Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ «ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՈՒԺԵՐԸ»

Հունիս 10,2006 00:00

Հայաստան երկրի իրավապահ համակարգը՝ ընդհանրության մեջ, եւ հայրենի փառապանծ դատախազությունն էլ՝ մասնավորապես, մի բացառիկ կարողություն ունեն այդ համակարգի հետ երբեւէ փոքրիշատե առնչություն ունեցած ցանկացած մեկի մոտ միանգամից վերացնելու մարդկային կենսագործունեության համար «միանգամայն ավելորդ» այնպիսի երեւույթ, ինչպիսին է զարմանալու կարողությունը։

Բայց երբ ՀՀ գլխավոր դատախազության հատուկ կարեւորագույն գործերով նախկին քննիչ Հակոբ Բաբայանը, որի վարույթում էր գտնվում ՆԳՆ մեկուսարանում եւ զինդատախազությունում իմ խոշտանգումների վերաբերյալ քրեական գործի վարույթը, 2004 թ. նոյեմբերի 10-ին «Հայոց աշխարհ» եւ էլեկտրոնային «Տարեգիր» թերթերին տված հարցազրույցում բառացիորեն հայտարարեց, թե իմ դիմումում շարադրված փաստերը իր վարած քննությամբ հաստատվել են եւ մեղավորներն անպայման կպատժվեն, ես մի պահ իսկապես զարմացա ու նույնիսկ անկեղծորեն վատ զգացի, որ առանձնապես չէի վստահել իրավապահ համակարգի ներսում կատարված ու կատարվող հանցագործությունների շղթան բացահայտելու՝ հանրապետական դատախազության ղեկավարության վճռականությանը։ Քայլ, որը իրականություն դառնալու դեպքում կարող էր սկիզբ դառնալ իրավապահ համակարգի ներքին վիճակի աստիճանական բարելավման ու առողջացման։ Հետո էլ մտածեցի, թե երեւի քննիչ Բաբայանի նման հայտարարությունն ու դատախազության այդօրինակ վճռականության պատճառը, այդուհանդերձ, ամենեւին էլ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված 2001թ. դեկտեմբերի 28-ի իմ դիմումը չէ ու ոչ էլ իմ խոշտանգումների վերաբերյալ դատախազության տրամադրության տակ գտնվող ապացույցների բացառիկ ամբողջական հավաքածուն, եւ ոչ էլ անգամ ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի դիմումը դատախազությանը, որ ուսումնասիրվեն իմ խոշտանգումների վերաբերյալ իմ պնդումները։ Այլ բացառապես խնդրի վերաբերյալ միջազգային իրավապաշտպան կառույցների եւ հատկապես «Միջազգային համաներում» կազմակերպության ուշադրությունն է։ Հիշեցնեմ, որ ինձ անհայտ աղբյուրներից իմանալով ՀՀ գլխավոր դատախազին ուղղված իմ եւ Հարություն Հարությունյանի դիմումների մասին, 2002թ. փետրվարին ՀՀ գլխավոր դատախազին ու ՀՀ նախագահին ուղղված նամակներով «Միջազգային համաներումը» պահանջել էր իրավական ընթացք տալ այդ դիմումներին, ինչի արդյունքում էլ մինչ այդ շուրջ 2 ամիս անուշադրության մատնված այդ դիմումների հիման վրա քրեական գործ հարուցվեց։

Այդուհանդերձ, ինձ համար զարմանալի էր, որ ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննիչ Հակոբ Բաբայանը, ավելի քան 2,5 տարիների քննության արդյունքում, պատասխանելով հարցին, թե «27-ի նախաքննության ընթացքում բռնություններ եղել են, թե ոչ եւ եթե եղել են, ապա ինչ նպատակով», անվանապես անդրադառնալով կոնկրետ իմ եւ Հարություն Հարությունյանի դեպքերին, պատասխանել է. «Այո, միանշանակ կարող եմ ասել, որ «Հոկտեմբերի 27»-ի գործի նախաքննության ընթացքում մեղադրյալների նկատմամբ կիրառվել են բոլոր օրինական եւ ոչ օրինական, թույլատրվող ու չթույլատրվող միջոցները, այդ թվում՝ նաեւ բռնություններ։ «Հոկտեմբերի 27»-ի գործով քննչական խումբը եւ օպերատիվ խումբը ձեռնարկել են բոլոր միջոցները, այդ թվում՝ նաեւ անօրինական, չթույլատրվող:…Կան բավական լուրջ ապացույցներ իմ ասածի վերաբերյալ»։ Իսկ «Բռնություն կատարողները չպե՞տք է ենթարկվեն պատասխանատվության» հարցին էլ պատասխանել է. «Իհարկե։ Ես ասում եմ քննության արդյունքները։ Իսկ որոշումներ դեռեւս չեն կայացվել» (այս եւ նախորդ մեջբերումները՝ ըստ «Հայոց աշխարհ» թերթի 2004թ. նոյեմբերի 10-ի «Բռնություններ կիրառվել են» վերնագրված հրապարակման)։ Ի դեպ, գործը քննող նախկին քննիչը, որին այդ պահին արդեն տեղափոխել էին այլ աշխատանքի, ընդգծել է, որ այդ գործում պատասխանատվության ենթակա կարգազանց անձանց քանակը բավականին մեծ է։

Ու որպեսզի հասկանալի լինի, թե ինչն էր քննիչ Բաբայանի պատասխանների այդօրինակ միանշանակության հիմքում, նշեմ միայն մի քանի դետալ։

1. Դատախազության տրամադրության տակ կան դատարանի որոշմամբ Նուբարաշենի մեկուսարանում իմ պահման ընթացքում կատարված արձանագրություններ, որոնց մասին տեղյակ չի եղել մեկուսարանի անձնակազմը եւ այդ իսկ պատճառով դրանցում արձանագրվել են իմ խոշտանգումների բազմաթիվ դեպքեր: Եվ ես, արդեն 2002-2003թթ. դատախազությունում այդ քրեական գործով որպես տուժող հարցաքննությունների ընթացքում ստիպված եմ եղել անձամբ լսել այդ արձանագրությունների որոշակի հատվածներ եւ ձայներով տարբերակել, թե խոշտանգումներին մասնակցողներից որ ձայնը ում է պատկանում եւ դեռ շնորհակալ եմ գործով քննիչներ Բաբայանից եւ Մարտիկյանից, որոնք հասկանալով իմ հոգեվիճակը, իրենք էին նախապես լսում ձայնագրությունները եւ դրանց մեջ առանձնացնում կոնկրետ հատվածներ, որտեղ ես շատ արագ ուղղակի նշում էի, թե որ ձայնը խոշտանգումներին մասնակից անձանցից ում է պատկանում եւ այդ մասին կազմվում էր համապատասխան արձանագրություն։

2. Մեկուսարանից ազատվելուց հետո ես հետեւողականություն եմ ցուցաբերել եւ իմ իսկ պահանջով 2 անգամ՝ 2000թ. հուլիս-օգոստոսին եւ 2002թ .ապրիլին անցել եմ դատաբժշկական փորձաքննություն դատական բժշկության հանրապետական կենտրոնում եւ 2 անգամն էլ իմ մարմնի վրա արձանագրվել են խոշտանգումների բազմաթիվ հետքեր եւ վնասներ, որոնք արձանագրված չեն եղել ինձ Ազգային անվտանգության նախարարության մեկուսարան (1999թ. նոյեմբերի 19) եւ ՆԳՆ Նուբարաշենի մեկուսարան (1999թ. դեկտեմբերի 3) ընդունելու պահերին կատարված մանրազնին արտաքին քննությունների ընթացքում։ Հետեւաբար, տարրական տրամաբանությունը հուշում է, որ դրանք առաջացել են 1999թ. դեկտեմբերի 3-ին Նուբարաշենի մեկուսարան ընդունվելու պահից առ 2000թ. հուլիսի 17-ին առաջին դատաբժշկական փորձաքննությամբ արձանագրվելու պահն ընկած ժամանակային ինտերվալում։

3. 1999թ. նոյեմբերի 1-ին՝ իմ ձերբակալության օրը, ինձ զինվորական դատախազությունից ռազմական ոստիկանության մեկուսարան են տարել գրեթե անգիտակից վիճակում եւ խոշտանգումների բազմաթիվ հետքերով, որոնք անմիջապես արձանագրվել են տեղում՝ ռազմական ոստիկանության մեկուսարանի բժշկի կողմից եւ, ի պատիվ ռազմական ոստիկանության ղեկավարության, այդ փաստաթուղթը ոչ միայն պահպանվել է, այլեւ տրամադրվել է ՀՀ Ազգային ժողովի Ժամանակավոր հանձնաժողովին եւ ՀՀ գլխավոր դատախազության՝ խոշտանգումների մասով իմ դիմումի հիման վրա հարուցված գործը քննող քննչական խմբին։

4. Խոշտանգումների հարցով քրեական գործի քննության ժամանակ մեկուսարանի ենթասպաներից մեկը իմ ներկայությամբ ցուցմունք է տվել, որ իրենց խստագույն հրահանգված է եղել, որ ինձ թույլ չտան քնել կամ նստել։ Եվ որպես հրաման տվող անձի, նշել էր ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի զարմիկ Մանուկ Միքայելյանին։

Ընթերցողների ուշադրությունը չծանրաբեռնելու, ինչպես նաեւ լրագրային տարածքի սահմանափակության պատճառով նշեմ միայն, որ քրեական գործում Հակոբ Բաբայանի գլխավորած գլխավոր դատախազության քննչական խմբի ձեռք բերած ապացույցները իմ խոշտանգումների վերաբերյալ սրանով չեն սահմանափակվում եւ բազմաթիվ են, որոնք միայն իմ խոշտանգումների մասով միանգամայն բավարար էին առնվազն մի քանի անգամ գործը դատարան ուղարկելու համար։ Բայց քննիչ Հակոբ Բաբայանին Էրեբունու դատախազ նշանակելուց եւ նրա վարույթում գտնվող իմ խոշտանգումների մասով քրեական գործը դատախազության ՀԿԳ քննիչ Ս. Սինանյանին փոխանցելուց հետո տպավորություն կար, թե այդ գործը «քնեցվեց»։ Եվ քանի որ Հ. Բաբայանի 2004թ. նոյեմբերի հարցազրույցից հետո, հույս կար, որ, ի վերջո, դատախազության համակարգում նույնպես մտածող ու գործող մարդիկ կան եւ կարելի է սպասել քրեական գործի վերաբերյալ գոնե մասնակի արդարացի որոշում, ես 2006թ. ապրիլին խնդրեցի ձերբակալությանս շրջանում իմ իրավունքների պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Անժելա Կարապետյանին գրավոր հարցումով դիմել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ ճշտելու համար քրեական գործի ներկա վիճակը։ Եվ ի զարմանս մեզ, փաստաբանի այդ գրավոր հարցմանը որպես պատասխան, ստացվել է դատախազության ՀԿԳ քննիչ Ս. Սինանյանի՝ 2006 թ. ապրիլի 26-ի թվակիր գրությունը. «Ձեր 2006թ. ապրիլի 13-ի թիվ 024 գրությանը հայտնում եմ, որ Նաիրի Բադալյանի եւ մյուսների դիմումների հիման վրա ՀՀ Գլխավոր դատախազի կողմից 2002թ. մարտի 4-ին ՀՀ քրօրի 183 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված 62201102 քրգործի վարույթը 2005թ. հունվարի 21-ին ՀՀ քր դատօրի 31 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով կասեցվել է»։ Որպեսզի հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, նշեմ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը նախատեսում է. «1. Քրեական գործով վարույթը դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցվել, եթե… 5) գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է քրեական գործով հետագա վարույթին»։ Թե ինչ անհաղթահարելի ուժ սկսեց գործել 2004թ. նոյեմբերի 10-ից (երբ գործը նախկինում քննող դատախազության ՀԿԳ քննիչ Հակոբ Բաբայանը հայտարարում էր, որ խոշտանգումների փաստն ապացուցված է եւ մեղավորները պետք է պատժվեն) մինչեւ 2005թ. հունվարի 21-ն ընկած 2 ամսում (երբ Բաբայանին հաջորդած ՀԿԳ քննիչ Սինանյանը որոշեց գործը կասեցնել նման ծիծաղաշարժ հիմքով), դատեք ինքներդ։ Պարզապես մի բան եմ ուզում ավելացնել՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի հոդված 27-ը սահմանում է, որ քրեական գործի հարուցումն ու հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերումն ու բացահայտումը ոչ թե քննիչի հայեցողական իրավունքն է, այլ ուղղակի ծառայողական պարտականությունը՝ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր կոնկրետ դեպքում։ Եվ ապացույցների նման բազայի առկայության դեպքում քրեական գործի կասեցումը՝ նման ծիծաղաշարժ հիմքով, ավելին չէ, քան պարզապես իր համար «անհաղթահարելի» այդ խոչընդոտների ճնշման տակ հանցագործության փաստի պարտակում։

Ավելորդ չեմ համարում նաեւ ուղղակի ասել, որ ինձ, որպես քրեական գործով տուժողի, նույնիսկ հարկ էլ չեն համարել տեղյակ պահել իմ դիմումով հարուցված քրեական գործի կասեցման մասին։ Եվ թող չփորձեն ասել, թե իմ գտնվելու վայրն իրենց հայտնի չէ։ Ես Հայաստանի քաղաքացի եմ եւ ունեմ գրանցման վայր, որի հասցեով քրեական գործի կասեցմանը հաջորդած մեկուկես տարում ՀՀ դատախազությունից ոչ մի ծանուցում չի ուղարկվել՝ տուժողին հայտնելու, որ նրա ապացուցված խոշտանգումներում քննիչ Սինանյանը հանցագործության փաստ չի տեսնում կամ էլ տեսնում է, բայց «անհաղթահարելի ուժերը նրան ժամանակավորապես խոչընդոտում են»։ Դեռ ավելին, որքանով ինձ հայտնի է դարձել, քննիչը մասնավոր զրույցներում նույնիսկ պատճառաբանել է, թե քրեական գործը կասեցվել է, քանի որ իրենց հայտնի չէ իմ՝ տուժողի գտնվելու վայրը։ Ավելի ծիծաղելի պատճառաբանություն, քան դա է՝ դժվար է մտածել անգամ, քանի որ, ի գիտություն գործը կասեցնող ՀԿԳ քննիչ Սինանյանի, նշեմ, որ քրեական գործը հարուցվում է հանցագործության փաստի կապակցությամբ, այլ ոչ թե տուժողի՝ Հայաստանում լինել-չլինելու։ Եթե առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, որ իմ՝ Հայաստանում չապրելու պարագայում իմ հանդեպ կատարված հանցագործությունների հաստատված ու ապացուցված փաստը ենթակա չէ քրեական հետապնդման, ապա այդ կերպ կարելի է հասնել մարազմի, որ սպանությունները դադարեն դիտվել որպես հանցագործություն, քանի որ հանցագործության փաստով տուժած սպանվածները նույնպես այլեւս Հայաստանում հաստատ չեն ապրում։

Իսկ եթե ՀԿԳ քննիչ Ս. Սինանյանի տրամաբանությամբ «գործի վարույթին ժամանակավորապես խոչընդոտող անհաղթահարելի ուժը» ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանն է, որը չի ուզում, որ հանցագործություն կատարած իր հարազատը պատժվի, ապա վերջինիս խորհուրդ կտայի դատախազության համար «անհաղթահարելի կերպով» չխոչընդոտել իր պաշտոնավարման շրջանում իր իսկ ղեկավարած կառույցում իր հարազատի կողմից կատարված հանցագործության պարտակմանը։ Քանզի այդ դեպքում նա արդեն որպես համակարգի ղեկավարի իր ունեցած պատասխանատության մակարդակը բարձրացնում-հասցնում է ընդհուպ հանցագործության համահեղինակի։ Ի վերջո, պետական բյուջեից նրան հանցագործություններ պարտակելու համար չէ, որ աշխատավարձ են տալիս։ Եվ ոչ էլ հայրենի դատախազության համար «խոչընդոտող անհաղթահարելի ուժ» աշխատելու։ Ընդհակառակը, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, նրա աշխատանքի բնույթը կարծես թե անօրինականությունների ու հանցագործությունների դեմ պայքարն է։ Համենայնդեպս, գոնե տարբեր ամբիոններից դրանց մասին է, որ նա սիրում է դեմքին լրջություն հաղորդելու փորձեր անելով ճառել։ Իսկ եթե, այդուհանդերձ, շատ է մտահոգված իր հարազատի ճակատագրով, թող իրեն պարզապես մխիթարի նրանով, որ Միքայելյան Մանուկը, ինչպես իրենք, ոստիկաններն են սիրում կրկնել, «ինչքան շուտ նստի, այնքան շուտ կազատվի»։ Իսկ որ նա «նստելու» է, դրանում գոնե ես չեմ կասկածում։ Ի վերջո, երկրի ոստիկանության պետ ու համատեղության կարգով դատախազության համար «անհաղթահարելի խոչընդոտող ուժ» աշխատող քեռիներ ունենալը խիստ ժամանակավոր երեւույթ է։ Այնքան «ժամանակավոր», որ անգամ քննիչ Սինանյանն է դա արձանագրել։ Նույնիսկ եթե այդ «ժամանակավորը» վերջին տասնամյակի Հայաստանին յուրահատուկ շարունակական թյուրիմացությամբ արդեն 7 տարի է ձգվում։

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին, կարծում եմ, որ նա նույնպես ակնհայտորեն պետք է շահագրգռված լիներ իր գլխավորած զինդատախազության քննիչների կատարած ապօրինությունների գործը քննող քրեական գործի կասեցման հարցում եւ այդ նպատակով, բնավ չեմ բացառում, որ գործի կասեցումը նաեւ նրա ազդեցության արդյունքը լինի։ Սակայն նրա թեմային չեմ անդրադառնա մի պարզ պատճառով։

ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել