Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 11,2005 00:00

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ Սա է մեր քաղաքականամերձ շրջանակներում ամենամոդայիկ հարցը Կա՞ արդյոք Հայաստանում հեղափոխածին իրավիճակ, կա՞ հեղափոխության պահանջարկը, եւ ովքե՞ր են առաջարկողները: Կարճ ասած՝ որքանո՞վ է հավանական, որ մեր երկրով էլ կանցնի գունավոր հեղափոխությունների քամին: Այս հարցերի պատասխաններն էին երեկ փորձում գտնել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) հավաքվածները: Քաղաքացիական ազգային նախաձեռնության կազմակերպած կլոր սեղանի ժամանակ, ըստ էության, չտրվեց ամենաէական հարցի պատասխանը՝ պե՞տք է մեզ հեղափոխություն, թե՞ ոչ: Այս հարցում տարակարծիք էին նույնիսկ զեկուցողները, ուր մնաց թե՝ քննարկման մյուս մասնակիցները: Առաջին զեկուցողը՝ Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը, համաձայն չլինելով ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի այն կարծիքի հետ, թե Հայաստանում չկա հեղափոխածին իրավիճակ, ներկայացրեց իր դիտարկումները, համաձայն որոնց՝ մեր երկրում առկա են հեղափոխության բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ խմբային, կլանային շահերն ամեն ինչից վեր դասող իշխող վերնախավի լեգիտիմության դեֆիցիտ, երկրում առկա քաղաքական համակարգը փոխելու քաղաքական էլիտայի անկարողություն եւ ցանկության բացակայություն, կոռուպցիայի եւ ստվերայնության բարձր աստիճան, սոցիալական բեւեռացում, իշխանության բոլոր օղակների հանդեպ ժողովրդի կատարյալ անվստահություն: Այս վերջին դրույթն ապացուցելու համար տիկին Մկրտչյանը ներկայացրեց իրենց անցկացրած մինի-հարցումները: Երեւանի փողոցներում հարցման ենթարկված 50 հոգուց միայն 6-ն է ասել, որ «Հայաստանում ոչնչից չի վախենում»: Մյուս հարցվողները ՀՀ-ում վախեցել են իշխանություններից, անօրինականությունից, ապագայի հանդեպ անորոշությունից եւ նույնիսկ՝ ազատ արտահայտվելուց: «2003-ին մեր երկրում հեղափոխածին իրավիճակ էր, սակայն ընտրությունների արդյունքում հեղափոխություն տեղի չունեցավ: Իրավիճակը չփոխվեց: Իսկ երբ հեղափոխածին իրավիճակները չեն հանգուցալուծվում հեղափոխությամբ, ճգնաժամն անխուսափելի է: Այսօր Հայաստանում համակարգային լուրջ ճգնաժամ է, եւ հեղափոխությունն անխուսափելի է, քանի որ, ցավոք, մեր երկրում էվոլյուցիոն ճանապարհը չի աշխատում»: Մյուս զեկուցողը՝ ՌԱՀՀԿ փորձագետ Հովհաննես Վարդանյանը, գտնում էր, որ ԱՊՀ երկրներից յուրաքանչյուրում կատարված կամ կատարվող հեղափոխությունը վարակիչ է մյուս երկրների համար, եւ այս առումով կոնկրետ Հայաստանի համար նոյեմբերին Ադրբեջանում սպասվող խորհրդարանական ընտրությունները լուրջ փորձաքար կարող են լինել: Անկախ նրանից, թե ինչպիսին կլինի ելքը՝ ազնիվ ընտրություններ, թե անազնիվ ընտրություններ եւ դրանց հաջորդող հեղափոխություն, Հայաստանը կհայտնվի ծանր վիճակում, քանզի կմնա տարածաշրջանի միակ ոչ լեգիտիմ իշխանությամբ երկիրը: Այս պարագայում չի բացառվում, որ Արեւմուտքի փոխարեն Հայաստանում հեղափոխության նման մի բան հրահրի Ռուսաստանը, եւ ավտորիտար ռեժիմին կփոխարինի ռուսամետ գործիչ, որը նույնքան հեռու կլինի ժողովրդավար արժեքներից: Ըստ փորձագետի, հնարավոր է, որ հեղափոխությունը ոչ միայն շատ խնդիրներ չլուծի, ինչպես՝ օրինակ, Վրաստանում ավտորիտար վարչակարգը փոխարինվեց ավելի կոշտ վարչակարգով, այլեւ՝ նոր խնդիրներ առաջ բերի: Օրինակ, սկսվի ներքին կապիտալի դուրսբերում երկրից: Այսօր էլ դրա վտանգը կա, քանի որ մեր օլիգարխներից շատերը իրենց կապիտալը ներդնում են Արեւելյան Եվրոպայում եւ Թուրքիայում, որտեղ քաղաքական իրավիճակն ավելի կայուն է եւ չկա հեղափոխության սպառնալիք: ՌԱՀՀԿ մյուս փորձագետը՝ Սյուզան Բարսեղյանը, հետազոտել էր մայիս ամսին լույս տեսած 13 հայալեզու պարբերական, որոնցում հայտնաբերել էր այս կամ այն չափով հեղափոխությանն առնչվող 153 հրապարակում: Ամենաշատը հեղափոխության թեմային անդրադարձել էին «Առավոտ» եւ «Հայոց աշխարհ» թերթերը: Իսկ ահա Հայ Հեղափոխական Դաշնակցության պարբերականը՝ «Երկիրը», մայիս ամսվա ընթացքում ոչ մի հրապարակում չէր տպագրել, որը որեւէ ձեւով կառնչվեր հեղափոխական թեմաներին: Հիշյալ 153 հրապարակումներից 29-ը պարունակել է հեղափոխության սցենարների կանխատեսում, որոնցից 12-ում հնարավոր է համարվել հեղափոխությունը, իսկ 17-ում՝ անհնար: Հետաքրքիր է, որ հեղափոխությանն առնչվող հոդվածներում Ռոբերտ Քոչարյանի անունը բացասական իմաստով հնչել է 36 գնահատականներից 26-ում եւ դրական տոնայնությամբ՝ 2-ում: Հեղափոխական «հերոսների» մեջ երկրորդ տեղում Արամ Կարապետյանն է՝ իր 33 ձայնով, որոնցից 16-ը՝ բացասական եւ 2-ը՝ դրական տոնայնությամբ: Հիմնականում բացասական կերպով են հիշատակվել Ստեփան Դեմիրճյանի եւ Արամ Զ. Սարգսյանի անունները: Միակ մարդը, որին հիշատակել են միայն բացասական առումով, սակայն ընդամենը 7 անգամ՝ Սերժ Սարգսյանն է եղել: Դրական հեղափոխական «հերոս» մենք չունենք: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել