Լրահոս
Օրվա լրահոսը

«ՃԱՆԱՉԵՔ ՄԵՐ ՍԱՀՄԱՆԸ»

Հունիս 08,2006 00:00

Հայաստանին
հորդորում է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Մեհմեդ Սեւիգենը՝ ենթադրելով, որ մենք
այն չենք ճանաչում: Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ
Մեհմեդ Սեւիգենը Երեւանում է՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության երկրների հերթական
վեհաժողովին մասնակցելու նպատակով: Ներկայացնելով իր՝ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը՝
պարոն Սեւիգենը ասաց, որ այն ստեղծել է ժամանակակից Թուրքական Հանրապետության հիմնադիր
Մուստաֆա Աթաթուրքը: «Հիմա մեր կուսակցությունը գլխավոր ընդդիմադիր կուսակցություն
է, մինչեւ վերջերս խորհրդարանում ուներ 178 պատգամավոր (Թուրքիայի խորհրդարախորհրդարանը
ունի 550 պատգամավոր- Մ. Ե.), սակայն ոմանք հետո դուրս եկան կուսակցությունից (երեւի
Թուրքիայում եւս առնետավազքը ընդունված գործելաոճ է- Մ. Ե.), հիմա խորհրդարանում
ունենք 158 պատգամավոր: Տա Աստված, հաջորդ ընտրություններում մենք իշխանության գլուխ
լինենք, եւ ես այստեղ կգամ որպես նախարար եւ անպայման կգտնեմ ձեզ»,- խոստացավ թուրք
պատգամավորը: Մինչ դա կլինի, խնդրեցինք մեր զրուցակցին գնահատել հայ-թուրքական
հարաբերությունների այսօրվա վիճակը: Գնահատեց, սակայն «գրավոր» ընթերցելով ինչ-որ
թղթից, հավանաբար նախօրոք պատրաստվել էր հարցազրույցին, քանի որ մինչ այդ խնդրել
էր մոտավորապես նշել հարցերի շրջանակը: Թուրք պատգամավորի պատասխանը սա էր. «Թուրքիան
առաջին պետությունն է, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը: Այդ ժամանակ Հայաստանը
տնտեսական դժվարությունների մեջ էր, եւ Թուրքիան այդ ժամանակահատվածում տնտեսական
եւ մարդասիրական շատ մեծ օգնություն ցուցաբերեց Հայաստանին»: Մեր հարցին՝ իր կարծիքով
ինչո՞ւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, պատասխանեց
այսպես. «Դրա համար հիմքեր կան: Առաջին հերթին, Հայաստանի սահմանադրության մեջ կան
կետեր, որոնք ուղղված են Թուրքիայի տարածքային ամբողջականության դեմ (նման կետ գտնողը
թող առաջինը քարը նետի, ես սա փորձեցի բացատրել մեր թուրք բարեկամին, բայց՝ ապարդյուն,
քանի որ ինքը գրավոր տեքստ էր կարդում եւ գրեթե հրաժարվեց բանավոր խոսքից- Մ. Ե.):
Եվ հետո, Հայաստանը չի ընդունում 1921 թվականի Կարսի պայմանագիրը՝ կնքված Թուրքիայի
եւ ԽՍՀՄ-ի միջեւ, որը հստակեցնում է թուրք-հայկական սահմանները: Երրորդը՝ Հայաստանը,
որպես հավերժական քաղաքական առաջնահերթություն, ձգտում է հասնել, այսպես կոչված,
գենոցիդի ճանաչման միջազգային ասպարեզում: Դա, իհարկե, երբեք չի ընդունվի Թուրքիայի
կողմից, եւ հաջորդը՝ կա ՄԱԿ-ի համապատասխան հռչակագիրը, որը ղարաբաղյան խնդրի հետ
է կապված, որով պահանջվում է Հայաստանից՝ ազատել գրավված տարածքները»: Մենք նկատեցինք,
որ հատկապես այս վերջին պնդումն ամենեւին էլ թուրք պատգամավորի խնդիր չպետք է լինի,
քանի որ ես կարծում եմ՝ հարցազրույց եմ վարում թուրք եւ ոչ թե ադրբեջանցի պատգամավորի
հետ: Իսկ իմ զրուցակցի պատասխանից պարզ է, որ թուրքական կողմն ամեն կերպ ձգտում է
պաշտպանել Ադրբեջանի շահերը մի հարցում, որն ամենեւին էլ Թուրքիային չի վերաբերում:
Իմ այս ճշտմանը ի պատասխան Մեհմեդ Սեւիգենն ասաց, որ իրենց ուզածը միայն մի բան է.
«Որ այս տարածաշրջանում բոլոր ժողովուրդներն ապրեն խաղաղության եւ համագործակցության
մեջ»: Այդ պատճառո՞վ է Թուրքիան արդեն մի քանի տարի շրջափակել Հայաստանը:
Մեր այս ռեպլիկը եւս թուրք պատգամավորը չընդունեց եւ իբրեւ հակառակի ապացույց նշեց.
«Թուրքիան ձգտել եւ ձգտում է Հայաստանի հետ ինտեգրվել միջազգային կառույցներում,
եւ դրա լավագույն օրինակն է Սեւծովյան տնտեսական համագործակցության շրջանակը»: Իմ
դիտարկմանը՝ ստացվում է, որ միջազգային կառույցներում թուրքերն ու հայերը կարող են
նորմալ հաղորդակցվել, իսկ որպես հարեւան նույն Թուրքիան կարող է փակել Հայաստանի
սահմանները եւ երկիրը պահել շրջափակման մեջ՝ գտնվեց հետեւյալ պատասխանը. «Ստամբուլում
աշխատում է հայ դիվանագետ՝ վերը նշված կառույցի շրջանակներում, եւ հենց այս կառույցը
երկխոսության ամենալավ տեղն է»: Փորձեցինք վերադառնալ կոնկրետ հարթություն՝ ե՞րբ
է Թուրքիան պատրաստվում բացել Հայաստանի սահմանը: Պարզվեց՝ թուրքերն ուզում են բացել
սահմանը, բայց Հայաստանը չի ուզում: Այսինքն՝ մե՞նք ենք ուզում, որ մեզ պահեն շրջափակման
մեջ: Պատասխանեց. «Հայաստանը պաշտոնապես չի ճանաչում այդ սահմանը, մյուս կողմից էլ
ասում է, թե սահմանը պետք է բացվի»: Երբ խնդրեցինք պարզաբանել՝ ինչ է նշանակում «չճանաչել
սահմանը», դարձյալ անցավ 1921 թվականի Կարսի պայմանագրին: Փորձեցինք պարզել՝
թուրք պատգամավորը ընդունո՞ւմ է ազգերի ինքնորոշման իրավունքը: Պարզվեց՝ ընդունում
է, բայց միայն բառերով. «Եթե յուրաքանչյուր կողմն անի այն, ինչ պարտավոր է անել,
հարաբերությունները կնորմալանան. Թուրքիան ձգտում է անել հնարավորը, բայց, ցավոք,
Հայաստանը նույն բանը չի անում: Օրինակ, այսպես կոչված, «գենոցիդը»: Չմանրամասնեց,
թե ի՞նչ նկատի ունի, բայց իմ հարցին՝ դուք առաջարկում եք, որ մենք մոռանա՞նք մեր
պատմությունը, ասաց. «Ոչ, դա չեմ առաջարկում, բայց պատմությամբ պետք է զբաղվեն պատմաբանները,
քաղաքական գործիչները չպետք է մեկնաբանեն պատմությունը: Մեր երկրում եւ իշխանությունը,
եւ ընդդիմությունը համաձայն են, որ մենք բացում ենք օսմանյան ժամանակաշրջանի մեր
արխիվները, մենք հրավիրում ենք եվրոպական պատմաբաններին, նաեւ նրանց, ովքեր ընդունում
են, այսպես կոչված, «գենոցիդը», բայց մենք ուզում ենք, որ Հայաստանը եւս բացի իր
արխիվները եւ դրանցով զբաղվեն պատմաբանները. մենք դա անում ենք, իսկ Հայաստանը չի
անում»: Թուրք պատգամավորն առաջարկեց մնալ բարեկամներ, դառնալ բարեկամներ,
բայց միակողմանի պայմանով՝ հայերն այլեւս չեն խոսում ցեղասպանության մասին, Ղարաբաղը
տալիս են Ադրբեջանին, եւ այս պայմանների կատարման դեպքում թուրքերից ավելի հարազատ
բարեկամ Հայաստանը չի ունենում: Որպես վերջաբան նշենք, որ Մեհմեդ Սեւիգենը
ծնունդով Արաբկիրից է եւ երեկ գնացել է Երեւանի Արաբկիր համայնք. «Հանդիպեցի իմ հայրենակիցներին,
մենք շատ ենք սիրում հայերին, ժողովուրդների միջեւ խնդիրներ չկան, քաղաքական գործիչներն
են ամեն ինչ խառնում, խնդիրը թող լուծեն պատմաբանները, եւ այն կվերանա»: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել