Լրահոս
Օրվա լրահոսը

Եհովայի

Օգոստոս 25,2005 00:00

Եհովայի վկաները խուսափում են արյան փոխներարկումից Սակայն օգտվում են բժշկական օգնությունից Երեկ Դավիթաշեն եւ Աջափնյակ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց Վահե Գրիգորյանի հայցի քննությունը: Նա դատարանից պահանջում է ծնողական իրավունքներից զրկել նախկին կնոջը՝ Անահիտ Հարությունյանին: Նրանց համատեղ ամուսնությունից ծնված Արամ Գրիգորյանը այժմ ապրում է Բելառուսում՝ հոր հետ, եւ պատրաստվում է հաճախել նոր դպրոց: Դատական նիստին Ա. Հարությունյանի ներկայացուցիչ Լուսինե Բակումյանը դատավոր Ելիզավետա Դանիելյանին ներկայացրեց հարեւանների, դասղեկի եւ մի շարք այլ անձանց գրավոր կարծիքները: Իսկ հայցվորի ներկայացուցիչ Ռուզաննա Տեր-Վարդանյանը անվերջ փորձում էր պարզել, թե այն մեկ տարվա ընթացքում, երբ Արամիկը մենակ էր ապրել մոր հետ, արդյո՞ք վերջինս նրան տարել է բժշկական հետազոտությունների, քանի որ «տատիկի մոտ տեղափոխվելուց 10-15 օր հետո Արամիկի մոտ բժիշկները հայտնաբերել են առաջին աստիճանի դիֆուզ խպիպ: Բացի այդ, նա շատ լարված, նյարդային վիճակում է գտնվել, լյարդը 1 սմ-ով մեծացած է եղել, իսկ ենթաստամոքսային գեղձը՝ բորբոքված»: Ա. Հարությունյանը նշեց, որ մեկ տարվա ընթացքում, երբ երեխան իր հետ է ապրել, բժշկի կարիք չի էլ ունեցել: Ռ. Տեր-Վարդանյանը դատավորին հիշեցրեց, որ Արամիկը անվերջ բողոքում էր, թե մայրը նրան՝ իր կամքին հակառակ, ստիպողաբար տարել է Եհովայի վկաների հավաքներին: Սակայն Անահիտը հերքեց այդ փաստը՝ ասելով, որ ընդհակառակը, Արամիկն է իրեն ստիպել տանել: Դատավորի այն հարցին, թե արդյոք Եհովայի վկա լինելը խանգարե՞լ է Անահիտին երեխային բժշկական օգնություն ցույց տալու հարցում, նա միանշանակ պատասխանեց՝ «ոչ». «Մենք բժշկական օգնությունից միշտ էլ օգտվում ենք»: Իսկ Ռ. Տեր-Վարդանյանի հարցին, թե արդյոք հետագայում երեխայի առողջության վատթարացման ժամանակ նա կթույլատրի՞ արյան փոխներարկում կատարել, Լ. Բակումյանը, չթույլատրելով Ա. Հարությունյանին պատասխանել, ինքը ասաց. «Դեռ նման բան չի եղել: Երբ որ կլինի, այն ժամանակ էլ կորոշի»: Հիշեցնենք, որ նախորդ դատավարության ժամանակ, երբ կողմերը որոշել էին հաշտության գալ, Ա. Հարությունյանը հայցվորից պահանջել էր իր համար բնակարան գնել: «Նա 28 հազար դոլարանոց տուն է պահանջում, այն էլ՝ իր անունով: Սակայն մոռանում է, որ Արամիկի անունով այժմ Զեյթուն համայնքում բնակարան կա: Վ. Գրիգորյանը պատրաստ է ցանկացած ժամանակ, երբ Արամիկը վերադառնա մոր մոտ, այդ բնակարանը տրամադրել նրանց: Ա. Հարությունյանը համաձայն չէ դրան: Իմ ունեցած տեղեկությունների համաձայն, նա ցանկանում է տունը գրանցել իր անունով, որպեսզի հետագայում ավելի հեշտությամբ ԱՄՆ մեկնելու վիզա ձեռք բերի»,- նշեց Ռուզան Տեր-Վարդանյանը: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել