Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱ

Հունիս 07,2005 00:00

«ՍԱ ԲՈԼՈՐԻՍ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է» Կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանը գնահատում է խաչատրյանական մրցույթը Երեկ «Ա. Խաչատրյան» համերգասրահում մեծ գալա համերգով ավարտվեց Արամ Խաչատրյանի անվան ավանդական միջազգային մրցույթը: Առաջին մրցանակը (յուրաքանչյուրը 7500-ական դոլարին համարժեք դրամ) կիսեցին Սաթենիկ Խուրդոյանը (Ֆրանսիա) եւ Մարտին Յավրյանը (Հայաստան), երկրորդ մրցանակը (յուրաքանչյուրը $5000-ական)՝ Գեւորգ Ղարաբեկյանը եւ Սյուզի Երիցյանը (Հայաստան), երրորդ մրցանակին (յուրաքանչյուրը $2500-ական) արժանացան Մարիաննա Ասրիեւան (Վրաստան) եւ Այա Մուրակին (ԱՄՆ): Խրախուսական մրցանակի ($2000) արժանացավ Աստղիկ Վարդանյանը (Հայաստան): Ինչպես տեղեկացրել էինք, մրցութային օրերին հանդիսատեսը հնարավորություն ուներ ձայն տալու իր նախընտրած ջութակահարին՝ մեզանում առաջին անգամ կիրառվող փակ քվեատուփի միջոցով: Հանդիսականի համակրանքը շահեց մրցույթի առաջին մրցանակակիր, Երեւանի պետկոնսերվատորիայի ուսանող Մարտին Յավրյանը (պրոֆեսոր Արտաշես Մկրտչյանի դասարան): Ա. Խաչատրյանի ստեղծագործության լավագույն մեկնաբանման համար դիպլոմ ստացավ Այա Մուրակին: Սահմանված էին նաեւ ժամանակակից, վիրտուոզ երկերի լավագույն մեկնաբանության եւ երիտասարդ մասնակցի համար մրցանակներ: Երեկոյի ավարտին «Առավոտի» հետ զրուցեց ժյուրիի նախագահ, մոսկվաբնակ կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանը: «Ավելի քան ութ տասնյակ տարիներս թույլ են տալիս ասելու, որ նախ հանդգնություն է հարկավոր շարունակելու աշխարհում հայտնի հայկական կատարողական, մասնավորապես ջութակի դպրոցը: Այն, ինչի ականատեսը եղա մրցութային օրերին (նկատի ունի հայ ջութակահարների կատարումները), ինձ պարզապես ապշեցրեց»,- ասաց պարոն Խաչատրյանը: Ըստ նրա, այսքան դարդուցավ տեսած մերօրյա երիտասարդ արվեստագետները (նկատի ունի մրցույթին մասնակից հայ ջութակահարներին) ինչպիսի նպատակասլացություն, համառություն պետք է ունենային՝ երկրաշարժին ու դրանից հետո ծանր տարիներին ոչ միայն դիմակայելու, այլ նաեւ զբաղվելու իրենց ուսմամբ. «Այստեղ, իհարկե, անգնահատելի են ձեր կոնսերվատորիայի նվիրյալ դասախոսական կազմի ջանքերը»: «Անշուշտ, գիտեի ու կրկին համոզվեցի, որ, այո, անտիկ քիչ ժողովուրդներ են հարատեւել, որ այսօր էր համընթաց են արդի քաղաքակրթությանը եւ դրանց մեջ են հայերը, որ համաշխարհային մշակույթի հետ երկխոսություն են վարում հավասարի իրավունքով»,- ոգեւորված նշեց ժյուրիի նախագահը: Նա նշեց նաեւ մրցույթի կազմակերպչական բարձր մակարդակի մասին. «Ես չեմ հիշում, թե սա թվով իմ որերորդ մրցույթն է, բայց մի բան էլ առաջին անգամ տեսա. մասնակիցների բանակը այնքան բարձրակարգ էր, որ մեկ ջութակահարին երկրորդ փուլից երրորդ չանցկացնելու համար ժյուրիի քննարկումը տեւում էր ժամեր: Սա էլ ասեմ, ի պատիվ ժյուրիի իմ գործընկերների՝ Էդուարդ Թադեւոսյանի, անգլիացիներ Գրիգորի Ժիսլինի, Քըրթիս Փրայսի, Խորվաթիայից Ինո Միրկովիչի, մեր մեծ հայի՝ Ժան Տեր-Մերկերյանի, ոչ մի տարաձայնություն չեղավ»,- տեղեկացրեց Կ. Խաչատրյանը: Հուրախություն իրեն, Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները բոլոր մասնակիցների կողմից կատարվել էին մեծ ոգեւորությամբ ու բարձր արտիստիզմով. «Հատկապես պետք էր լսել Ամերիկան ներկայացնող ճապոնուհի Մուրակիի խաչատրյանական կատարումները: Անկեղծ ասած, ոչ մի երկրում մի քանի օրերի ընթացքում այսքան Խաչատրյան չէի լսել, ինչի ունկնդիրը եղա Հայաստանում: Համոզված եմ, որ համակարծիք կլինեք ինձ հետ՝ սա ոչ միայն իմ, այլեւ բոլորիս հպարտությունն է»: Հետաքրքրվեցինք, թե կոմպոզիտորն ինչո՞ւ վերջին տարիներին չի այցելում հայրենիք: Եթե չենք սխալվում, Կ. Խաչատրյանը վերջին անգամ Հայաստան է եկել 80-ականների սկզբին: Մեր հարցին ի պատասխան, որպես «մեղմացուցիչ» հանգամանք, նա վկայակոչեց 90-ականների սկզբները, հետո ավելացրեց. «Չեմ կարծում, որ իմ գալն այդչափ էական է: Հիմնականում ստեղծագործական կյանքս է մեղավոր: Ես հայ կոմպոզիտոր եմ, այն էլ Խաչատրյան ազգանվամբ: Կարծում եմ, ինչ էլ որ լինի, որտեղ էլ լինի, հայի ազգանունը բարձր պահելն է կարեւոր»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել