Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷՎՈԼՅՈՒՑԻՈՆ ՃԱՆԱՊԱՐՀ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»

Մայիս 18,2006 00:00

«ԷՎՈԼՅՈՒՑԻՈՆ ՃԱՆԱՊԱՐՀ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ» Այդպիսի հետեւություն է անում վերջին իրադարձություններից «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: – Ինչպե՞ս եք գնահատում ՕԵԿ-ի հետ կատարվածը: Կարծես վատ ավանդույթ է դարձել, որ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում նման պատմություններ: – Հայաստանի տնտեսական դաշտում այս իշխանությունները իրականացրին սեփականաշնորհում, եւ այդ սեփականաշնորհման արդյունքը դարձավ մոնոպոլ տնտեսությունների ձեւավորումը, որի գլխին կանգնած են իրենք: Նույն բանը իրենք կատարում են քաղաքական դաշտի հետ: Նրանք ավարտել են տնտեսության սեփականաշնորհումը եւ անցել են քաղաքական դաշտին: Եվ թե խոստումներով, թե նախկինից ունեցած ականներով աշխատում են ամբողջությամբ սեփականաշնորհել քաղաքական դաշտը: Իսկ սա դեպի կործանում տանող հստակ ճանապարհ է: Մենք ապրում ենք 21-րդ դարում, դժբախտաբար, իրենց տրամաբանությունը 19-րդ դարի է: – Նորմա՞լ եք համարում, որ իշխանության մեջ գտնվող քաղաքական ուժը շարունակ քննադատում է նույն իշխանությանը եւ հետո էլ ինչ-որ պայմաններից դրդված դառնում է ընդդիմություն: – Յուրաքանչյուր քաղաքական ուժ ձեւավորվել է իր ծրագրի եւ նպատակների, իր գաղափարախոսության շուրջ: Դժբախտաբար, իշխանական ճամբարում գտնվող կուսակցություններում շատ են պատեհապաշտները: Եվ ինչքան ներքեւից վերեւ բարձրանանք, կտեսնենք, որ նման իրավիճակի դեպքում հաջորդի կողքին շատ ավելի քիչ մարդ է մնալու: Հավատացած եղեք` եթե նմանատիպ գործընթաց սկսվի «Հանրապետականի» դեմ, Անդրանիկ Մարգարյանի կողքին շատ ավելի քիչ մարդ կմնա, քան մնացին Արթուր Բաղդասարյանի կողքին: Եթե նման գործընթաց սկսեն Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի դեմ, նրանց կողքին ընդհանրապես մարդ չի մնա: Դժբախտաբար` այդպես է, իշխանությունը իր մեջ է ներքաշում պատեհապաշտներին: Այն մարդիկ, ովքեր դուրս եկան ՕԵԿ-ից, ամենեւին էլ այդ կուսակցության գաղափարախոսության համար չէին մտել ՕԵԿ, այլ` որ տանիք ունենան, իրենց բիզնեսն առաջ տանելու, որոշակի հարկերից խուսափելու, որոշակի սեփականություն ձեռք բերելու հնարավորություն ունենան: Այսօր, երբ այդ տանիքը չկա, երբ այլեւս հնարավոր չէ իշխանական կարկանդակից բաժին ստանալ, դուրս են գալիս եւ գնում են այնտեղ, որտեղ կարող են դրանից օգտվել: Սա պետք է պրոբլեմ լինի նրանց համար, ովքեր կընդունեն այդ մարդկանց, կդարձնեն իրենց խորհրդական կամ մեկ ուրիշ բան: – Կարո՞ղ է նույն Ռոբերտ Քոչարյանը ստեղծված իրավիճակը օգտագործել հօգուտ իրեն՝ միջազգային կառույցներին հայտարարելով, թե քանի որ երկրում նման իրավիճակ է, ինքը չի կարող որեւէ հարց լուծել, կոնկրետություն մտցնել Ղարաբաղի հարցի հետ կապված իր պատասխաններում: – Կիսում եմ տեսակետը, որ այս իրավիճակը ստեղծվեց հենց նման խնդիրներ լուծելու համար: Որովհետեւ, որ դահուկ քշելուց ոտքը ոլորել է, կամ որ երկրում հիմնադրամի նիստ է տեղի ունենալու, կամ դպրոցական աշակերտի պես ասել, թե ժամացույցը փչացել է եւ այլն, այս կարգի պատրվակներն արդեն չեն գործում, եւ մնացել է մի պատրվակ՝ ներքաղաքական իրավիճակին չտնօրինելը: Իսկ սա իր հերթին կարող է կրկնակի վտանգների հանգեցնել: Նաեւ այդ ենթատեքստում եմ տեսնում Ռոբերտ Քոչարյանի՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին չմասնակցելը: Ռոբերտ Քոչարյանն այսօր քաղաքական ետնաբեմում է, եւ արտաքին աշխարհը իրենից պահանջներ ունի, ստանալիք ունի: Ինքն է իրեն դրել այդ վիճակի մեջ, եւ, անկեղծ ասած, մարդկային առումով ես խղճում եմ այդ մարդուն: – Ոմանք մտածում են, որ Արթուր Բաղդասարյանի հետ կատարվածի արդյունքում նախագահական ընտրություններում շահեկան վիճակում հայտնվեց Սերժ Սարգսյանը: Իշխանության մեջ նախագահի երկու հնարավոր թեկնածուներ էին, որոնցից մեկին փորձում են խաղից դուրս թողնել: – Չեմ կարծում, թե դրանից Սերժ Սարգսյանը շահեց, որովհետեւ հասարակական ռեսուրս, հասարակության քվե դա չի բերում Սերժ Սարգսյանին: Իսկ նրան հենց հասարակական ռեսուրսը չի բավականացնում, ռեալ քվեն դա չի ավելացնում: Ադմինիստրատիվ եւ ֆինանսական ռեսուրս Սերժ Սարգսյանն առանց այդ էլ ունի, եթե խնդրին մոտենանք տեսականորեն: Բայց ես համոզված եմ, որ Հայաստանում լինելու են ֆորս-մաժոր պայմաններ, եւ նախագահական ընտրությունները լինելու են արտահերթ ու խորհրդարանական ընտրություններից առաջ: – Արթուր Բաղդասարյանի ընդդիմություն դառնալով ընդդիմության լիդերների տեղը չի՞ նեղանում. գաղտնիք չէ, որ այս դաշտում բազմաթիվ նախագահացուներ կան եւ դրանց ավելանում է եւս մեկը: – Բացարձակապես այդպես չէ: Ընդդիմության դաշտում տեղը շատ-շատ է եւ ցանկացած կուսակցություն, որը լրացնում է ընդդիմադիր դաշտը, առաջին հերթին ապացուցում է մի բան, որ իշխանական դաշտում ամեն ինչ կարգին չէ, եւ այդ դաշտում կա ճգնաժամ: Եվ այդ ճգնաժամը հաղթահարելու համար ինչքան շատ ուժեր դառնան ընդդիմադիր, այնքան ավելի լավ: Բայց մեր երկրում ամեն ինչ գլխիվայր է: Ընդդիմություն թե իշխանություն` որոշվում է ընտրությունների ժամանակ, իսկ մեր երկրում բոլոր ընտրություններում հաղթել է ընդդիմությունը, եւ ապագա ընտրություններում եւս հաղթելու է ընդդիմությունը: Ես ինչո՞ւ չեմ գնում ԱԺ, որովհետեւ այն համարում եմ ոչ լեգիտիմ: Հիմա, եթե մարդիկ որոշակի ժամանակից հետո գտնում են, որ ընտրությունները խախտվել էին եւ ապագա ընտրությունները պետք է արդար լինեն, սա ես դրական եմ համարում: «Հանրապետություն» կուսակցությունը հստակ հայտարարեց, որ այս երկրում խնդրի լուծման միակ ճանապարհը հեղափոխականն է: Արթուր Բաղդասարյանը փորձեց ապացուցել, որ գոյություն ունի խնդրի լուծման էվոլյուցիոն ճանապարհ: Եվ ահա արդյունքը: Կարծում եմ, հիմա ինքն էլ համոզվեց, որ էվոլյուցիոն ճանապարհ գոյություն չունի, եւ միակ ճանապարհը հեղափոխականն է: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել