Լրահոս
Օրվա լրահոսը

Վան

Մարտ 03,2006 00:00

Վան Խաչատուրը դիմել է օմբուդսմենին Հայ ժամանակակից մոնումենտալ նկարչության հիմնադիրներից մեկը, ճարտարապետության դոկտոր, նկարիչ Վան Խաչատուրը դիմել էր նախկին օմբուդսմենին: Այցելելով Ծիծեռնակաբերդի Եղեռնի հուշարձան, նկարիչը «Սգո պատի» վրա իր կողմից կառուցված 111 քանդակները տեսել էր «բարբարոսաբար ոչնչացված»: Քանդակներում սգո երթ էր պատկերված: Այդ՝ այժմ անհետացած քանդակներին 1970 թվականին հավանություն էր տվել Խորհրդային Հայաստանի այն ժամանակվա ղեկավար Անտոն Քոչինյանը: Վան Խաչատուրն ասում է. «Սրբատաշ քար դրեցին տեղը, ասես ոչինչ չի եղել»: Իսկ Ծիծեռնակաբերդի ճարտարապետական-նախագծային խմբի ղեկավարի անունը երբեք չի հիշատակվում: Օմբուդսմենի գրասենյակում կա Վան Խաչատուրի մեկ այլ դիմում էլ: «1970թ. ես ավարտեցի Գյումրիի թատրոնի ձեւավորումը պղնձե քանդակներով՝ նվիրված հայ թատրոնի 2000-ամյակին: 1984-ից առայսօր այդ քանդակները թափված են թատրոնի պահեստում: Քանդակները 88 կտորից են»,- ասում է նա: Խաչատուրը խնդրում էր ստուգել քանդակների պահպանված քանակը եւ «օգնել իրեն՝ դրանք վերականգնել տեղում»: Վ. Խաչատուրն ասաց, որ մի-մի դիմում էլ ուղարկել է վարչապետ Ա. Մարգարյանին եւ ՀՀ նախագահին: Եվ որպեսզի նրանք իմանան, թե ում մասին է խոսքը, կից ուղարկել էր տվյալներ իր «գործունեության, միջազգային ճանաչման մասին»: Ժամանակին Վ. Խաչատուրը պայքարում էր «Ուրարտու» ռեստորանի (Սայաթ-Նովայի եւ Աբովյան փողոցների խաչմերուկ) տիրոջ՝ Էդիկ Մադաթյանի դեմ, որը «փորձել էր ոչնչացնել իր կողմից ստեղծված, աշխարհում միակ մոնումենտալ տեկտոնիկ ստեղծագործությունը՝ սեւ եւ սպիտակ տուֆից կառուցած վերացական նկար-պատը, որը Երեւանի խորհրդանիշներից մեկն էր»: Քանդվել էին անգամ պատը վերեւից ծածկող թիթեղները, իսկ «նկարը լողանում էր անձրեւաջրերի տակ»: Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել