Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԻՐԱԼԻՐ

Օգոստոս 26,2005 00:00

«ՍԻՐԱԼԻՐ ԲԱՐԵՎԵՔ ՈՒ ԺՊՏԱՑԵՔ» Օդակայանի աշխատակիցներին խորհուրդ է տալիս Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը: Ըստ նրա, «Զվարթնոց» օդակայանում թռիչքների սպասարկումն իրականացնող «Արմավիա» ավիաընկերության միակ մեծ թերությունն այն է, որ նրա աշխատակիցները քաղաքացիներին ընդունում են թթված կամ, լավագույն դեպքում՝ անտարբեր ու սառը դեմքերով: Այնինչ նրանք առաջինը պետք է բարեւեն ցանկացած հարցով իրենց դիմած քաղաքացուն, նույնիսկ հաշվառման սեղանի մոտ հայավարի՝ խառը հերթ կանգնած, ավելորդ աղմկող ու աշխատակիցների «ներվերը սղոցող» քաղաքացիներին: Երեկ, «Առավոտի» հարցին ի պատասխան՝ նա այս բացը համարեց ոչ միայն «Արմավիայի», այլեւ երկրի ողջ սպասարկման ոլորտի աշխատակիցների գլխավոր թերությունը՝ «ժողովրդի հետ շփման կուլտուրա չկա»: Ի դեպ, օդակայանում ընկերության թռիչքների սպասարկումն իրականացնում է «Մուլտի Գրուպը»: Ինչ վերաբերում է «Արմավիայի» սպասարկման մասին նրա կարծիքին, ապա, ըստ նրա, ընկերությունը վերջին ամիսներին թռիչքի ուշացումներ գրեթե թույլ չի տալիս: Շատ հեռու չգնանք՝ ընդամենը ամիսուկես առաջ Երեւան-Վորոնեժ չվերթը 4 ժամ ուշացումով օդ բարձրացավ, իսկ ոտքի վրա «քնած» ճանապարհողներին այդպես էլ որեւէ մեկը չբացատրեց, թե ի՞նչն էր պատճառը: Երեկ Ա. Մովսիսյանը լրագրողներին ներկայացրեց կառավարության հաստատած «Զվարթնոցի» նոր համալիրի գլխավոր ծրագրի փոփոխված տարբերակը: Փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է ուղեւորների հոսքի անկանխատեսելի մեծ աճի պատճառով: Կառավարությունը եւ օդակայանի կառավարիչը կանխատեսել էին միայն 2032 թ.-ին հասնել տարեկան 2 մլն ուղեւորահոսքի, սակայն արդեն անցյալ տարի գրանցվել է 1,9 մլն ուղեւոր: Դա էլ առիթ է տվել գլխավոր ծրագրում կատարել փոփոխություններ, որոնք կօգնեն ավելի արագ թափով զարգացնել կառուցման տեմպերը: Ըստ այդմ, կառուցման 1-ին փուլում՝ 2006-07 թթ. ավարտել համալիրի ժամանման ու թռիչքի հատվածները, ինչի համար կառավարիչը պետք է ներդնի 104 մլն դոլար: Այդ ընթացքում հաշվառման համար կշարունակի ծառայել հին «Զվարթնոցը»: Հաշվառման սրահը՝ 2-րդ փուլ, պետք է կառուցվի այդուհետ, եթե կառավարությունը հաստատի այդ փուլի ծրագիրը: Ըստ բանախոսի, ուղեւորահոսքի անկանխատեսելի աճը պայմանավորված է տուրիզմի զարգացմամբ, նաեւ՝ «տնտեսական աճ կա, ժողովրդի հնարավորություններն են մեծացել՝ բարեկամներին են այցելում, տեղից տեղ են գնում»: Ըստ ներկայացրածի, ամենամեծ աճն արձանագրվել է Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք մեկնողների «սյունակներում», այսինքն՝ տուրիզմը զարգանում է այս ուղղություններով: Ի դեպ, հարեւան Թբիլիսիի օդակայանի «կոնցեսսիոն» կառավարումը վերջերս ստանձնել է թուրքական մի ընկերություն: Ա. Մովսիսյանը փորձել է մանրամասներ կորզել նրանց պլանների մասին, բայց չի հաջողվել. «Նրանք շատ փակ են աշխատում, իսկ մենք թաքցնելու բան չունենք»: Թեպետ, չգիտես ինչու, վստահ էր, որ «մերից լավը չի լինի»: Եթե եղավ՝ վտանգավոր խնդիր կառաջանա մրցակցական դաշտում, հատկապես՝ տարանցիկ (տրանզիտ) ուղեւորների առումով: Այս առումով մեր օդակայանն այսօր առանձնակի չի փայլում՝ ուղեվարձը տարածաշրջանային գների համեմատ նկատելի բարձր է, ինչը պայմանավորված է վառելիքի թանկությամբ: «Թե ինչո՞ւ է բարձր՝ հարցրեք վառելիք բերողներին». սա միակ պատասխանն էր, որով վարչության պետը կարողացավ արդարացնել շուկայում գերիշխող դիրք գրավող «Արմավիայի» գայլային ախորժակը: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել