Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՏԱՊՆԴՈ՞ՒՄ

Օգոստոս 02,2005 00:00

ՀԵՏԱՊՆԴՈ՞ՒՄ ԵՆ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ» Ըստ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանի՝ այո Շաբաթ օրը Թալին, Վարդենիս, Արարատ եւ Արմավիր քաղաքներում «Դռնեդուռ» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել «Հանրապետություն» կուսակցության տարածքային կազմակերպության եւ ամերիկյան «Ժողովրդավարության զարգացման» կազմակերպության անդամների հետ համատեղ հավաք: Արմավիրում, մինչ հանդիպման սկիզբը, տարածքային Ազգային անվտանգության աշխատակիցները հետեւել են կազմակերպության ղեկավարին, հյուրերին, Երեւանից մեկնած դասավանդողներին: Նրանք բոլորը գտնվել են Արմավիրի թիվ 4 դպրոցի շենքում, քանի որ դասընթացներն այնտեղ էին անցկացվելու: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանի վկայությամբ՝ դասընթացները կապված են ընտրությունների հետ, մարդկանց ծանոթացնում են քարոզչություն իրականացնելու մեխանիզմներին: Պարոն Զեյնալյանը մեզ տեղեկացրեց, որ «Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները, որոնցից մեկի անունը հայտնի է՝ Գոռ, եւ նաեւ Արմավիրի ոստիկանության քրեական բաժնի աշխատակից, հավանաբար՝ օպեր, Զավեն Օհանյան անուն-ազգանունով մի անձնավորություն, միջամտել են այդ միջոցառմանը: Դուրս են հրավիրել մասնակիցներին, տարածքային կազմակերպության պատասխանատուներին եւ «հետաքրքրվել» են, ըստ էության՝ հարցաքննել են, թե ինչի՞ն է վերաբերում հավաքը եւ ի՞նչ հարցերի մասին են ներսում խոսում: Միջամտել է ամերիկյան «Ազգային ժողովրդավարության ինստիտուտի» ներկայացուցիչը, որը տվյալ պահին գտնվել է Արմավիրի դասընթացին: Այդ միջամտությունից հետո ԱԱ աշխատակիցները դադարեցրել են ապօրինի գործողությունները եւ «Ազգային ժողովրդավարության ինստիտուտի» ներկայացուցիչը դրանից հետո մեկնել է Արարատ, որտեղ եւս տեղի էին ունենում նման դասընթացներ, այս անգամ՝ այնտեղի դասընթացների որակը գնահատելու նպատակով: Նրա մեկնելուց հետո ԱԱ տարածքային ծառայության ներկայացուցիչները դարձյալ միջամտել եւ պարտադրել են, որ դասընթացը դադարեցվի: Բացի այդ, հանրապետության այլ բնակավայրերում եւս, մինչ այդ, ԱԱԾ ներկայացուցիչները հետաքրքրվել են, զրույցի են կանչել եւ մեր ներկայացուցիչներին»: Ներկայացնելով այս ամենը՝ Արտակ Զեյնալյանը կատարվածը գնահատում է որպես միջամտություն կուսակցությունների ազատ գործելու իրավունքին, միջամտություն՝ միավորումներ կազմելու ազատ իրավունքին. «Այս միջամտությունները եղել են օրենքով չնախատեսված, չեն հետապնդել որեւէ իրավապահ նպատակ, եղել են կամայական, որը չի համապատասխանում ժողովրդավարական հասարակության չափանիշներին»: Մեր հարցին՝ նման միջամտության նախադեպեր եղե՞լ են առաջներում, արդյո՞ք կուսակցության այլ միջոցառումների եւս այդքան ուշի-ուշով հետեւել են անվտանգության աշխատակիցները, Արտակ Զեյնալյանն ասաց. «Այո, նման միջամտություն եղել է նաեւ մեր կուսակցության 4-րդ համագումարին նախորդած կոնֆերանսների ժամանակ, մենք այդ կապակցությամբ ժամանակին նաեւ մամլո հաղորդագրություն ենք տարածել: Սակայն պետությունը չի կատարել իր պարտականությունը, եւ այդ տեղեկատվության հիման վրա դատախազությունը օրինական միջամտություն չի դրսեւորել եւ համապատասխան արձագանք չի եղել, ինչը պարտավոր էր անել որոշման ձեւով»: Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ ինքը կատարված հանցագործության մասին դատախազությանն ուղղված հաղորդում է նախապատրաստում. «Իհարկե, որեւէ ակնկալիք չունեմ, ինչպես որ ակնկալիք չեմ ունեցել եւ չեմ էլ ստացել դատախազության կողմից որեւէ արձագանք ապրիլի 12-13-ի դեպքերի կապակցությամբ դատախազությանն ուղղված իմ հաղորդմանն ի հետեւանք: Որեւէ ակնկալիք չունեմ, սակայն սա մի գործընթաց է, որը պիտի արվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելուց առաջ: Պետք է ցույց տրվի, որ սպառվել են մեր պետական պաշտպանության բոլոր ռեսուրսները»: Այս միջամտությունը կապվո՞ւմ է կուսակցության կողմից վերջին շրջանում առավել ակտիվ շրջանառության մեջ դրված դեմոկրատական հեղափոխության եւ այս կարգի այլ հայտարարությունների հետ: Մեր այս հարցին ի պատասխան, Արտակ Զեյնալյանն ասաց. «Ընդհանրապես, սա ես սերտորեն կապում եմ մեր կուսակցության անվան հնչեղության հետ: Կարելի է ասել, որ իշխանությունները հետապնդում են «Հանրապետություն» կուսակցությանը, մեր կուսակցութայն անդամները քաղաքական հետապնդումների մեջ են, նաեւ գիտեք, մենք ունենք քաղաքական բանտարկյալ»: Ըստ ամենայնի, պարոն Զեյնալյանը նկատի ունի ազատազրկման դատապարտված Արմեն Սարգսյանին: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Երեկ մենք զանգահարեցինք նաեւ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվի Բաղրամյանին եւ հետաքրքրվեցինք՝ ի՞նչ տեղեկություններ ունեն Արմավիրում շաբաթ օրը տեղի ունեցածի մասին եւ ի՞նչ բացատրություն կտան կատարվածին: Մեզ պատասխանեցին, որ նման բան չի եղել, ասվածը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը եւ իրենց կողմից որեւէ մեկնաբանություն չի լինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել