Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցը

Հունիս 07,2005 00:00

Դպրոցը դեֆորմացնող շարժառիթ էլ չկա՞ Երեկ ամփոփվեցին մեդալակիրների քննությունների արդյունքները: Երկու քննությունների արդյունքով մեդալի հավակնորդի իրավունքը պաշտպանեց 92 հոգի: Քննություններին թույլատրված հավակնորդների թիվը նախապես 196 էր, եւ այս տարի էլ, անցյալ տարվա պես, մեդալակիր դարձավ հավակնորդների 46 տոկոսը: Ի դեպ, անցյալ տարի այս ցուցանիշը համարվում էր ոչ բավարար՝ նախորդ՝ 54 տոկոսի համեմատությամբ: Սակայն, վերջնական արդյունքից զատ, անցյալ տարի հավակնորդների խայտառակ ցուցանիշների ականատեսը դարձանք: Այս տարի պատկերը բոլորովին այլ է. ամենացածր գնահատականը, որ գրանցվել է 2 քննությունների արդյունքում, 17-ն է՝ անցյալ տարվա 0-ների, 1-երի եւ 2-ների դիմաց: Արդյունքները վկայում են, որ այս տարի մեդալի հավակնել են իրապես լավագույն շրջանավարտները, ովքեր անտեսվում էին այն ժամանակ, երբ մեդալն ընդունելության քննություններում զգալի արտոնություն էր դիմորդի համար, եւ տնօրենները (կամ այլ պաշտոնյաներ) առաջ էին մղում իրենց ուզած մարդկանց: Մեր հրապարակումներից մեկում անդրադարձել ենք խնդրին, թե պե՞տք է արդյոք պահպանել մեդալի արտոնությունը: Տնօրեններն այստեղ համակարծիք չեն, եւ արտոնությունների կողմնակիցներն իրենց դիրքորոշումը հիմնավորում են այսպես. «քանի որ դպրոցն արդեն թուլացած է, նման արտոնության վերացումը կարող է ավելի թուլացնել այն»: Սակայն փաստը ցույց է տալիս, որ մեդալի արտոնությունը ավելի վտանգավոր է դպրոցի վարկի համար: Այս առիթով դեռ անցյալ տարվա քննությունների ապշեցուցիչ արդյունքներից հետո ՀՀ նախագահը ասաց. «Դպրոցներում բացակայում է պատշաճ վերահսկողությունը, ձեւավորվել է արատավոր պրակտիկա, որը վարկաբեկում է հենց մեդալի գաղափարը: Մեդալը ստանում են ինքնանպատակ, ավելի թեթեւացված ռեժիմով բուհ ընդունվելու հեռանկարով եւ այդ շարժառիթը շատ բան է դեֆորմացնում դպրոցում»: Եվ նախագահի վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների եւ գրանցած խախտումների արդյունքում դեռ անցյալ տարի որոշվեց հանել մեդալի արտոնությունը: Այսպիսով՝ 92 մեդալակրից 21-ը մայրաքաղաքի դպրոցներից է, 14-ը Սյունիքից, 13-ը Տավուշից, 9-ը Կոտայքից եւ այլն: Վայոց ձորից թույլատրված 2 հավակնորդ չի մասնակցել քննություններին, իսկ Արցախից այս տարի ոչ ոք հայտ չի ներկայացրել: Ի դեպ, երկրորդ քննությանը մասնակցած եւ 19 միավոր վաստակած 3 հավակնորդ՝ ֆիզմաթ դպրոցից, բողոքարկել է հայոց լեզվի 17-ական միավորները: Բողոքարկման արդյունքը դեռ հայտնի չէ: Տավուշի մարզից առավելագույն միավորներ վաստակած 15 հավակնորդից 2-ը հրաժարվել է մասնակցել երկրորդ քննությանը: Պատճառները հայտնի չեն: Ընդհանրապես, Տավուշի մարզի եւ ԿԳՆ-ի կապը այնքան էլ հաստատուն չէ. այս մարզից բավական ուշացումով ստացվեցին նաեւ առաջին քննության արդյունքները: Մեդալի հավակնորդները մնացած 4 քննությունները կհանձնեն իրենց դպրոցներում: Եվ մեդալ կստանան դպրոցական քննություններից գերազանց գնահատականներ ստանալու դեպքում միայն: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել