Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Այգաբացի օրեր» Հայաստանում

Փետրվար 01,2006 00:00

«Այգաբացի օրեր» Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետությունը նշում է իր հեղափոխության 27-րդ տարեդարձը: Պարզվում է, ավելի քան մեկ ամիս Հայաստանում (եւ ոչ միայն) մեծ աղմուկ բարձրացրած՝ ադրբեջանցիների կողմից Հին Ջուղայի հայկական խաչքարերի ավերման մասին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեսպանության մշակույթի խորհրդական Ռեզա Աթուֆին խիստ աղոտ պատկերացում ունի: «Այդ մասին մի քանի անգամ լսել եմ, կոնկրետ որեւէ տեղեկություն, տվյալ չունեմ վերացման մասին»,- ի պատասխան մեր հարցին, թե ինչպե՞ս է նա վերաբերվում այդ վանդալիզմին, ասաց Ռ. Աթուֆին: Այնուհետեւ ավելացրեց. «Իրանը մեծ ջանքեր է ներդնում այլակրոն պատմամշակութային կոթողների պահպանման եւ վերակառուցման համար: Այս տարի մեծ գումար է հատկացվել հայկական եկեղեցիների վերակառուցման ու պահպանման գործընթացը շարունակելու համար»: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռեզա Աթուֆին ներկայացրեց նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության հեղափոխության 27-ամյակի առթիվ Երեւանում կայանալիք միջոցառումների շարքը: Հիշեցնենք, որ 27 տարի առաջ փետրվարի 1-ին Իրանում հաղթանակեց իսլամական հեղափոխությունը, ուստի փետրվարի 1-10-ը իրանցի ժողովուրդը անվանում է «Այգաբացի օրեր»՝ ի հիշատակ տասնօրյա պայքարի: Իրանի հեղափոխության՝ «Այգաբացի» տասնօրյա միջոցառումները կանցկացվեն շուրջ 40 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Ռ. Աթուֆին հուսով է, որ Իրանի եւ այլ երկրների «միջուկային» տարաձայնությունները բացասաբար չեն անդրադառնա այդ երկրներում կազմակերպվելիք տոնակատարությունների վրա: Ավելին, Ռ. Աթուֆին այն կարծիքին է, որ «Այգաբացի օրերն» անցած տարիների համեմատ գրեթե բոլոր երկրներում ավելի շուքով են պատրաստվում տոնել: Հեղափոխության 27-ամյակին նվիրված միջոցառումների շարքը կմեկնարկի այսօր, Երեւանի Ժողարվեստի թանգարանում՝ իրանցի արվեստագետների մանրանկարչական եւ մետաղագործական աշխատանքների ցուցադրությամբ: Տասնօրյակի շրջանակում կանցկացվեն գիտաժողովներ, սեմինարներ՝ «Իրանի հետհեղափոխական ձեռքբերումները» թեմայով: Խնկո-Ապոր անվան գրադարանում կբացվի իրանական ընթերցասրահ եւ կկայանա «Հայաստան-Իրան. երեխաների բարեկամության շաբաթ»: Բարեկամության շաբաթվա ընթացքում կցուցադրվեն մուլտֆիլմեր, կինոնկարներ, տիկնիկային ներկայացումներ եւ այլն: Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդականի կարծիքով. «Հեղափոխության արդյունքում Իրանում ստեղծվել է կրոնական ժողովրդավարություն, երկիրը դարձել է տարածաշրջանի ամենակայուն ու ամենանշանակալից պետություններից մեկը»: Ըստ նրա՝ «Մարդիկ պետք է կարողանան անտեսել Իրանի շուրջ հզոր պետությունների ստեղծած արհեստական խավարը, շինծու մշուշը ու համոզվեն՝ ինչ մեծ ձեռքբերումներ է գրանցել ԻԻՀ-ն հետհեղափոխական շրջանում»: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել