Լրահոս
Օրվա լրահոսը

43 ՕՐ՝ ՀԱՑԱԴՈՒԼԻ ՄԵՋ

Հունիս 07,2006 00:00

Դատապարտյալը
չգիտի իր երեխայի գտնվելու վայրը «Գորիս», «Կոշ» քրեակատարողական հիմնարկներում
գտնվելուց հետո, դատապարտյալ Սեյրան Ղահիրյանը մայիսի 16-ից գտնվում է Դատապարտյալների
հիվանդանոցում: Նա հացադուլ էր հայտարարել ապրիլի 24-ից, եւ երեկ՝ հացադուլի 43-րդ
օրը մենք հանդիպեցինք դատապարտյալի հետ: 2000թ. նոյեմբերի 1-ի Շենգավիթ համայնքի
առաջին ատյանի դատարանի դատավճռով կնոջը՝ Արուսյակ Վերդյանին սպանելու համար պատմաբան-մանկավարժը
դատապարտվել է 14 տարի ազատազրկման: Ղահիրյանը դիմել է վերաքննիչ, վճռաբեկ դատարաններ,
սակայն նրանք անփոփոխ են թողել դատավճիռը, իսկ եզրափակիչ մասում վճռել, որ 14 տարուց
3-ը նա պետք է անցկացնի նյարդահոգեբույժի հսկողության տակ: Ղահիրյանին հանդիպեցինք
հիվանդասենյակում միայնակ, շրթունքներին առկա էին կարելու հետեւանքով առաջացած վերքերը
(թարախային): Նախապես փորձեցինք ճշտել նրա քաշը, արյան ճնշումը, սակայն բժիշկը հայտնեց,
որ հացադուլավորը շարունակում է հրաժարվել ցանկացած բուժմիջամտությունից: Հիվանդասենյակում
գտնվելու ժամանակ նրան բերվեց սննդամթերք, ինչի դեմ հացադուլավորը բուռն բողոք հայտնեց:
Ղահիրյանն ասաց, որ հավատում է «Առավոտին» եւ իր հացադուլը կապված է իր դատավճիռների
բողոքարկման հետ: Նա ասաց, որ չի սպանել երկրորդ կնոջը՝ Արուսյակ Վերդյանին (առաջին
կնոջից ունի 4 երեխա, մեկը ծառայում է ազգային բանակում): Քիմիական գիտությունների
թեկնածու, համալսարանում աշխատող կնոջ հետ Սեյրանը բնակվել է «Կակաչ» հանրակացարանում:
Նա գտնում է, որ կնոջ հետ իր հարաբերություններին խանգարել է քենին եւ սպանության
օրն էլ, երբ եկել է հանրակացարան, 3-ամյա տղան ասել է, որ մայրը հանդիպել է քրոջ
հետ. «կնոջս ապտակեցի, տնից վռնդեցի, մինչ նյարդերս կհանգստանային»: Որոշ ժամանակ
անց գնացել է նրան տուն բերելու: Կինը աստիճաններից գլորվել է, իսկ երկու օր անց,
երբ վիճակը վատացել է, նրան տարել է «Էրեբունի» հիվանդանոց, որտեղ մահացել է: Ղահիրյանն
ասաց. «Լավ էր ես մահանայի, քան ինքը»: Եվ ասաց, որ մարդասպանը չէր տանի կնոջը հիվանդանոց:
6 տարի եղել է ազատամարտիկ եւ, դատահոգեբուժական եզրակացության համաձայն,
ունեցել է խրոնիկական հոգեկան հիվանդություն: Ս. Ղահիրյանը երեկ բողոքեց թուլությունից
եւ մեջքի շրջանի ցավերից: Ս. Ղահիրյանը դիմել է ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին՝
ոչ միայն դատավճռի օրինականության հետ կապված, նաեւ փոքր տղայի (հանգուցյալ կնոջից
ունեցած) ճակատագրով մտահոգ: Երեկ նա ինձ ասաց, որ իր տղային վաճառել են: Սակայն
արդարադատության նախարարությունից դատապարտյալի անձնական գործի մեջ կար մի տեղեկանք,
որտեղ տեղեկացվում էր, թե դատապարտյալի եղբայրը երեխային հանձնել է Վանաձորի մանկատուն,
հայտնելով, որ նա մայր չունի, հայրությունն էլ չի ճանաչված: Ըստ պաշտոնական վարկածի,
որդեգրման, երեխային այլ ընտանիքի հանձնելու մասին տեղեկատվությունն օրենքով գաղտնի
է: Հեռանալիս Ս. Ղահիրյանը ինձ մեկնեց թերթ, ուր «Կարճատեւ երջանկություն» խորագրի
տակ Սեյրանը գրել էր իր կյանքի պատմությունը. «…Իմ պատմությունը իր ավարտը կունենա,
երբ իմանամ իմ անչափահաս երեխայի ճակատագրի մասին: Երանի թե նա լինի թեկուզ Թուրքիայում,
բայց կենդանի լինի: Արդեն 4 տարի է՝ տեղեկություն չունեմ երեխայիցս, ապրում եմ միայն
հուշերով: Կատարվածը կարող եմ որակել ոճրագործություն իմ ընտանիքի հանդեպ: Իմ կողմից
նշված պատմության մեջ չկա անիրական որեւէ փաստ: Վերջին անգամ երեխայիս տեսել եմ,
երբ ինձ ու 3 տարեկան Արշակիս բերման ենթարկեցին ՆԳ բաժին: Կնոջս քույրը կործանեց
երեք կյանք: Առանց իմ կամքը հարցնելու մանկատան ղեկավարությունը երեխայիս հանձնել
է որդեգրության ու չգիտեմ, թե որտեղ է գտնվում նա»: ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել