Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՈՄԻԿԻՑ

Դեկտեմբեր 08,2005 00:00

ԴՈՄԻԿԻՑ ԷԼ ՀԱՆԵՑԻՆ Գյումրեցիներն արդեն չեն հավատում 17-ամյա վաղեմության խոստումներին «Գյումրի-վերածնունդ» հասարակական կազմակերպությունը Գյումրիի «Բարեկամություն» այգում որոշել է կառուցել երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր: Այգում երկրաշարժից հետո տեղադրվել են դոմիկներ, ուր ապրում է 31 մարդ: Այս տարվա օգոստոսի 5-ին «Բարեկամություն» այգում բնակվող 5 տնակատերեր քաղաքապետարանից գրություն-առաջարկ են ստացել, որտեղ նշված պայմաններով իրենք պիտի լքեին տարածքը: Բնակիչները մերժել են առաջարկը, քանզի որպես փոխհատուցում առաջարկվածը ոչ թե բնակարան էր, այլ մեկ տարի վարձով ապրելու կամ Երեւանյան խճուղու թիվ 141 վթարային շենքում ազատ բնակարաններ տնօրինելու տարբերակ: Քաղաքապետարանը բնակիչների վտարման հայցով դիմել է դատարան: Հայցը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Էդվարդ Մանուկյանը մերժել է՝ «քաղաքացիները չունեին պայմանագիր քաղաքապետարանի հետ»: Դատավորը խորհուրդ է տվել քաղաքապետարանի ներկայացուցչին՝ փոխել բնակչին առաջարկվող պայմանները, գտնել վարձով բնակարաններ, եւ յուրաքանչյուր բնակչին տրամադրել ամսական 20000 դրամ: Սկսված բանակցությունները բնակիչների համար անհայտ պատճառներով երկու ամսով ընդհատվել են: Վերջիններս էլ, կարծելով, թե այս տարի այգու տարածքում շինարարություն չի լինելու՝ պատրաստվել են ձմռանը: Բայց մի քանի օր առաջ տարածքում սկսել են արագ տեմպերով փորել: Բնակիչների ասելով՝ աշխատանքների նպատակը ոչ թե օր առաջ շինարարությունն սկսելն է, այլ դեկտեմբերի 7-ին ՀՀ նախագահի՝ Գյումրի այցելությունը. պետք էր ցույց տալ, թե գործ են անում: «Բայց ինչի՞ մեր հաշվին: Մենք իմացել ենք, որ էդ կազմակերպությունը էդքան փող չունի, իրանք հայտարարել էին, որ համալիրը դրամահավաքի միջոցով պիտի կառուցեն: Կամ եթե պիտի հաստատ աշխատանքները սկսեին՝ ուրեմն թող գոնե մինչեւ հոկտեմբեր մեր հարցը լուծեին»,- դժգոհում է 234/169 տնակի բնակիչ Վիկտորյա Խաչատրյանը: Բնակիչները համաձայն են դուրս գալ տնակներից միայն բնակարան ստանալու պայմանով. «Եթե մենք հիմի գնացինք վարձով ապրելու՝ մի տարի հետո լրիվ դուրսը կմնանք կամ մի քանի ամիս դրանք վարձ կտան, հետո չեն տա ու մեզ կհանեն փողոց կշպրտեն: Էսօր տուն տվողը մարզպետարանն է, բա որ մի տարի անց մարզպետն ասի՝ գնացեք, ով որ տուն է խոստացել, այսինքն՝ Վարդան Ղուկասյանը, թող ինքն էլ տուն տա, էդ վախտ ի՞նչ ենք անելու: Համ էլ մենք իմացել ենք, որ ով առնում է տարածքը, ինքն էլ պիտի մեզ բնակարանով ապահովի: Եթե կազմակերպությունը փող չունի՝ թող քաղաքապետարանը տուն առնի: Հեռուստաեթերներից Վարդանը մենակ իրա միլիարդանոց բյուջեից կխոսա, էդ բյուջեի մեջ հեչ մեզի նմանների համար նախատեսված կետ չկա՞»: «Գյումրի-վերածնունդ» հասարակական կազմակերպության նախագահ Մուրադ Մուրադյանը, ով հուշահամալիրի կառուցման ծրագրի հեղինակն է, ոչ մի տարօրինակ բան չի տեսնում, որ փորման աշխատանքները սկսել են նոյեմբերի վերջին, որովհետեւ տեղումների հետ կապված՝ ցանկացած պահի կարող են դադարեցվել: Հիմնական աշխատանքները կսկսվեն գարունը բացվելուն պես: Նա բնակիչների դիրքորոշումը որակեց «կապրիզ, ուրիշ ոչինչ»: «Բարեկամություն» այգում ներկայումս բնակվում է 31 անօթեւան: Սակայն առաջնահերթ տեղահանման ենթակա է 5 տնակ: Ընտանիքներից երեքն արդեն համակերպվել է վարձով ապրելու մտքի հետ, Լենա տատին եւ իր հաշմանդամ աղջկան մեկ անգամ եւս հրավիրել են քաղաքապետարան՝ խնդիրը քննարկելու, իսկ Վիկտորյա Խաչատրյանի ընտանիքին թույլատրել են տնակում ապրել մինչեւ գարուն. «Որ թողեցին մնանք, ի՞նչ օգուտ: Էդ փոսը պիտի փորեն, հասնեն մինչեւ դռանս դեմը: Դուռը բացեցինք, ընկնելու ենք մեջը»,- տարակուսում է տիկին Վիկտորյան. «Ջուրս արդեն կտրել են, մի շաբաթ հետո էլ լույսի ու հեռախոսի գծերը կկտրեն, կհայտնվենք բլոկադայի մեջ: Իրանք իրանց բնակարանների մեջը էդպես էլ դոմիկում ապրողի ղադրը չիմացան, քիչ էլ մնա՝ ազգի դավաճան կհանեն, թե իբր դեմ ենք ազգանվեր էս սուրբ գործին: Թող անեն, ո՞վ է դեմ, բայց ոչ մեր հաշվին, կարող են՝ մի դրամահավաք էլ անեն, մի շենք սարքեն, էս 31 անօթեւանին դնեն մեջը: Թե չէ՝ էլ ուժ չունենք մի 17 տարի էլ անտուն մնալու»: ԵՐԱՆՈՒՀԻ ՍՈՂՈՅԱՆ Լուսանկարը՝ ՕՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Նյութն ամբողջությամբ՝ hetq.am-ումո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել