Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ՈՒ ՌՈՒՍՆԵՐԸ ԲԱԽՏԱԿԻՑՆԵՐ ԵՆՔ

Մարտ 03,2006 00:00

ՄԵՆՔ ՈՒ ՌՈՒՍՆԵՐԸ ԲԱԽՏԱԿԻՑՆԵՐ ԵՆՔ Ըստ ճանաչված դաշնակահար, միջազգային մի շարք հեղինակավոր մրցույթների դափնեկիր Վլադիմիր Օվչիննիկովի՝ իրենց համերգային դահլիճներն էլ շրջապատված են ուտել-խմելու «օբյեկտներով»: «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր դաշնակահարը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ կներկայացնի Ա. Խաչատրյանի դաշնամուրի եւ նվագախմբի կոնցերտը: Դիրիժորական վահանակի մոտ հայ հանդիսատեսը կհանդիպի իրեն արդեն ծանոթ գերմանացի դիրիժոր Պիեր-Դոմինիկ Պոնելին: Երեկ փորձի ընդմիջմանը Վ. Օվչիննիկովը պատասխանեց «Առավոտի» հարցերին: – Դուք հանդես եք եկել բազմաթիվ հայտնի համերգասրահներում, հռչակավոր նվագախմբերի ընկերակցությամբ: Հետաքրքիր է՝ ի՞նչը առիթ հանդիսացավ ձեր եւ Հայաստանի ֆիլհարմոնիկի համագործակցությանը: – Հայկական մշակույթի մասին բավականին տեղեկացված եմ: Մոսկվայում իմ բարեկամներն են ճանաչված արվեստագետներ, ճարտարապետ ու նկարիչ Լեոնիդ եւ Ռուբեն Ապրեսյանները, կոմպոզիտորներ Արտյոմ Աղաջանովն ու Արշակ Անդրեասովը: Ծանոթ լինելով Սարյանի ու Խաչատրյանի արվեստին, վաղուց ցանկություն ունեի շփվել այն ժողովրդի հետ, որը աշխարհին տվել է նման հանճարներ: Ինչ վերաբերում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբին, ասեմ, որ եւ Ռուսաստանում, եւ Եվրոպայում ծանոթ եմ հայ կատարողական դասական արվեստի ներկայացուցիչներին ու գիտեմ, որ ձեր նվագախմբի արտիստները ուսանել են մասնագետների շրջանում հեղինակություն վայելող Երեւանի կոնսերվատորիայում, իսկ ոմանք էլ՝ կատարելագործվել Մոսկվայում ու Եվրոպայի ճանաչված երաժշտական հաստատություններում: Մի խոսքով, սպասումներս արդարացան՝ Ֆիլհարմոնիկի մակարդակի իմաստով եւ, չմոռանամ նշել, որ Հայաստան առաջին այցիս համար շնորհակալ եմ մոսկվաբնակ հայազգի բարեկամներիս: – Այսօր Մոսկվայում գործում է 20 սիմֆոնիկ եւ կամերային նվագախումբ: Չե՞ք կարծում, որ շոուի դարում անգամ Մոսկվայի համար դա մեծ թիվ է: Այդ նվագախմբերը ապահովո՞ւմ են հանդիսատես եւ ի՞նչ հաճախականությամբ են նրանք հանդես գալիս: – 20 նվագախմբերը աշխատում են աբոնեմենտային սկզբունքով: Դրանցից համեմատաբար երիտասարդները՝ Բաշմետի ու Սպիվակովի ղեկավարած նվագախմբերը շաբաթական ունենում են մեկ ելույթ: Տեղեկացա, որ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգային գրաֆիկն էլ է կազմված այդպես: Դեռ չգիտեմ հայ հանդիսատեսի վերաբերմունքը դասական արվեստին, բայց նորմալ եմ համարում ցանկացած նվագախմբի հաճախակի ելույթները: Ի վերջո, ոչ միայն իրենք են մշտապես լինում «մարզված» վիճակում, այլեւ հանդիսատեսին են պահում դասական «ձեւի» մեջ: Նշեմ նաեւ, որ սիմֆոնիկ երաժշտություն հաճախակի հրամցնելու դեպքում, նվագախմբի ղեկավարի կողմից նվագացանկի ընտրությունը պետք է շատ զգույշ կատարվի: Բնական է, որ այս դեպքում երկերի կրկնությունը ոչ միայն պետք է բացառել, այլեւ զգալ, թե հանդիսատեսը, օրինակ, գարնան այս ամսին ինչ երաժշտություն հաճույքով կլսի: Սա բարդ խնդիր է աշխարհի ցանկացած նվագախմբի ղեկավարի համար: Օրինակ, վերջերս Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում սիմֆոնիկ նվագախմբի համերգի առաջին բաժնից, որը ղեկավարում էր ճանաչված Յուրի Սիմոնովը, հանդիսատեսը կամաց-կամաց պարզապես հեռացավ: Չթերագնահատելով անվանի մաեստրոյի արվեստն ու մեր նվագախմբի կատարողական վարպետությունը, ես հակված եմ մտածելու, որ, կոնկրետ այս դեպքում, մեղավոր էին Չայկովսկու համերգասրահը շրջապատող սրճարաններն ու ռեստորանները (զրույցի պահին դաշնակահարը անտեղյակ էր, որ նույն պատկերն է Երեւանի օպերային թատրոնի շուրջբոլորը- Ս. Դ.): Հանդիսատեսին էլ չեմ մեղադրում. 20-րդ դարի վերջին ու 21-րդի սկզբին ողջ աշխարհն է փոխվել: Համոզված եմ՝ ցանկացած պետություն նախ պետք է ունենա դասական արվեստը ճիշտ հրամցնելու ռազմավարություն եւ համապատասխան աուրա: Համերգասրահը եկեղեցու նման մի տեղ է. նրա շուրջը պարզապես անթույլատրելի են զվարճանքի հաստատությունները: Ի դեպ, ոչ մի քաղաքակիրթ երկրում նման բանի չեմ հանդիպել: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել