Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դատարանում չկրեմ՝ կդիմեմ դատախազություն»

Հունիս 07,2006 00:00

Ասում է Ոսկեվազի
գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը Նա պատերազմ է հայտարարել գյուղի բուժամբուլատորիայի
տնօրեն Կարինե Կիրակոսյանի դեմ եւ 2006-ի մարտին ազատել աշխատանքից: Վերջինս էլ դիմել
է դատարան՝ տնօրենի պաշտոնում վերականգնվելու հայցով: Այդ քաշքշուկից տուժել եւ տուժում
են գյուղի բուժսպասարկման կարիք ունեցող բնակիչները: Ըստ շրջանառու լուրերի, գյուղապետն
ունի երկու նպատակ՝ «Հայբուսակն» ավարտած կնոջ համար ճանապարհ հարթել դեպի տնօրենի
պաշտոն եւ տնօրինել ամբուլատորիային տրված «Նիվա» մակնիշի ծառայողական ավտոմեքենան:
Հ. Հովհաննիսյանը տնօրենին աշխատանքից ազատելու հրամանը ստորագրել է՝ «հիմք
ընդունելով Ոսկեվազի բուժամբուլատորիայի կոլեկտիվի 6 անդամների (որոնց թվում են գյուղապետի
կինը, զոքանչն ու պայմանագիրը պատռելու համար աշխատանքից հեռացված մի ատամնաբույժ)
դիմումները եւ Ոսկեվազի ազգաբնակչության բողոքները»: Նրանք իբր ասել են, որ Կ. Կիրակոսյանը
կաշառք է վերցրել, իսկ մինչ հրամանը գյուղապետը երկու գրավոր նկատողություն է տվել
Կ. Կիրակոսյանին: Մեկը՝ արձակուրդում գտնվելու ժամանակ, մյուսը՝ ընտանեկան բժշկության
վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար եւ ժամանակ: Մինչ գյուղապետին
հանդիպելը, զրուցեցինք ոսկեվազցիների եւ 21 հոգանոց անձնակազմ ունեցող բուժամբուլատորիայի
մի քանի աշխատակիցների հետ: Նրանք, սակայն, գոհ էին Կարինե Կիրակոսյանի մասնագիտական
պատրաստվածությունից, մարդկային վերաբերմունքից: Ասացին, որ գյուղապետը ճիշտ չի վարվել
նրա նկատմամբ, իսկ աշխատակիցներից մեկն էլ ասաց, որ ժամը 9-17-ը աշխատելու փոխարեն,
անընդհատ վիճաբանություններ են լսում, ինչը կազմալուծում է նաեւ հիվանդների հետ տարվող
աշխատանքը: Վերջիններս գալիս են Աշտարակի բուժամբուլատորիայում անվճար հետազոտվելու
ուղեգիր ստանալու՝ չկա: «Շաքարով հիվանդներ ունենք, որ ուղեգիր չլինելու պատճառով
կոմայի մեջ են ընկել եւ մեռնելուց են պրծել»,- ասացին աշխատողները: Գյուղապետ
Հ. Հովհաննիսյանն էլ պնդեց, որ Կ. Կիրակոսյանը անվստահություն է առաջացրել իր եւ
բուժանձնակազմի շրջանում, եւ ինքն ազատել է նրան: Նաեւ ավելացրեց. «Ես լավ եմ տիրապետում
Աշխատանքային օրենսգրքին եւ իրավունք չունեմ տնօրենի պաշտոնում նշանակել իմ կնոջը»:
Իսկ դատական վիճաբանության փուլում իրավունք ունե՞ք տնօրենի նոր նշանակում անել,
գյուղապետը ասաց. «Նոր նշանակումը կատարել եմ եռամսյա փորձաշրջանով»: Միաժամանակ
ընդունեց, որ արձակուրդում գտնվելու ժամանակ իրավունք չուներ նկատողություն տալ,
ասաց, որ կաշառք ստանալու վերաբերյալ փաստեր ունի, բայց ցույց չտվեց: Ի դեպ, հրամանը
ստորագրելուց հետո գյուղապետը թույլ է տվել Կ. Կիրակոսյանին ժամանակավորապես գործարքներ
կատարել կնիքով: Նշանակում է, նա այդ պահին անփոխարինելի՞ է եղել: Գյուղապետը պատասխանեց.
«Ոչ, պատճառը ժողովրդի բուժսպասարկումն ապահովելն ու ֆինանսական գործունեությամբ
զբաղվելն է եղել: Դեղորայք պետք է ստանային»: Նաեւ փորձեց համոզել, որ «ցանկացած
բժշկական կրթությամբ մարդ կարող է տնօրեն լինել»: ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930