությամբ ձերբակալվածներին՝ նշելով պաշտպանության
նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի եւ Էդգար Առաքելյանի անունները: «Amnesty
International»-ի զեկույցում նշվում է նաեւ, որ 2004-ի հոկտեմբերին՝ 9 տարվա սպասումից
հետո, Հայաստանի արդարադատության նախարարությունը վերջապես գրանցել է «Եհովայի վկաներին»:
Այդուհանդերձ նշվում է, որ չնայած ԵԽ-ի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններին՝
«պարտադիր զինվորական ծառայության հակառակորդները շարունակվել են բանտարկվել»: 2004-ին
1-2 տարվա ազատազրկման է դատապարտվել 13 մարդ («Եհովայի վկաներից»)՝ զինվորական ծառայությունից
հրաժարվելու համար: Եվս մեկը տուգանվել էր, իսկ 11-ը ազատ էին արձակվել պայմանականորեն:
Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել