Լրահոս
Օրվա լրահոսը

Հույներն ընդդեմ հույների

Հունիս 02,2006 00:00

Հայաստանում հունական համայնքներն իրականում յոթն են, բայց փաստաթղթով՝ երեքը:

Օրերս «Առավոտի» խմբագրություն էր եկել Հայաստանում հունական համայնքների միության նախագահ Նիկոլայ Ֆեոֆանովը՝ փաստաթղթերի մի ամբողջ տրցակ ձեռքին՝ ապացուցելու իր անմեղությունը: Բանն այն է, որ նախորդ համարներից մեկում (17.05.06) անդրադարձել էինք հունական 4 համայնքների ղեկավարներից ստացած այն բողոքներին, որտեղ վերջիններս անգործության պատճառաբանությամբ «կարմիր քարտ» էին ցույց տվել իրենց միության նախագահին՝ հավաստիացնելով, որ նա իր պաշտոնավարման 7 տարիների ընթացքում ոչ մի բանով իրենց չի օգնել: Բողոքող 4 համայնքների ներկայացուցիչների դժգոհությունը հարուցել էր այն, որ իրենց միության անունով Հունաստանի կառավարությունը անընդհատ հումանիտար օգնություն է ուղարկել՝ ոչ միայն գումարային տեսքով, այլեւ սննդի, դեղորայքի կարգով, սակայն իրենք ոչ մի չոփի երես չեն տեսել: Մինչդեռ այժմ մեր ձեռքի տակ են նույն բողոքողների ստորագրությամբ բազմաթիվ ստացականներ, որոնք վկայում են այն մասին, որ միությունից նրանք ստացել են հարյուր հազարավոր դրամներ, որոնց ընդհանուր գումարը ամսական կազմում է 1000 դոլարից ավելի: Ըստ Ն. Ֆեոֆանովի, ինքն այդ գումարները նրանց տվել է որպես օգնություն, որովհետեւ Հունաստանի կառավարությունը դրանք ուղարկել է միության անունով, մինչդեռ նշված 4 համայնքները միության անդամ չեն: Ճիշտ է, բողոքողները որպես իրենց հաղթաթուղթ օգտագործում են պարոն Ֆեոֆանովի ստորագրությամբ մի գրություն-նամակ, որտեղ վերջինս հաստատում է, որ միությունը բաղկացած է 7 համայնքից, որի մեջ մտնում է նաեւ այդ 4-ը: Սակայն ըստ Ն. Ֆեոֆանովի, «դե յուրե» այդպես չէ. «Միության կանոնադրության համաձայն, ամեն համայնք պետք է առանձին ժողով անի, որոշում կայացնի, ինձ տա այդ որոշումը, որ դառնա միության անդամ: Նրանք մի քանի անգամ անդամ դառնալու ցանկություն են հայտնել, բայց այդպես էլ ժողովի որոշում չեն բերել, ուստի չեն կարող համարվել միության անդամ»:

Նիկոլայ Ֆեոֆանովի ներկայացմամբ՝ իր դեմ հալածանքները սկսել են այն ժամանակ, երբ իր պաշտոնավարման ժամկետը մոտեցել է ավարտին, եւ միության նախագահի նոր ընտրությունների հարց է առաջացել: Այդ ընտրությունները պետք է լինեին մայիսին, բայց 4 համայնքների ղեկավարները չեն համբերել եւ մինչ այդ արտահերթ նիստ հրավիրել՝ իրենք իրենցով ժամանակից շուտ պաշտոնանկ անելով Ֆեոֆանովին: «Չնայած ես շատ զբաղված եմ եւ մտադիր էլ չէի նորից իմ թեկնածությունը առաջադրել, բայց երբ տեսա՝ էս պաշտոնի համար ինչ են անում, ընտրություններ կազմակերպեցի ու քանի որ այլ թեկնածու չկար՝ վերընտրվեցի, դրա համար չեմ պատրաստվում նախագահի իմ լիազորությունները վայր դնել»:

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել