Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐԿԸ

Ապրիլ 05,2006 00:00

ՎԱՐԿԸ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՉԻ՞ ԾԱԽՍՎԵԼ Ի տարբերություն ԱԺ նիստերի, հայագիտության թեմայով քննարկումներին ԱԺ նիստերի դահլիճը լեփ-լեցուն էր ոլորտի մասնագետներով: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Հայագիտական առարկաների դասավանդման հիմնախնդիրները դպրոցում» թեմայով: Առիթը եղել է հանրակրթության պետական կրթակարգը: Մոտ մեկ շաբաթ առաջ կառավարությունը որոշում է կայացրել արդեն մշակված եւ հաստատված կրթակարգում հայագիտական առարկաների վերաբերյալ մի շարք փոփոխություններ մտցնելու եւ մասնավորապես հայոց պատմությունը ավագ դպրոցի ավարտական քննություններում պարտադիր համարելու վերաբերյալ (կրթակարգով նախապես հայոց պատմությունը նշված էր իբրեւ ընտրովի առարկա՝ ավարտական քննությունների համար): Մասնագետների կարծիքով, աշակերտը ավելի լավ է սովորում այն առարկան, որից ինքը քննություն պետք է հանձնի: Սակայն սա Համաշխարհային բանկի վարկային ծրագրով կազմված կրթակարգի միակ բացթողումը չէր: ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանն ասում է, որ եթե նախկինում չափորոշիչներ մշակելու փող չկար, ապա հիմա, երբ վերջապես ՀԲ-ից ստացանք վարկ, եւ առաջին անգամ մասնագիտական հանձնախմբերին բարձր վարձատրելու հնարավորություն եղավ, արդյունքում որակական տեղաշարժ չգրանցվեց, նորություն չմտցվեց եւ միայն ունեցանք հնի վերամոդելավորում, բա վա՞րկը: «Հայագիտական առարկաների համար մշակված չեն կրթական չափորոշիչներ, եւ ընդհանրապես ազգային կրթական չափորոշիչներ չկան, ուրեմն, ստացվում է, հայագիտությունը դաստիարակչական դեր չունի, միայն գիտություն է: Պետք է, որ հայագիտական առարկաներն իրենց ժամաքանակով, ազդեցությամբ կրթակարգում ավելի խստորեն արտացոլված լինեն»,- ասում է Լ. Մկրտչյանը: Պրն Մկրտչյանը նաեւ աբսուրդ է համարում հայոց պատմությունը համաշխարհայինի մեջ եւ մեծամտություն՝ համաշխարհայինը հայոց պատմության մեջ դասավանդելը. «Ովքե՞ր են այն գիտնականները, որ կհայտարարեն, թե կմշակեն նման դասագրքեր: Ինչո՞ւ չենք գնում հին՝ առանձին-առանձին դասավանդելու սկզբունքով: Մի քանի կոպեկ վարկային ծրագիրը չվատնենք հերթական հիմար դասագիրքը ստեղծելու համար, որի ձեռքին եւ ուսուցիչները կրակն ընկնեն, եւ երեխաները»: ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի կարծիքով էլ այս նոր կրթակարգը եվրոպական մի կաղապար է, որտեղ ականջներդ կտրելու գնով միայն կարող ես գլուխդ մտցնել: Կրթակարգի վերաբերյալ քննադատական խոսքերը վերաբերում էին նաեւ նրան, որ գեղեցիկ գրված խոսքերը գործնականում կիրառելու մեխանիզմներ ու մեթոդներ չեն մատնանշվում, արդյոք ինչպե՞ս պետք է գործնականում կիրառել ասվածը: Եվ ինչպես քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանն ասաց՝ «կրթակարգը հայապահպան ոգին առաջադրում է, միջոցները՝ ոչ»: Վերադառնանք դասագրքերին: Լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը հիշեցրեց, որ այսօր հայոց պատմության ընդունելության քննություններում ուսանողի գրավորը մասնագետներն առանց գրքի չեն կարողանում ստուգել, այսինքն՝ ստիպում են դիմորդին՝ անգիր անել խրթին դասագրքերը: ԿԳ նախարար Սերգո Երիցյանն էլ ցավով նշեց, որ վերջերս կազմակերպված հայոց լեզվի եւ գրականության դասագրքերի մրցույթում շատ քիչ մասնակիցներ են գրանցվել, ինչը, ըստ նախարարի, խոսում է այն մասին, որ մասնագետներն իրենք շահագրգռված չեն այդ հարցում: ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն էլ տխրությամբ է նայում մեր շատ ու շատ դասագրքերի, որոնց մեջ փորձ է արվում ներկայացնել մեզ ինչպես մի պատմության գետով հոսող փայտի կտորի, «այսինքն՝ մենք պատմության կերտման սուբյեկտ ինքներս մեզ չենք հռչակել, մենք անընդհատ մեզ ներկայացնում ենք որպես այս կամ այն գերտերության օբյեկտ, գործունեության արդյունք կամ միջազգային իրադարձությունների արդյունքում ստացված իրավիճակում գտնվող ժողովուրդ…»: Վերջին ամիսներին ՀՅԴ խմբակցության նախաձեռնությամբ հայագիտության զարգացմանը նպաստող օրենսդրական մի շարք փոփոխություններ են մշակվել (նախագիծը միաձայն անցել է առաջին ընթերցմամբ): «Գիտության մասին» օրենքով հայագիտությունը շեշտված է իբրեւ առանձին ճյուղ, եւ նշված է, որ կառավարությունը պետք է ընդունի հայագիտության զարգացման ծրագրեր: «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի փոփոխմամբ, անկախ մասնագիտությունից եւ սեփականության ձեւից, բուհերում պետք է հայոց պատմություն եւ հայոց լեզու դասավանդվի առնվազն 2 կիսամյակ: Ի դեպ, առանձին բուհեր 90-ականներից այս որոշումն ունեն, եւ այս նախաձեռնությամբ՝ դրան օրենքի ուժ է տրվում: «Կրթության մասին» օրենքում էլ արվել է համապատասխան փոփոխություն, ըստ որի, հանրակրթական դպրոցի ավարտական պարտադիր քննություններում պետք է լինի նաեւ հայոց պատմությունը: Ըստ Լեւոն Մկրտչյանի, «վերջին տարիներին այս ասպարեզում հետընթաց էր գրանցվել, ինչը ուզում ենք օրենքով պաշտպանել»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել