Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏՆ ԱՄԵՆԱԼԱՎ ԱՌԻԹՆ Է»

Օգոստոս 20,2005 00:00

«ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏՆ ԱՄԵՆԱԼԱՎ ԱՌԻԹՆ Է» Խորեն Թռչունիչը կանխատեսում է առաջիկա հեղափոխության սցենարը «Մեր վերադասներին եթե հարցնենք՝ ի՞նչ բան է Սահմանադրությունը, նրանք գիտեն, թե էդ փոքր գիրքն է, որի վրա կարելի է ձեռքը դնել, երդում ուտել ու վերջանա-գնա: Ժողովուրդը պետք է տեղյակ լինի՝ ինչ է Սահմանադրությունը: Ուստի այդ որոշումը ճիշտ է նրանով, որ վերջապես կկարողանան ժողովրդին բացատրել՝ ինչու «ոչ»,- այսպես է գնահատում Խորեն Սարգսյանը «Արդարություն» դաշինքի՝ օգոստոսի 29-ին կայանալիք ԱԺ արտահերթ նստաշրջանին մասնակցելու որոշումը: Ի դեպ, նա նույնպես փաստեց, որ բարեփոխումների կոալիցիոն տարբերակի «լավ մասերը» արտագրված են Կոմկուսի՝ տարիներ առաջ ներկայացրած նախագծից: Խորեն Թռչունիչը հավանական է համարում սահմանադրական հանրաքվեի բացասական արդյունքը. «Եթե ուրիշ ոչ մի պատճառ էլ չլինի, այն վախը, որը մտած է ժողովրդի մեջ, որ այդ Սահմանադրությունը կարող է սողանցք թողնել Ռոբերտ Քոչարյանի երրորդ անգամ վերընտրության համար՝ բավական է»: Սահմանադրական հանրաքվեի տապալումից հետո նա կանխատեսում է հեղափոխության հետեւյալ սցենարը. «Ճնշումներ կլինեն, որոնց արդյունքում Ռոբերտ Քոչարյանը կգնա կոալիցիան ցրելու ճանապարհով, քանի որ բարեփոխումների հեղինակն է»: Իսկ ինչո՞ւ 2003 թվականին նախագահը հրաժարական չտվեց, երբ մերժվեցին իր կողմից առաջարկված սահմանադրական փոփոխությունները: «Կոալիցիային նա զոհ կտա,- համոզված է մեր զրուցակիցը,- սա գազ թողնելու մի ձեւ է, փուչիկը մի քիչ էլ կձգեն»: Այնուհետեւ, ըստ Խորեն Թռչունիչի, սկսվելու է ընդդիմադիր ճակատից նախագահի հավանական թեկնածուներին «ջարդելու» գործընթացը: Այսինքն՝ «Ընդդիմությունից որեւիցե մեկին կառաջարկի վարչապետի պաշտոնը: Եթե հրաժարվեն, կասի՝ տեսա՞ք, ես առաջարկեցի, իսկ իրենք խուսափեցին պատասխանատվությունից»: Իսկ եթե համաձայնեն, մեր զրուցակիցը համոզված է, որ վարչական բոլոր ռեսուրսները կօգտագործվեն «ընդդիմադիր վարչապետի» դեմ՝ նրան «ոչնչացնելու» նպատակով: Սա դեռ ամբողջը չէ: Հոգով կոմունիստը կասկած չունի, որ այդ ընթացքում հասունանալու է նախագահի՝ ժամկետից շուտ հրաժարական տալու հարցը: Այդ պարագայում նա հետեւյալ սցենարն է ուրվագծում. «Նախագահը ժամկետից շուտ ետ կկանչի ԱԺ նախագահին, հետո ինքը հրաժարական կտա: Դրածո ԱԺ նախագահը կհայտարարի, որ ինքն ի վիճակի չէ նախագահի պարտավորությունները ստանձնել եւ մեխանիկորեն երկրի կառավարումը կանցնի Քոչարյանի հավատարիմ վարչապետի ձեռքը, որն էլ առաջիկա ընտրություններում կդառնա նախագահ»: Այս սցենարից խուսափելու համար քաղաքական ուժերից, հատկապես՝ ընդդիմադիր, Թռչունիչը ակնկալում է այնպիսի քայլեր, որ՝ «նման բան տեղի չունենա, մի անգամ էս ժողովուրդը վերջապես ընտրություն կատարի»: Ի պատասխան «Առավոտի» դիտարկման՝ արդյոք ընդդիմադիրների պասիվության արդյունքո՞ւմ չառաջացավ այս իրավիճակը, Խ. Սարգսյանը անկեղծ եղավ. «Իբրեւ հայ մարդ՝ ես էլ եմ նեղվում, թե ինչո՞ւ մի բան չի արվում՝ ի վերջո ազատվենք այս ամեն ինչից: Բայց ի՞նչ է կատարվում էդ ընդդիմությունների ներսում, ո՞նց են քննարկումները գնում՝ չեմ մասնակցել, չգիտեմ: Բայց, որ բաժակը լցվել է…»: Այս համատեքստում արտախորհրդարանական ուժերի կողմից նախաձեռնությունները նա այնքան էլ արդյունավետ չի համարում. «Մի բան է պառլամենտում անել, այլ բան՝ դրսում: Արտահերթ նիստը ամենալավ առիթն է»: Ինչ վերաբերում է եվրոպական կառույցներին, նրանց «տեղական» ներկայացուցիչներին. «Սովետական Միությունից լավը չկա: Կառուցում էր, պատրաստում էր՝ չէր էլ թելադրում, ինչքան էլ ուզում են վարկաբեկեն, թե թելադրում էր: Իսկ սրանք՝ ոչ անում են, թելադրանքն էլ ավելի մեծ է: Եթե իրենք չեն ընդունում ու գտնում են, որ թերություններով է, ինչի՞ են հորդորում, որ մենք ընդունենք: Մենք ինչի՞ աշխարհով մեկ չհայտարարեցինք, թե՝ հարգելի ֆրանսիացիներ, լավ չարեցիք, որ միասնական Սահմանադրության դեմ քվեարկեցիք: Բարի լինեն, թողնեն՝ մեր ժողովուրդն ինքը որոշի: Թող նրանցից ոչ մեկը չկարծի, թե հայ ժողովրդից ավելի խելոք ու գրագետ են: Իրենց տարածքներով ապահովված են, կարողանում են հարստանալ, մեզ նման փակ վիճակում չեն՝ երեք կողմից թշնամիներով շրջապատված: Հայ ժողովուրդը մի եվրոպացի բարեկամ է ունեցել՝ Նանսենը: Նա երիցս ճշմարիտ էր՝ եվրոպացու բերանից ինչքան քիչ հայ բառն արտասանվի, այնքան հայ ժողովրդի օգուտն է: Ես չեմ հասկանում՝ ինչի են էդպես կուրորեն գնում դեպի Եվրոպա»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել