Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ» ԱՐՏԱՔՍՈՒՄ

Օգոստոս 17,2005 00:00

«ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ» ԱՐՏԱՔՍՈՒՄ Իշխանություններին պետք չէ «ոչ բազեավարի» մտածող սերունդ Հունիսի 4-ին լրացավ մանկապատանեկան «Կանչ» թերթի 80-ամյակը: Այդ օրը հոբելյանական թերթ լույս չտեսավ, խմբագրության դուռը բացող ու շնորհավորող չեղավ, «Կանչից» սկսած կամ «Կանչով» մեծացած որեւէ մեկը չհիշեց ժամանակին սիրելի թերթի հոբելյանը: Թեպետ խմբագրության դռները բաց էին նաեւ այդ օրը, բայց թերթը լույս չի տեսնում մարտ ամսից: Պատճառը պետբյուջեով նախատեսված, բայց չտրամադրված գումարն է: 1990 թվից Գերագույն խորհրդի որոշմամբ մանկապատանեկան 3 պարբերական՝ «Կանչը», «Աղբյուրն» ու «Ծիծեռնակը», անցան պետական հոգածության տակ եւ ֆինանսավորվում են պետբյուջեից: Գումարն առանձին տողով ամրագրված է կրթության եւ գիտության նախարարության բյուջեում: Այս տարի նույնպես նախատեսվել է «Կանչին» հատկացնել 9,5 մլն դրամ, սակայն տարեսկզբից մի լումա չի փոխանցվել: Արդյունքում թերթը կուտակել է աշխատավարձի եւ սպասարկման պարտքեր: Առաջինը դեռ ոչինչ՝ 12 աշխատողները, հասկանալով իրավիճակը, համբերատար սպասում են: Հատկապես, որ աշխատել են ընդամենը մեկ եռամսյակ: Իսկ տարածքի տերը՝ Պետական գույքի կառավարման վարչության «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը տարեսկզբից սկսել է անհանգստացնել 2003-ից կուտակված 379 հազար դրամի համար: Ի դեպ, 2003-04-ին նույնպես թերթը զրկվել է բյուջետային ֆինանսավորումից: Պետական կազմակերպությանը չի «հուզել» այն հանգամանքը, որ նախ պետությունը չի կատարել իր պարտավորությունը եւ չի ֆինանսավորել տարածքն զբաղեցնող «Կանչի» խմբագրությանը, իսկ վճարման համար այլ աղբյուր չկա: «Ես նամակներով դիմեցի ԱԺ, կառավարություն, ԿԳ նախարարություն, բացատրեցի իրավիճակն ու դրա հետեւանքները: Բայց պատասխան ստացա միայն ԱԺ-ից, այն էլ՝ մայիսի վերջին, երբ արդեն տնտեսական դատարանը վճռել էր հօգուտ գործակալության առգրավել խմբագրության գույքը: Ընդ որում, մեր պարտքին գումարվել էր նաեւ տույժ ու տուգանք եւ պարտքն այժմ կազմում է շուրջ 743 հազար դրամ: Գործակալությունը երեկ առգրավեց մեր ունեցած աղքատիկ գույքն ու սպառնաց, որ շուտով կզրկի նաեւ տարածքից»,- երեկ «Առավոտին» ասաց «Կանչի» խմբագիր Հմայակ Պետրոսյանը: Ընդամենը 6 անուն կազմող աղքատիկ գույքը ԴԱՀԿ-ն գնահատել է շուրջ 250 հազար դրամ եւ մի քանի օրից աճուրդով կվաճառվի: Դա կազմում է պարտքի մեկ երրորդ մասը ու դժվար է այժմ ասել, թե մնացած կես միլիոնի հարցը ինչպես պիտի լուծվի: Ասենք, որ մյուս երկու պարբերականները բյուջեից ֆինանսավորվել են այս տարվա հունվար-փետրվար ամիսներին միայն: Հետո նրանց տեղեկացրել են, որ «մինչեւ «Կանչի» հարցը չլուծվի, չեք ստանա»: Եվ այսպես, ո՞րն է «Կանչի» հարցը եւ ու՞մ էր պետք զրկել նրան ֆինանսավորումից, այլ խոսքով ասած՝ փակել տալ թերթը: 1992-ից թերթի խմբագիր Հ. Պետրոսյանը, նախարարության ու կառավարության տարբեր պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումների արդյունքում մոտավոր պատկերացում է կազմել, որ թերթում ժամանակ առ ժամանակ տեղ գտած քաղաքական թեմայով բացախոս ու ազատ կարծիքներն իշխանությունների վարած քաղաքականության մասին՝ վերջիններիս դուր չի եկել: Այդ մասին նրանցից որեւէ մեկն ուղիղ չի ասել, նույնիսկ՝ ակնարկել, բայց երբեմն նախարարարությունից կամ կառավարությունից պահանջել են «ներկայացնել» ինչ-որ համար՝ «ուսումնասիրելու»: Հոդվածների հեղինակներն էլ, ի դեպ, հիմնականում պատանի տարիքի դպրոցականներ են: «Պաշտոնյաների հետ խոսակցությունների ժամանակ երբեմն ակնարկներ եղել են, թե թերթը դուրս է եկել իր ասելիքից, բայց ես այժմ էլ պնդում եմ, որ մենք երբեք չենք խախտել մեր կանոնադրությունը, մամուլի մասին եւ այլ օրենքներ»,- հայտնեց խմբագիրը: Թե ո՞վ է կանգնած թերթը փակելու «գաղափարի» հետեւում՝ նա դժվարացավ ասել. «Նույնիսկ կառավարությունում իմ տված այդ հարցին ասել են, թե՝ բարձր մակարդակներում են այդ հարցը քննել, չգիտենք»: Իսկ կառավարությունից բարձրն արդեն «դեմոկրատական» ու Եվրախորհրդից այն կողմ «չնայող» նախագահականն է, նույն ինքը՝ «բազեականներին» սատարողը: Ուրեմն, Հայաստանում երիտասարդները եթե նախագահականին չեն գովաբանում, ուրեմն պետք է լռե՞ն: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել