Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանների քննությունները կնկարահանվեն

Հունիս 14,2006 00:00

Հարցազրույց ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ Ենոք Ազարյանի հետ:

– Պրն Ազարյան, ի՞նչ ժամանակացույցով է աշխատում որակավորման հանձնաժողովը:

– ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի անդամները ուսումնասիրում են 382 հավակնորդների փաստաթղթերը: Այն հավակնորդները, որոնց փաստաթղթերը կհամապատասխանեն «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, հունիսի 15-ին կծանուցվեն առաջին գրանցման օրվա ամսաթվի վերաբերյալ, իսկ հունիսի 24-ին քննությանը մասնակցելու թույլտվություն ստացած հավակնորդների համար կանցկացվի առաջին գրանցումը, որի ժամանակ հավակնորդները կստանան թեստերի ձեռնարկը, ինքնությունը հաստատող քարտը, քննական տոմսը, որում նշված կլինի քննության օրվա, ժամի եւ վայրի մասին: Օգոստոսի 26-ին կանցկացվի գրավոր քննություն, որին մասնակցած հավակնորդները 2 օրվա ընթացքում կծանուցվեն վերջնական գնահատականների արդյունքների մասին, թեստավորումը հաջող հանձնած հավակնորդների համար տեղի կունենա երկրորդ գրանցումը, կծանուցվեն բանավոր հարցազրույցի մասին, կստանան բանավոր քննության հարցերը (առանց պատասխանների), մինչեւ հոկտեմբերի 1-ը կանցկացվի 2-րդ քննությունը՝ բանավոր հարցազրույցը, որից 1 շաբաթ անց կամփոփվեն եւ կհրապարակվեն վերջնական գնահատականները եւ փոստով կուղարկվի նրանց:

– Քննությունները բարեհաջող հանձնածները ե՞րբ կստանան համապատասխան վկայագրեր:

– Համաձայն ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված քննությունների ընդունման եւ հանձնման կարգի՝ նրանց 10 օրվա ընթացքում հանձնաժողովը կհանձնի վկայագրեր, որոնց ձեւը մշակվում է հանձնաժողովի կողմից:

– Բացի հանձնաժողովի անդամներից եւ հավակնորդներից, այլ անձանց թույլատրվելո՞ւ է մասնակցել քննական գործընթացին:

– Քննական ողջ գործընթացին ներկա են լինելու տեղական եւ միջազգային դիտորդներ, լրագրողներ, քննական գործընթացի թափանցիկությունը ապահովելու համար քննական տարածքում տեղադրվելու են տեսախցիկներ, որոնց միջոցով ամբողջը նկարահանվելու է:

– Ի՞նչ կարգով են ստուգվելու թեստերը:

– Գրավոր քննության թեստերը ստուգվելու են այդ նպատակով ստեղծված համակարգչային ծրագրով, քննական ողջ գործընթացում բացառվելու է սուբյեկտիվ մոտեցումը, ինչը վերաբերում է նաեւ բանավոր հարցազրույցին: Բանավոր հարցազրույցի համար նախատեսված ամեն տոմսում ներառված է լինելու 3 հարց, որից 2-ին պատասխանելու դեպքում համարվելու է, որ հավակնորդը հանձնել է բանավոր քննությունը: Հարցերը լինելու են հստակ՝ այո կամ ոչ պատասխաններով:

– Իսկ հատուկ արտոնագիր ստանալու համար հատուկ ծրագրով քննությո՞ւն է անցկացվելու:

– Նկատի ունենալով, որ Սահմանադրության փոփոխություններով հանվել է հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանի ինստիտուտը եւ օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի Սահմանադրությանը, այդ թվում նաեւ «Փաստաբանության մասին» գործող օրենքում պետք է կատարվեն փոփոխություններ եւ այդ գործընթացը սկսվել է, ապա այդ կարգավիճակը վերափոխելուց եւ հստակեցնելուց հետո միայն կկազմակերպվեն հատուկ ծրագրով քննություններ:

– Պրն Ազարյան, տեղյակ ենք, որ օրերս կտպագրվի Ձեր հեղինակած «Փաստաբանության հիմունքները» ուսումնագործնական ձեռնարկը՝ ընդհանուր եւ հատուկ մասերից, հնարավո՞ր է, որ այդտեղից հարցեր ընդգրկվեն քննական շտեմարանում:

– Գրավոր թեստավորման համար շտեմարանը գրեթե պատրաստ է, իսկ բանավոր հարցազրույցի շտեմարանում, կարծում եմ՝ այո: Այդ ձեռնարկը, կարծում եմ, օգտակար կլինի ոչ միայն քննական գործընթացին, այլ փաստաբանների ուսուցման եւ վերապատրաստման ծրագրերի շրջանակում կազմված թեմատիկ ուսումնական պլանի համաձայն իրականացվող դասախոսություններին, սեմինար, անհատական եւ խմբային պարապմունքներին: Ի վերջո, նպատակը մեկն է՝ ձեւավորել հայ փաստաբանական դպրոց:

Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930