Լրահոս
Օրվա լրահոսը

GRECO-ն հորով-մորով արեցինք, հիմա էլ՝ GOPAC

Ապրիլ 05,2006 00:00

GRECO-ն հորով-մորով արեցինք, հիմա էլ՝ GOPAC Երեկ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասուլիսում տեղեկացրեց, որ Հայաստանն անդամակցելու է «Խորհրդարանականներն ընդդեմ կոռուպցիայի» (GOPAC) միջազգային կազմակերպությանը; Ասուլիսի առիթն ԱԺ նախագահի Իսպանիա այցն էր, որի ընթացքում ձեռք են բերվել 10-ից ավելի պայմանավորվածություններ, մասնավորապես՝ այդ երկրի խորհրդարանում Հայաստանի հետ պատգամավորական բարեկամության խումբ ստեղծելու եւ միջազգային կառույցներում համագործակցության շուրջ: Անցած տարի Արթուր Բաղդասարյանի ԱՄՆ կատարած այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ապրիլի 6-7-ը Երեւանում անցկացվելու է միջազգային կոնֆերանս՝ նվիրված կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներին: Եվ այս առնչությամբ ԱԺ նախագահը բացահայտեց, թե նպատակ ունեն անդամակցել GOPAC-ին. «Մենք դա համարում ենք քաղաքական առաջնահերթություն եւ պետք է միջազգային կառույցների հետ սերտ համագործակցությամբ կոռուպցիայի դեմ պայքարը իրոք դնենք ավելի գործնական հիմքերի վրա: Ցավոք, որոշ անձանց սանձարձակ պահվածքը կողոպտում է մարդկանց խանդավառությունը կոռուպցիայի դեմ պայքարում, բայց մենք պետք է անենք հնարավորը, որ օրենքը չլինի անզոր ամենաթողության առաջ՝ հատկապես որոշակի դեպքերում եւ բնագավառներում»: Արթուր Բաղդասարյանը թեեւ լրագրողներին կոչ էր անում միշտ մատնանշել անուններ, սակայն ինքը ձեռնպահ մնաց մատնանշել նման սանձարձակ պահվածք ունեցող մարդկանց անունները: Ավելի ուշ չորոշակիացրեց նաեւ իր հետեւյալ պնդումը. «Այս պահին մենք ունենք ՕԵԿ-ում ավելանալու, ոչ թե պակասելու հայտեր, այդ թվում՝ պատգամավորներից»: «Երկիր Մեդիա»-ի թղթակիցը հարց ուղղեց՝ «արդյոք GRECO -ին անդամակցելով մեր երկիրը բավարար չափով չի՞ կարողանում պայքարել կոռուպցիայի դեմ, որ անհրաժեշտություն է առաջանում նաեւ անդամակցել GOPAC-ին»: Արթուր Բաղդասարյանը պատասխանեց, թե GOPAC-ի պարագայում խոսքը կոռուպցիայի դեմ պայքարում կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներգրավվածության մասին է, մինչդեռ՝ «Գործադիրի մակարդակով համապատասխան կառույցներ ստեղծելը, իմ համոզմամբ՝ չի կարող շատ արդյունավետ լինել. ոչ թե Հայաստանի մասով, այլ՝ ընդհանրապես»: Հարցեր եղան «Խորհրդարանական շաբաթ» հաղորդաշարի վերաբերյալ, եւ ԱԺ նախագահը մասնավորապես ասաց. «Եթե մարդիկ մտածում են, որ ԱԺ-ի պաշտոնական հանդիպումները չպետք է լուսաբանվեն՝ չարաչար սխալվում են: Այն մարդիկ, որոնք կարծում են, որ եթե ԱԺ նախագահը, նրա տեղակալները կամ հանձնաժողովները որեւէ առանցքային, հանրային կամ քաղաքական հնչեղություն ունեցող հարցի առնչությամբ դիրքորոշում են արտահայտում՝ դա չպետք է լուսաբանվի, նույնպես չարաչար սխալվում են: Այնպես որ, գնահատականները պետք է տրվեն փաստերի՝ ոչ թե որոշ մարդկանց կողմից պատվիրվող կամ վճարվող մտացածին ենթադրությունների հիման վրա: Ժամանակը կգա, մենք անուններով կասենք՝ ով ում կողմից ինչքան է վճարվում ինչ հայտարարելու համար»: Նաեւ նկատեց, որ վատ չէր լինի, եթե մեր խորհրդարանն էլ ունենար իր սեփական հեռուստաալիքը, ինչպես Ուկրաինայում է, Ֆրանսիայում եւ աշխարհի շատ երկրներում: «Այբ-ֆե»-ի թղթակիցը, որպես ազատ հաճախություն փնտրող հեռուստաընկերության լրագրող՝ նկատառում հայտնեց. «Ազատ հաճախություն չկա, չհավակնեք հեռուստաալիք ունենալուն»: Թղթակցի մյուս հարցն էր՝ «4 տարի առաջ այս օրերին «Ա1+» հեռուստաընկերությունը փակվեց, եւ 2002-ից մինչ օրս ԵԽԽՎ-ի 3 բանաձեւերում եւ գրեթե բոլոր զեկույցներում տեղ է գտել «Ա1+»-ի խնդիրը: Ինչպե՞ս եք վերաբերում այսօր այդ հեռուստաընկերության բացակայությանը եւ խոսքի ազատությանը մեր երկրում»: ԱԺ նախագահի պատասխանը բուռն արձագանքի առիթ դարձավ մի պատասխանատու հեռուստաընկերության թղթակցուհու համար. «Ասեմ, որ ինքս էլ կարոտել եմ «Ա1+»-ին եւ ուզում եմ, որ «Ա1+»-ը վերադառնա: Ինձ թվում է՝ դրանով ամեն ինչ ասված է»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել