Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ

Օգոստոս 27,2005 00:00

ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՊԱՇՏՊԱՆԵԼ Բայց դրա համար նրանց անհրաժեշտ է ոստիկանության միջամտությունը «Առավոտի» հետ հանդիպման սկզբում «Հայհեղինակ» հասարակական կազմակերպության տնօրեն Սուսաննա Ներսիսյանը հիշեցրեց, որ Հայաստաի Հանրապետության օրենքը հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին (ընդհանուր 43 հոդված՝ իր կետերով) կարգավորում է գիտության, գրականության, արվեստի ոլորտների ստեղծագործությունների (հեղինակային իրավունք), կատարումների, հնչյունագրերի (ֆոնոգրամա), հեռարձակող կազմակերպությունների հաղորդումների (հարակից իրավունքներ) ստեղծման եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները: Տիկին Ներսիսյանը, համակարծիք լինելով մեր տեսակետին, որ արվեստագետները պետք է բողոքեն իրենց հեղինակային իրավունքների ոտնահարման դեմ, ասաց. «Հեղինակները վերջին շրջանում աշխուժացել են, հետաքրքրվում են իրենց իրավունքներով ու փորձում պաշտպանել դրանք: Տարբեր կազմակերպություններ օգտվում են հեղինակների ստեղծագործություններից ու պարզապես հրաժարվում վճարելուց»: Շարունակելով միտքը՝ տնօրենը տեղեկացրեց, որ մեր օրենքը շատ նման է Գերմանիայում գործող օրենքին. «Օրենքի աշխատելու արդյունքն է, որ Գերմանիայում արվեստագետները լավ են ապրում ու, բնականաբար, զարգանում է գրքի, CD-ների, մշակույթի այլ ոլորտների բիզնեսը»: Հարցին, թե՝ օրենքը տարածվում է նաեւ ոչ պրոֆեսիոնա՞լ հեղինակների ստեղծագործությունների վրա, Ս. Ներսիսյանը պատասխանեց. «Այո, բոլոր հեղինակների վրա՝ անկախ նրանց ստեղծած երկի որակից: Յուրաքանչյուրը, եթե ստեղծել է գործ եւ այն ցուցադրվում է, կատարվում կամ հնչում, բնականաբար, պիտի դրա դիմաց վարձատրվի»: Տնօրենը նշեց, որ կառավարության 1999թ. 251 որոշմամբ կան սահմանված հստակ դրույքաչափեր: Վերջերս մեծ աղմուկ հանեց կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության (6-րդ) անցկացրած միջոցառումը, որի արդյունքում հայտնի «Ռեքո-Ռեքորդս» ֆիրմայի երեւանյան վաճառակետերում հայտնաբերվել էին մի քանի հազարի հասնող «պիրատային» ձայներիզներ: Պարզվում է՝ այս աշխատանքում հարկավոր են նաեւ ոստիկանական ուժեր: Տիկին Ներսիսյանը համաձայնեց. «Երբ մեր ուժերով հարցը չենք կարողանում լուծել, ստիպված դիմում ենք ոստիկանությանը, տեղեկացնելով, որ այս կամ այն ֆիրման չունի լիցենզավորման պայմանագիր եւ խնդրում համատեղ քայլեր ձեռնարկել: Մեր աշխատանքի հետ կապված՝ համագործակցում ենք Մտավոր սեփականության գործակալության հետ: Նորմալ երկրներում «պիրատային» ճանապարհով ձեռք բերվածը ջարդում են, այրում: Կարծում եմ, մեր «պիրատներին» էլ է հարկավոր նման վերաբերմունք ցուցաբերել, առանց հանդուրժողականության»: Իրենց աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար երկու ամիս է՝ Ծաղկաձորի գրողների միության ստեղծագործական տանը «Հայհեղինակը» անցկացնում է սեմինարներ: Այդ մասին Ս. Ներսիսյանն ասաց. «Հրավիրվում են ոչ միայն արվեստագետներ, նաեւ օգտագործող կազմակերպություններ (հեռուստառադիոեթեր, բիզնեսի ոլորտի ներկայացուցիչներ, իրավաբաններ): Նպատակն է լսել կարծիքներ, դիտողություններ ու առաջարկություններ եւ դրանց հիման դրա փոփոխություններ կատարել օրենքում»: Խնդրեցինք բերել մեկ օրինակ, երբ առաջարկությունը հաշվի է առնվել եւ արդյունքում օրենքում կետ է հայտնվել: Տնօրենը հայտնեց, որ հեղինակային մասնակի իրավունք է տրվել նաեւ հրատարակիչներին՝ նրանց համանման միջնորդությունից հետո: Այն է՝ հրատարակիչները դիտվում են որպես օգտագործող եւ ոչ հեղինակ, բայց խորհուրդը որոշել է նրանց էլ տալ որոշ իրավունքներ: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել