Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՓՈՒՌՔԱՀԱՅԸ «ԿԻՍԱՏ» ՀԱՅ ՉԷ»

Դեկտեմբեր 03,2005 00:00

«ՍՓՈՒՌՔԱՀԱՅԸ «ԿԻՍԱՏ» ՀԱՅ ՉԷ» Թեհրանահայ Նանոր Շահինի կարծիքով՝ երեւանցի դառնալու գործընթացը նման է պայքարի՝ կամ ամեն գնով պիտի հաղթես, կամ տանուլ տաս: – Երբ տեղափոխվեցիր Հայաստան, ինչպիսի՞ն էր առաջին տպավորությունդ: – Ես երջանիկ էի, որ վերջապես Հայաստանում պիտի ապրեմ: Անկեղծ ասած՝ սփյուռքահայի մեջ Հայաստանն ասոցացվում է տնտեսական ծանր պայմանների, երկրաշարժի ու նման այլ բաների հետ: Ուրախ էի, որ այստեղ ամեն ինչ ավելի լավ էր, քան պատկերացնում էի: Առաջին իսկ օրերից որոշեցի երեւանցու պես պահել ինձ: Դրա համար փոխեցի խոսելաոճս, այն բառերը՝ «մասալան», «ասլան», որոնք հաճախ էի օգտագործում Թեհրանում, ջնջեցի բառապաշարիցս, փոխարենը ներմուծեցի երեւանյան ժարգոնում կիրառելի բառեր՝ «դզել», «պռոստը», «վաբշե», «չյոտկի» եւ այլն: Իհարկե, սա առաջացրեց ինձ ծանոթ պարսկահայերի տարակուսանքը, բայց դա կարեւոր չէր, որովհետեւ երեւանցի դառնալու ճանապարհին էի: Հետո որոշեցի ընդունվել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, որովհետեւ նախ հայոց լեզու էի պարապել, հետո որպես պրակտիկանտ աշխատում էի լրատվական գործակալություններից մեկում: Անկեղծ ասած՝ առաջին հանդիպումս ԵՊՀ դասախոսի հետ հաճելիներից չէր: Դուռը բացեցի, որ ներս մտնեմ, հավանաբար բանդանայիցս զարմացած՝ դասախոսը հարցրեց. «Աղջիկ ջան, քեզ չե՞ն սովորեցրել, ոնց պետք է համալսարան մտնես»: Ինձ իսկապես չէին սովորեցրել, որովհետեւ առաջին անգամ էի համալսարանում: Քանի որ բարեխոսել էին ընդունելությանս համար, խորհուրդ էին տվել բանավոր քննությանը նախապատրաստվելիս միայն 1 հեղինակ սովորել, ես էլ Նարեկացի էի սովորել: Դասախոսը զարմացավ, որ պարսկաստանցի լինելով հանդերձ՝ ոչ թե Րաֆֆի, այլ Նարեկացի եմ սովորել, հետո պահանջեց, որ Տերյանից մի սրտաճմլիկ հայրենասիրական բանաստեղծություն արտասանեմ: Ես ասացի, որ չգիտեմ նման բանաստեղծություն, որովհետեւ հայրենիքիս համար չեմ լացում, հպարտանում եմ: Հաջորդը պիտի օտար լեզու հանձնեի: Հարցրեցի՝ կարո՞ղ եմ որպես օտար լեզու՝ պարսկերենից քննություն հանձնել: Համալսարանում ինձ փորձեցին համոզել, որ պարսկերենը իմ մայրենի լեզուն է: Այդ օրը ես իմ առաջին մեծ հիասթափությունը ապրեցի: Ախր 17 տարի ապրելով Իրանում՝ ամեն առիթով փաստել եմ, որ հայ եմ, իմ մայրենի լեզուն էլ հայերենն է… Այս միջադեպից հետո որոշեցի, որ այլեւս ԵՊՀ չեմ մտնելու: Հետո բախտի բերմամբ որոշեցի դառնալ հոգեբան ու հիմա սովորում եմ «Ուրարտու» համալսարանում: – Հե՞շտ է սփյուռքահայ-հայաստանցի շփումը: – Չէի ասի: Հատկապես պարսկահայերի համար դժվար է երեւանցիների հետ շփվել, նման է պայքարի, որում դեռ պետք է հաղթես, մինչդեռ պարսկահայերը չեն ուզում ավելորդ էներգիա եւ ժամանակ ծախսել դրա համար: Հաճախ նրանք մնում են իրենց սահմաններում, որովհետեւ չեն ցանկանում փոխել պարսկահայի իրենց մենթալիտետը: Պարսկահայի համար դժվար է ուտել «սպաս»՝ պարսկական «աշմաստի» փոխարեն, իսկ դրանք համարյա նույնն են: Իրենք լսում են միայն պարսկական երաժշտություն: Պարսկահայերը ոչ թե զուտ երեւանյան արվեստի, այլ ամեն նորի հետ պրոբլեմ ունեն, այստեղ սովորողները անգամ հայերեն դասախոսություններն են պարսկերեն գրում: Մյուս կողմից էլ՝ երեւանցին սփյուռքահային որպես հավասարի չի նայում: Մենք իրենց համար «ախպար» ենք, կիսատ հայ: Ես միշտ խնդիրներ եմ ունեցել Երեւանում ոճիս ու հագուկապիս պատճառով: Եթե հագնում եմ նարնջագույնը կանաչի հետ, կարող է ամենաքիչը 10 հոգի շրջվի փողոցում ու հետեւիցս կանչի՝ «խելա՜ռ ա՞»: Նույն վիճակն էր, երբ խուզած մազերով էի շրջում: Բայց նույն հաջողությամբ երեւանցի տղաները կարող են սպորտային համազգեստով դասի գնալ, ինչն էլ ինձ հաճելի չէ: Երեւանցի տղաները ունեն երեւանցի աղջկա մի ստանդարտ, որից դուրս ոչինչ իրենց համար ընդունելի չէ: Իսկ ես չեմ ուզում, որ ինձ նման ստանդարտի մեջ «տեղավորեն»: Անկախ ամեն ինչից, Հայաստանում երջանիկ եմ, անում եմ այն ամենը, ինչը ինձ բավականություն է պատճառում: Օրինակ՝ կարող եմ թեկուզ շաբաթը մեկ անգամ գնալ Ղարաբաղ, հիանալ Դադիվանքով ու վերադառնալ: Ուզում եմ նորից անդրադառնալ «կիսատ հայ» հասկացությանը: Ցավոք՝ հաճախ կիրթ մարդիկ էլ են նման ձեւով մտածում: Օրինակ՝ իմ դասախոսը, երբ խոսում է մուսուլմանների մասին, ակամայից մատով ինձ է ցույց տալիս: Երեւանցիները չգիտես ինչու նույնացնում են պարսիկ եւ պարսկահայ արտահայտությունները: – Նանո՛ր, քո ազգանունը Շահին է, դա լրացուցիչ խնդիրներ չի՞ առաջացնում: – Թեհրանում եղել են ընտանիքներ, որ ինչ-ինչ պատճառներով ընդհատել են ազգանվան «յանը»: Այդ «յան» չունենալը եւս պրոբլեմ է դարձել ինձ համար: Մարդիկ կասկածում են, թե հայ եմ: Արդեն դիմել եմ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, բայց չեմ ընկնելու փաստաթղթային քաշքշուկների հետեւից, որպեսզի անպայման դառնամ Շահինյան: – Դու 17 տարի ապրել ես Իրանում, մի երկիր, որտեղ կանայք դեմքները ծածկած են փողոց դուրս գալիս, անհամարձակ են, հնազանդ: Իսկ դու բավականին համարձակ ես… – Ես մեծացել եմ Թեհրանում, 17 տարի ապրել եմ հայրիկիս մոտ եւ 3 տարեկանից սկսած նրա հետ ամեն առավոտ գնացել Թեհրանի մեծ շուկա, ուր բոլորովին կնոջ գնալու տեղ չէր: Ես հորս օգնականն էի, իսկ աշխատանքը պահանջում էր, որ լինեի պինդ եւ ինքնավստահ: Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել