Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԱ ԴԵՄՔԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋ

Մարտ 03,2006 00:00

ԳԱԱ ԴԵՄՔԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան ունի պաշտոնական կայք՝ www.sci.am. Այնտեղ այցելողների թիվը բավական մեծ է: Երկու շաբաթվա մեր ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել ենք, որ օրական այս սայթը այցելում է միջինը 150 մարդ՝ գոնե վերջին շրջանում, երբ ակտիվացել են ԳԱԱ կարգավիճակի շուրջ խոսակցությունները: Բերենք մեկ այլ տվյալ՝ 2004 թ. հունվարի մեկից 2006 թ. փետրվարի 15-ը, կայքի այցելուների թիվը 60870 էր, երեկ կեսօրին՝ 62733, ժամը 16:15՝ արդեն հասնում էր 62785-ի: Իսկ ի՞նչ պատկերացում կարող է կազմել մեր ԳԱԱ-ի եւ ընդհանրապես գիտական ներուժի մասին կայքի այցելուն: Հիմնական էջում զետեղված են հետեւյալ տեղեկությունները. ընդհանուր թվային տվյալներ անձնակազմի մասին, ԳԱԱ կառուցվածքի, հիմնադիրների, ինչպես նաեւ միջազգային գիտական համագործակցության (այստեղ նշված են միայն երկրների անուններ), հրատարակչական գործունեության մասին, ընդ որում՝ վերջինիս մեջ նշվում են միայն տեղեկագրերի կամ ամսագրերի վերնագրերն ու խմբագիրների անունները: Ակադեմիայի անդամներին եւ նախագահությանը վերաբերող մասն ընդհանրպես ձեւավորվել է 2002-ի սկզբին, զարմանալիորեն մինչ այժմ գոյություն ունենալով բավականին թարմ «վազող տողի» հարեւանությամբ: Ի՞նչ կա, օրինակ, Վիկտոր Համբարձումյանի մասին այս կայքում. անհատական տվյալների տակ նշված է բառացիորեն հետեւյալը. Վիկտոր Համազասպի Համբարձումյան, մասնագիտություն՝ աստղաֆիզիկա: Վերջ: Այսքանը: Չկա գոնե մի լուսանկար: Իսկ ԳԱ հիմնադիր եւ առաջին նախագահ Հովսեփ Օրբելու անհատական տվյալները մեկ տողով ավելի են. բացի անուն-ազգանունից ու մասնագիտությունից, կա նաեւ ծննդյան թիվն ու ծննդավայրը: Պարզունակ կողմնակալությամբ գիտնականների ցանկից մի քանի անհատների նկարներ միայն կարող ես տեսնել կայքում, դրանք հիմնականում նախագահության անդամներն են: Կարելի է, չէ՞, գոնե նկարները տեղադրել կայքում. հասարակության լայն շերտերը մեր գիտնականներին պարզապես չեն ճանաչում: Նույնիսկ ԳԱԱ նիստերի ժամանակ հենց լրագրողների շրջանում էլ իրարանցում է ստեղծվում, թե ով ով է, ում հետ կարելի է այսինչ հարցի մասին խոսել: Եթե մեր ԳԱԱ կայքը համեմատենք թեկուզ Ադրբեջանի եւ Վրաստանի ակադեմիաների կայքերի հետ (www.acnet. ge եւ www.ab.az), ապա ցավալիորեն կտեսնենք, թե ինչ ահռելի տարբերություն կա: Նրանց կայքերում կարծես առանձին-առանձին աշխատել են նույնիսկ յուրաքանչյուր թղթակից-անդամի կենսագրության վրա: Անդրադարձ կա նրանց հոդվածներին եւ այլն: Կարող ենք իմանալ նախագահության նիստերին տեղի ունեցած քննարկումների մասին եւ այլն: Իսկ նախկին ԳԱ նախագահները հատուկ հարգանքի են արժանացել: Ի վերջո, ինչ է տալիս մեզ եւ ողջ աշխարհին մեր ԳԱԱ կայքը. առատ տեղեկություններ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանի մասին: Բացի լուսանկարից եւ բազմատող ընդհանուր մասից, կա «այլ տեղեկություններ» կետը, որն առանձին, մի քանի էջով ու ռուսերեն լեզվով տալիս է տվյալներ մինչեւ իսկ նրա ընտանիքի անդամների մասին: Դեռ կես տարի առաջ ակադեմիկոս Անրի Ներսիսյանը հանդես եկավ հոդվածով՝ ահազանգելով ԳԱԱ պաշտոնական կայքի անթույլատրելի խղճուկ վիճակի մասին: Դրանից հետո էլ նույնիսկ ոչ մի փոփոխություն չնկատվեց այդ կայքում: Երեւի թե նախագահությունը այս հարցը երկրորդական է համարում: Ակադեմիկոսն այդ առնչությամբ գրել էր նաեւ հետեւյալը. «Սայթը այցելողը կարող է իմանալ, որ Ֆադեյ Սարգսյանը մեծ գործ է կատարել 1988-ի երկրաշարժից հետո: Դե, սայթը այցելող արտասահմանցին կամ այժմյան մեր երիտասարդը ինչպե՞ս իմանա, որ նա այն աստիճանի է ձախողել փլատակներից մարդկանց փրկելու ու ապահովելու գործը, որ ՍՍՀՄ վարչապետ Նիկոլայ Ռիժկովը հեռուստադիտողների աչքի առաջ նրան հանդիմանեց: Մեկ ամիս հետո նա հեռացվեց վարչապետի պաշտոնից, իսկ այսօր հայտարարում է, որ տուժել է որպես «Ղարաբաղյան շարժման հետ կապված անձնավորություն»: Նշենք ոչ կարեւոր մի հանգամանք եւս. կայքն առատ է նաեւ այնպիսի անփույթ սխալներով ու անհասկանալի բառերով, ինչպիսիք են՝ «վելին», «տեղնիկա», «իտելիք» եւ այլն: Ցանկացած ոք կարող է այցելել կայք ու այս ամենի մեջ համոզվել ինքը: Բնական հարց է ծագում. որքան վնաս է ստացել մեր գիտությունը՝ հանդես գալով ողջ աշխարհի առաջ այսպիսի ծուռ հայելում: Այս փաստի կողքին հիշենք, թե ինչպիսի ամպագոռգոռ ճառեր են երբեմն ասվում մեր Ակադեմիայի միջազգային համբավի մասին: Այս ամենի մասին փորձեցինք տեղեկություն ստանալ ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանից, ով նաեւ այս ոլորտի պատասխանատուն է: Պրն Շուքուրյանը նախ ասաց, որ իրենց մասին տեղեկատվություն չեն տրամադրել նախ իրենք՝ գիտնականները, հետո թե՝ առանձին գիտնականներ ունեն իրենց կայքերը: Ապա առաջարկեց գնալ ԳԱԱ համապատասխան մասնագետի մոտ ու պարզել, թե ինչպես կարելի է համապարփակ տեղեկատվություն ստանալ հետաքրքրող հարցերի շուրջ: Իսկ ի՞նչ անեն այն քաղաքացիները, ովքեր այդ մասնագետի մոտ գնալու հնարավորություն չունեն: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել