Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՌՆԵՏՆԵՐԸ»

Մայիս 26,2006 00:00

«ԱՌՆԵՏՆԵՐԸ» ԲՈՒՅՆ ԵՆ ՇԻՆՈՒՄ Ամեն մի շյուղ կպցնելիս, առաջվա բույնն են հիշում Երեկ պաշտոնապես հայտարարվեց ՕԵԿ-ից դուրս եկած 10 պատգամավորների կողմից խորհրդարանական խումբ ստեղծելու մասին: Խումբը կոչվում է «Գործարար»: Խմբի ղեկավարը Գրիգոր Մարգարյանն է (նույն ինքը՝ Բելաջիոյի Գրիշը), քարտուղարը՝ Մեխակ Մխիթարյանը (Արմավիրի նախկին փոխմարզպետը, դատավոր Եվա Դարբինյանի ամուսինը)։ Խմբի կազմում են Սայադ Զախարյանը (Երեւանի քաղաքապետի եղբայրը), Սամվել Շահգալդյանը (Կոտայքի մարզպետի եղբայրը), Էդուարդ Գաբրիելյանը («Երեւան-Ուազ» ընկերության տերը), Արշակ Մխիթարյանը («Բրիլյանտ» Արշակ), Ալեքսան Պետրոսյանը («ՄԱՊ»-ի տերը), Արկադի Համբարձումյանը («Դերժավա» եւ «Սլավ-գրուպ» ընկերությունների տերը), Արտակ Սարգսյանը (ՍԱՍ»-ի տերը): ՕԵԿ-ից դուրս եկած 11-րդ պատգամավորը՝ Մելիք Մանուկյանը անդամակցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ չի ընդգրկվել խմբի կազմում: ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը ԱԺ ամբիոնից երեկ ընթերցեց խմբի կողմից արված հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է. «Ունենալով ընդհանուր պատկերացումներ երկրի զարգացումների վերաբերյալ, մեր երկրի քաղաքական կյանքի, ազատ տնտեսական հարաբերությունների զարգացմանը եւ ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը առավել ակտիվորեն եւ կազմակերպված մասնակցելու նպատակով, մեր հնարավորություններն ավելի արդյունավետ օգտագործելու մղումով ստեղծում ենք «Գործարար» պատգամավորական խումբը»: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ի՞նչն էր ժամանակին խանգարում ՕԵԿ խմբակցության նախկին անդամներին նույն «վեհ» գաղափարներով տոգորված աշխատել իրենց նախկին խմբակցության կազմում՝ քանի որ բոլորն են հիշում, որ լինելով ՕԵԿ խմբակցության կազմում՝ նրանցից ոչ մեկը երբեւէ բերանը չի բացել եւ «ժողովրդավարության արժեքների ամրապնդմանը առավել ակտիվորեն եւ կազմակերպված» չի մասնակցել: Գրիգոր Մարգարյանը պատասխանեց. «Այդպիսի խնդիր դրված չի՝ մենք հնարավորություն չենք ունեցել ՕԵԿ-ում ինչ-որ խնդիրներ լուծելու: Նմանատիպ խնդիրներ, ինչ խնդիրների հետ կապված մենք աշխատել ենք, այդ խնդիրներն էլ շարունակելու ենք լուծել»: Նկատեցինք, որ խորհրդարանում գործարարներից կազմված մեկ խումբ արդեն գործում է՝ «Ժողպատգամավոր» խումբը, ի՞նչն է պատճառը, որ ՕԵԿ-ից դուրս եկածները այդ խմբի կազմում չընդգրկվեցին: Գրիգոր Մարգարյանն ասաց. «Հարցը որ դնում եք, էնքան ես չեմ հավանում՝ ի՞նչն էր պատճառը չմիացաք, ինչի՞ պետք է միանայինք, եթե մենք տասը հոգով իրար հետ երեք տարի եղել ենք մի խմբի մեջ, եւ էդ խմբի էն թեւն է եղել, որ դուք եք նշում՝ գործարար թեւը, մենք միասին դուրս ենք եկել եւ միասին ստեղծել ենք»: Հարցին՝ հնարավո՞ր է, որ ԱԺ փոխխոսնակի պաշտոնը առաջարկվի հենց այս խմբի ղեկավարին, Գրիգոր Մարգարյանը միանշանակ չհերքեց՝ «Ճիշտն ասած, չեն առաջարկել, եթե առաջարկեն՝ կմտածենք»: Նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է բացատրվում խմբի անվանումը՝ «Գործարար», չէ՞ որ գործող Սահմանադրությամբ պատգամավորը իրավունք չունի զբաղվել գործարարությամբ, իսկ այս դեպքում դա հաշվի չառնելով՝ նույնիսկ իրենց խումբն են այդպես կոչում: Արդյոք սա չի՞ հակասում երկրի գլխավոր օրենքին: Գրիգոր Մարգարյանի բացատրությունը սա էր. «Մենք Սահմանադրությանը մարտահրավեր չենք նետել: Եվ խմբի տասը պատգամավորները մինչ ԱԺ գալը գործարարներ են եղել, եւ, հաշվի առնելով բոլոր լրագրողների կարծիքը, որովհետեւ թերթերում այս վերջին քսան օրը գրում են, թե ՕԵԿ խմբակցությունից դուրս եկավ գործարար թեւը, որոշեցինք անունը դնել «Գործարար», հաշվի առնելով նաեւ ձեր կարծիքը: Մի խոսքով, որոշեցինք մի բան էլ ձեր ասելով անել»: Մնում է միայն տարակուսել՝ այս պարագայում դարձյա՞լ լրագրողներն են մեղավոր: Լավ է, գոնե այս մասով լրագրողների ասածները հաշվի առան եւ ոչ թե «առնետների», չէ՞ որ խմբակցությունից հեռացածներին մամուլում նաեւ այդպես էին կոչում: Հիշեցնենք, որ վերջերս ՄԱԿ խմբակցության անդամ Լեւոն Պողոսյանը՝ «Մշակ» ՓԲԸ սեփականատերը, հայտարարեց, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից, քանի որ գործարարությամբ է զբաղվում, իսկ Սահմանադրությունը թույլ չի տալիս այս երկու գործերը համատեղել: Որոշ ժամանակ անց էլ իր այդ որոշումից հրաժարվեց՝ հայտարարելով, որ բաժնետոմսերը տվել է այլ ընկերության տնօրինությանը: Նկատի ունենալով այս հանգամանքը՝ մենք դիմեցինք նաեւ ՄԱԿ խմբակցության քարտուղար Գրիգոր Ղոնջեյանին՝ նոր ստեղծված խմբի եւ նրա անվանման հետ կապված գնահատականներ ստանալու համար: Պարոն Ղոնջեյանը նկատեց. «Մեր գործընկեր պատգամավորները օգտվել են օրենքով իրենց ընձեռված հնարավորությունից եւ ստեղծել են խումբ: Ես համոզված եմ, որ մեր գործընկերները այսպես անվանելով իրենց խումբը՝ ոչ թե ուզեցել են հռչակել, որ իրենք են գործարար, այլ, որ իրենք ԱԺ-ում առաջնահերթ պահելու են, ապահովելու են գործարարների շահերը, փորձելու են օրենսդրական այնպիսի գործունեություն ծավալել, որ գործարար ինստիտուտի շահերը պաշտպանեն եւ ոչ թե առանձին գործարարների: Մենք կհամագործակցենք այս խմբի հետ, իսկ թե այդ համագործակցությունը որքան սերտ կլինի՝ պայմանավորված կլինի հետագա իրադարձություններով»: Թեպետ երեկվանից ԱԺ-ում լուրեր էին տարածվում, որ ԱԺ փոխխոսնակի տեղը առաջարկելու են ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանին եւ նա չի մերժելու, սակայն նույն խմբակցության քարտուղար Գրիգոր Ղոնջեյանը պատասխանելով մեր հարցին՝ չբացառեց, որ այդ տեղը կարող է առաջարկվել նաեւ նորաստեղծ խմբի ղեկավարին: Խոսվում է եւ այն մասին, որ այս խմբին կտրվի նաեւ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել