Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ

Օգոստոս 02,2005 00:00

Որտե՞ղ է դնում իշխանությունն իր ձվերը Այս հարցը անչափ հուզում է ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանին, որը «Ազդակ» ակումբում անցած շաբաթվա վերջին օրը փորձում էր բացատրել, որ արդեն ութ տարի նախագահական ինստիտուտը չի գործում: Ըստ Հմայակ Հովհաննիսյանի, այսօր օլիգարխները փորձում են դա օրինականացնել եւ ավելի ուժեղացնել երկրի վարչապետին, որի շնորհիվ էլ օլիգարխները կկարողանան ավելի ակտիվ «ղեկավարել» երկիրը: Ըստ պարոն Հովհաննիսյանի՝ «Իշխանությունը շահագրգռված է իր ձվերը դնել երկու զամբյուղների մեջ, որպեսզի կարողանա վերարտադրվել, վերարտադրվելու խնդիր ունի: Որովհետեւ, այնուամենայնիվ, պարզ դարձավ, որ, այո, հեղափոխություններից հետո դրվում է սեփականության վերաձեւման խնդիր, սեփականության արդյունքների վերանայման խնդիր: Եթե այդ հարցը չդրվի, ժողովուրդը ոտքի չի կանգնի, որովհետեւ ժողովուրդն այսօր ամենաշատը վիրավորված է սեփականաշնորհման անարդար արդյունքներից: Ուստի իշխանությունն այսօր պետք է ամեն ինչ անի իր վերարտադրվելու հնարավորությունն ապահովելու համար: Եվ գործող իշխանության համար շատ ավելի ապահով կլինի, եթե ընդունվեն իր սահմանադրական փոփոխությունները, որ հնարավորություն ունենա խորհրդարանական ընտրություններով կանխորոշել նախագահական ընտրությունների արդյունքները: Եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքում օլիգարխիան, իսկ դա անխուսափելի է, խորհրդարանում մեծամասնություն կազմեց, վերարտադրվեց»,- այդ դեպքում, ըստ Հմայակ Հովհաննիսյանի, օլիգարխիայի նշանակած վարչապետը դառնալու է իրավիճակի տերը (քանի որ, ըստ փոփոխվող նախագծի, ԱԺ-ին տրվելու է վարչապետ հաստատելու աննախադեպ հնարավորություն): Այս դեպքում առաջանալու է մի հարց, որը պարոն Հովհաննիսյանը գնահատում է այսպես. «Դուք այդ դեպքում համաձայնելո՞ւ եք, որ ՀՀ նախագահ ընտրվի մի մարդ, որը չունի ռեալ իշխանական ներուժ, ռեալ լծակներ, չի կարող կրել պատասխանատվություն երկրի ապագայի համար, բայց՝ օրինակ, գեղեցիկ խոսում է ԵԽԽՎ ամբիոնից»: Օրինակ, ո՞ւմ նկատի ունեք, հարցրեց «Առավոտը», որովհետեւ ամբողջ ասուլիսի ընթացքում պարոն Հովհաննիսյանը բացառապես հռետորական բաներ էր ասում, փորձեցինք կոնկրետացնել, բայց ստացվեց՝ ինչպես միշտ, քանզի պարզվեց, որ պարոն Հովհաննիսյանը նկատի ունի. «Օրինակ՝ ինձ, կցանկանա՞ք, որ ես ընտրվեմ, եթե ես իշխանական ներուժից զրկված եմ, եթե ես ոչինչ չեմ կարողանա անել: Ոչ, դուք կհամաձայնեք, որ հանրապետության նախագահ ընտրվի այն մեկը՝ օլիգարխիայի կողմից նշանակված վարչապետը, որպեսզի կարողանաք գոնե նրանից պատասխան ակնկալել, գոնե կարողանաք ասել, որ դու ռեալ իշխանության ներուժն ես, ուրեմն, դու կրիր պատասխանատվությունը»: Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել